«Ինչու՞ չեն դիմում Ռուսաստանին» մեղադրանքն այլեւս օրակարգում չի
Մեկ ամսից ավելի ռուսական փորձագիտական, լրագրողական դաշտից լսվում էր հետեւյալ հարցադրումը՝ Հայաստանը պաշտոնապես ինչու՞ չի դիմում Ռուսաստանին աջակցություն ստանալու համար, թեեւ Մոսկվայի աջակցությունը հենց նման հարցադրում անողները կապվել ու շարունակում են կապել տարբեր պատճառների հետ, ինչը ենթադրվում էր, որ Արցախում պատերազմի համար դիմելու դեպքում էլ Ռուսաստանից ուղիղ եւ բացահայտ աջակցություն այսպես, թե այնպես չի լինի՝ մի շարք պատճառներով:
Ահա հոկտեմբերի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ հղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծած իրադրությունը եւ առաջացած մարտահրավերները»: ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արեւելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման եւ վերջիններիս ԼՂ-ի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար: «Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը», – ասվում էր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Ի՞նչ է ասվում վերոնշյալ պայմանագրի 2-րդ հոդվածում: Ասվում է հետեւյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման եւ խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձեւերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։
Կարդացեք նաև
Հայաստանի սահմանամերձ գյուղերը գտնվում են թուրք-ադրբեջանական ուղիղ սպառնալիքի տակ, ավելին՝ Հայաստանի գյուղերում կան հրթիռակոծության փաստեր, անօդաչուների կողմից ՀՀ օդային տարածքը խախտելու տեղեկություններ: Այլ հարց է, որ Ռուսաստանը համարում է, որ այս ամենը բավարար չէ. ռազմական գործողությունները պետք է տեղափոխվեն Հայաստան, որից հետո նոր Մոսկվան կունենա անհրաժեշտ հիմքեր Հայաստանին բացահայտ աջակցելու:
Նույն օրը, հոկտեմբեր 31-ին ՌԴ ԱԳՆ-ն պատասխանեց պաշտոնական Փաշինյանի նամակին՝ նշելով, որ Ռուսաստանը, դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում էր. «Մենք վերահաստատում ենք հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում: Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են՝ հստակ գործողություններ ձեռնարկեն, եթե ի հայտ է գալիս ռազմական հարձակման կամ ագրեսիայի վտանգ, որը սպառնում է կողմերից որեւէ մեկի տարածքին»։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 24-ի հետ զրույցում իր հերթին նշել է, որ հայ-ռուսական վերոհիշյալ պայմանագիրը կոնկրետ գործողություններ է ենթադրում, եթե ագրեսիայի սպառնալիք առաջանա երկու պետություններից որեւէ մեկի համար, կամ եթե Հայաստանն ու Ռուսաստանը հարձակման ենթարկվեն. «Այս պարագայում խոսքը ռուսաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հրապարակվել է Հայաստանի դիմումի հետ կապված, այն բոլորը, ինչ կապված է կոնկրետ ձեւաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»:
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն էլ Риа Новости գործակալության հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի նամակին, ասել է. «Խոսքը նաեւ հնարավոր ռազմական օգնության մասին է, որի մասշտաբները կքննարկվեն խորհրդակցությունների ժամանակ: Մենք կարծում ենք, որ վտանգն անմիջապես մեր սահմանների մոտ է, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ մեր տարածքում, այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ կարող ենք մեր միջպետական համաձայնագրերին համապատասխան խորհրդակցություններ անցկացնել՝ անհրաժեշտ օգնության տեսակները, ծավալն ու մյուս դետալները քննարկելու համար»։
Ռուսաստանին դիմելու պահը որոշվել է` ելնելով ռազմական իրավիճակից, այն բանից, ինչ կատարվում է հիմա, լրագրողների հետ ճեպազրույցում նոյեմբերի 2-ին նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ որոշվեց դիմել ՌԴ–ին պատերազմը սկսելուց մեկ ամիս անց։ «Ինչ–որ պահ է եղել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ արդեն իսկ պետք է դիմել Ռուսաստանին։ Երեւի կար իրավիճակ, որն իրենից վտանգ էր ներկայացնում, այդ թվում` Հայաստանի սահմանների համար», նշել է Գրիգորյանը։ Ռուսաստանին դիմելուց առաջ, ըստ Գրիգորյանի, քննարկել են իրավիճակը, եւ զինվորականների վերլուծությունն այդ առումով մեծ նշանակություն է ունեցել։
Իսկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, նկատել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, եւ արագ որոշումներ կկայացվեն։ Նրա փոխանցմամբ՝ «Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրեւ սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել եւ մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան եւ ԱՊՀ պետություններ»:
Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։ Հարությունյանը շեշտել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են եւ քննարկում են անվտանգային հարցերը. «Դուք գիտեք՝ ռուսական զորքն այսօր կանգնած է Ղարաբաղ-Հայաստան սահմանին՝ Տեղ գյուղում, ինչպես նաեւ ուժեղացված է Մեղրիում։ Այնպես որ պայմանագիրն ուժի մեջ է, գործում է։ Մնում է՝ Ռուսաստանի հետ գնահատենք սպառնալիքները եւ որոշենք, թե ինչպես ենք այն կանխում»։
Հիշեցնենք նաեւ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ բաց նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ կոչ անելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Ինչեւէ, զուտ արարողակարգային առումով ունենք պաշտոնական Երեւանի կողմից ՌԴ նախագահին ուղղված նամակ, պաշտոնական Մոսկվայի կողմից պատասխան արձանագրում, որում մեկ անգամ եւս վերահաստատվել են ՌԴ պարտավորությունները:
Բոլորի համար պարզ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պարտերազմն Արցախում՝ տարածաշրջանային եւ գլոբալ բախումների վերածվելու սպառնալիք է պարունակում, դրանից բխող բացասական հետեւանքներով ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Ռուսաստանի համար: Չի կարելի բացառել նաեւ, որ հրապարակավ Ռուսաստանի նախագահին նամակ հղելը կարող է նշանակել, որ պաշտոնական Երեւանի ու Մոսկվայի միջեւ արդեն իսկ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ եղել են:
Նկատենք, որ պաշտոնական Երեւանի ու Մոսկվայի միջեւ նամակների հրապարակայնացումից մեկ օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել էր «Եվրոպայում եւ Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրադարձությունները»: ՌԴ Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել էր «ահաբեկչության բոլոր դրսեւորումները»:
«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ զարգացումները Ղարաբաղում», հայտնեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Խորհրդակցությանը մասնակցել էին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Վլադիմիր Կոլոկոլցեւը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, բնապահպանության եւ տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում կռվող Սիրիայից եւ Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան: «Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի», հոկտեմբերի 30-ի նշեց ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում, կարեւոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը:
Հիշեցնենք մեկ այլ կարեւոր հանգամանք եւս. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլիներ «ամենաօպտիմալ որոշումը»: Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ կրկնել է, որ դա կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը օրեր առաջ հերթական անգամ ընդգծեց. «Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում են հայտնվում բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»:
Առհասարակ, հետաքրքիր է հիմա լսել պաշտոնական Բաքվի տեսակետը: Ինչպե՞ս են դիտարկում Անկարան ու Բաքուն նման հեռանկարները:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ