Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խայտառակեք Ձեզ, տիկին Թրեյսի». «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամները մեղադրում են ԱՄՆ-ին՝ թուրքական ահաբեկչությանը սատարելու համար

Նոյեմբեր 02,2020 14:13

«Դուրս արի», «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Ամոթ», «Մի խայտառակեք ձեզ» եւ համանման այլ պաստառներով, պահանջներով ու բացականչություններով «Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներն այսօր կրկին ցույց անցկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ:

Նախաձեռնության անդամները 10 օր առաջ նամակ էին հանձնել դեսպանին, առ այսօր դեռ որեւէ տեսքով պատասխան չեն ստացել: Արցախցի կանայք, մայրերը եւ երեխաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից պահանջում էին գոնե հարգել կանանց եւ երեխաներին, որոնց ամուսինները, որդիները, եղբայրներն այսօր առաջնագծում կռիվ են տալիս՝ հանուն ապրելու իրենց իրավունքի եւ դուրս գալ դեսպանատնից: «Գոնե տաս րոպե տրամադրեք եւ լսեք այն մղձավանջը, ինչ մենք ապրում ենք արդեն 30 օր»,- ասաց նախաձեռնության անդամ Եվա Սաֆարյանը՝ հարցնելով. «Ո՞վ է տալու այսքան զոհերի պատասխանը, ներկայացեք եւ նայեք մեր աչքերին, չենք հեռանալու, մի խայտառակեք ձեզ, Լին Թրեյսի»:

Սիրանույշ Սարգսյանն էլ հայտարարեց՝ ամերիկյան օրենքները խախտելով է, որ թուրքական կործանիչները մեր տներն են ավերում, մեր մայրերին, քույրերին ու եղբայրներին սպանում, ԱՄՆ-ի հարկատուների՝ շրջանցելով 907 բանաձեւը, Թուրքիային տրված գումարների միջոցով է, որ ռազմական մասնագետներ են պատրաստվում եւ ուղարկվում Արցախ: «ԱՄՆ-ի ոչ միայն լռությամբ, այլ անմիջական մասնակցությամբ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր ագրեսիա են իրականացնում Արցախում, ԱՄՆ-նն է ահաբեկչության հովանավորը»,- ասաց նա:

Սիրանույշ Սարգսյանը նոր է վերադարձել Արցախից. «Հիմա Ստեփանակերտը, Շուշին ավելի վիրավոր են, ավելի ավերված: Ես գնացել եմ նկուղներ եւ տեսել, որ մայրերը, որոնք իրենց որդիներին են սպասում, 10-ից ավելի օր լուր չունեն, նրանք ավելի են կուչ եկել, բայց պահուստից հանում են վերջին կոնֆետը եւ մեզ թեյ են հյուրասիրում՝ հույսի աչքերով, որ ամեն ինչ լավ է լինելու: Բայց ես տեսել եմ նաեւ զինվորների, որ իրենց եղբայրներին են թաղել եւ հաջորդ օրը գնացել կռիվ՝ հավատով, որ ոչնչացնելու ենք այդ ահաբեկիչներին, ոչնչացնելու ենք այդ թշնամիներին: Ես չեմ ակնկալում, որ ԱՄՆ-ը արդեն որեւէ բան անելու է, բայց եթե ահաբեկիչների սերմերը չոչնչացվեն Արցախում, նրանք հասնելու են Վրաստան, ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ: Մենք մեր թշնամում ոչնչացնելու ենք, իսկ այդ պտուղները դուք եք քաղելու եւ ամոթ ձեզ, որ թույլ եք տալիս այս ամենը»,- ասաց Սիրանույշ Սարգսյանը:

Լիաննա Ադամյանն էլ իր ելույթն այսպես սկսեց. «Ես Արմեն Դոլուխանյանն եմ, երեկ եմ զոհվել, երեխաներս որբ են մնացել: Ես Արթուր Բաբայանն եմ, որ մոխրացած մարմինս 20 օր է հողին չեն հանձնում՝ գենետիկ հետազոտության համար, երեք որբ երեխա եմ թողել: Ես Միշա Մարտիրոսյանն եմ 18 տարեկան, գերի եմ, կտտանքների եմ ենթարկվում անմարդկային եւ չգիտեմ կվերադառնա՞մ տուն, թե՞ ոչ: Ես Էրիկ Վարունցն եմ, որ միջազգայնորեն արգելված զենքերից փախչելով, սողոսկելով, հաշմանդամություն ստանալով հասել եմ հայկական դիրքեր: Ես բոլոր զոհված ու վիրավոր հայ քաջերն եմ այսօր եւ կրում եմ այդ ցավը իմ մարմնում, հոգում, պատմության մեջ: Բայց ես եկել եմ ասեմ, որ ապագա զինվորի մայր եմ եւ չեմ հանդուրժելու, որ սերունդները, որ այսօր ստիպված լքել են իրենց բնակավայրերը՝ մազապուրծ Ադրբեջանի եւ լկտի Թուրքիայի սանձազերծած պատերազմը ու ժամանակավորապես ապաստան են գտել այսօր Հայաստանում, չեն լռելու եւ չենք հանդուրժելու, որ դուք կույր ձեւանաք, համր ձեւանաք: Ձեր պատերից ներս մենք աղաղակելու ենք ավելի բարձր:

Ինչո՞վ եք զբաղված մեկ շաբաթ՝ աշխարհի ամենամեծ դեսպանատունն իր տարածքով եւ անգործության մատնված իր աշխատակիցներով»:

Ցույցի մասնակիցները հայտարարում էին, որ Ամերիկան այսօր իր լռությամբ սատարում է ահաբեկիչներին, սատարում է, որ Ֆ-16 կործանիչները եւ ֆոսֆորային ռումբը ոչնչացնեն խաղաղ բնակչությանը: Նրանք ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին եւ Ջո Բայդենին հիշեցրին, որ արցախցին գոյության կռիվ է տալիս իր երկրում եւ տարածքներ չի օկուպացրել. «Բավ է մեզ խաբեք ձեր խոստումներով, ձեր շոուներով, չենք հավատում այլեւս ձեզ»:

Ցույցի մասնակիցները հերթական նամակը հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:

Այժմ նախաձեռնության հեղինակները դեռ դեսպանատան մատույցներում են, մի մասը նստացույց է իրականացնում: Նրանք ռազմահայրենասիրական երգեր են երգում եւ վանկարկում են՝ «Ճա-նա-չում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30