Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը բացատրում է, թե ինչու Փաշինյանը պատերազմը սկսվելուց մեկ ամիս հետո որոշեց դիմել Պուտինին

Նոյեմբեր 02,2020 13:41

«Բյուջեի նախագիծը, մեր կարծիքով, որակյալ, հաշվեկշռված տեսք ունի՝ ինչ եկամուտներ ենք ունենալու, ինչ մարտահրավերներ, ծախսեր ենք ունենալու: Նախագիծը, որը ներկայացվել է, հաշվի է առնում բոլոր հանգամանքները եւ ունի ֆինանսական տրամաբանություն՝ կայուն տնտեսություն եւ կայուն սոցիալական վիճակ ունենալու համար»,- այսօր ԱԺ-ում 2021-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին՝ պատերազմական իրավիճակն ինչպե՞ս ազդեց բյուջեի վրա, ռազմական բյուջեն ավելացնելու համար նախագիծ նույնիսկ բերվեց ԱԺ՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ ռազմական դրությունը որեւէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջեի մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա, եւ մենք, ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Բայց ես կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերներից բխող ռիսկերը կառավարել եւ ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»:

Լրագրողները հարցրեցին վարչապետի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակից, ինչո՞ւ պատերազմը սկսելուց մեկ ամիս հետո նոր միայն որոշվեց նամակ ուղարկել Պուտինին, բացի այդ, ինչո՞ւ նամակում որոշվեց հղում անել 1997-ի պայմանագրի վրա, երբ դրանից հետո ռազմական փոխգործակցության այլ պայմանագրեր էլ են կնքվել՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, 97-ի համաձայնագիրը գիտեմ, բայց մնացած համաձայնագրերը, որոնց մասին դուք խոսում եք, եթե կոնկրետացնեք…Ես կարծում եմ, որ ֆունդամենտալ, բազային համաձայնագիրը հենց 97-ի համաձայնագիրն է, որի վրա հղում է արվել: Իսկ պահը որոշվել է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ է կատարվում ռազմական իրավիճակի հետ կապված: Կարծում եմ, ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ ճիշտ կլինի, որ այս պահին արդեն իսկ դիմեն: Երեւի կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք է, այդ թվում ՀՀ սահմանների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30