Նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին
“Artsakh’s Lives Matters” բողոքի ցույցի մասնակիցներ՝ Արցախի կանանց և երեխաների անունից
Պատերազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես Երևանում ապաստանած Արցախցի կանանց ու մայրերի արդեն 2-րդ դիմում-պահանջը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին (1-ին նամակի պատասխանն այդպես էլ չստացանք)։
Հարգարժան դեսպան Թրեյսի, Մենք՝ Արցախի կանայք, որ գալիս ենք պատերազմական իրադարձությունների էպիկենտրոնից և արդեն երեսունվեց օր շարունակվող բռնության, ագրեսիայի ու պատերազմական հանցագործությունների ականատեսն ենք, խորապես վրդովված ենք ԱՄՆ ղեկավարության իներտ պահվածքից:
Համոզված ենք, որ որպես ողջ աշխարհում մարդու իրավունքներ քարոզող գերտերություն՝ ԱՄՆ-ն ունակ է վճռորոշ քայլերի դիմել հակամարտության հետագա սրացումը կանխելու, ահաբեկչական պատերազմ սանձազերծած ադրբեջանաթուրքական տանդեմին զսպելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Մասնավորապես, ԱՄՆ իշխանություններից պահանջում ենք՝
– ճնշում գործադրել NATO-ի անդամ Թուրքիայի վրա և պահանջել վերջինիս չմիջամտել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը՝ բացահայտ աջակցություն ցուցաբերելով պատերազմը սանձազերծած Ադրբեջանին: Այսօր փաստացի NATO-ի անդամ Թուրքիան սպանում է հայերին։ Արդյոք դա ընդունելի՞ է ԱՄՆ-ի և NATO-ին անդամակցող մյուս երկրների համար
– որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի ու վայրագությունների արձագանք՝ ճանաչել Արցախի անկախությունը՝ Remedial Secession (Remedial Recognition) տեսության շրջանակներում
– որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ հստակ քայլեր ձեռնարկել կողմերի միջև կայուն հրադադար հաստատելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ
– թիրախային կերպով քննադատել Ադրբեջանի վայրագ վարքագիծը՝ ընդգծելով վերջինիս կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմակի ոտնահարումները, խաղաղ բնակչության,կրթական հաստատությունների, հոգևոր-մշակութային հուշարձանների, հիվանդանոցների, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ ոչնչացումը միջազգային նորմերով արգելված զինատեսակներով, այդ թվում ֆոսֆոր պարունակող զանգվածային ոչնչացման զենքով,
– թույլ չտալ, որ Հարավային Կովկասը հայտնվի ահաբեկչության երախում: Այն, որ Արցախի սահմաններում հայկական բանակի դեմ կռվում են վարձկան ահաբեկիչներ Սիրիայից, Պակիստանից և այլ երկրներից, քանիցս այս 37 օրերի ընթացքում ապացուցվել է միջազգային լրատվամիջոցների կողմից, այդ մասին հստակ հայտարարություններ են արել նաև մի շարք երկրներ:
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն՝ որպես ահաբեկչության դեմ պայքարող աշխարհի առաջատար երկրներից մեկը, գործնական քայլեր կձեռնարկի ահաբեկչական խմբավորումների հոսքը դեպի մեր տարածաշրջան դադարեցնելու ուղղությամբ։
Ցույցի նախաձեռնող խումբ:
Ցույցը կմենարկի այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11։00, ԱՄՆ դեսպանատան դիմաց: