Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական «երկար» խաղը կամ ռազմաճակատում՝ առանց փոփոխությունների

Նոյեմբեր 02,2020 08:39

Ռուսական քաղաքական շահը միշտ բազմաշերտ է, բազմակոմպոնենտ, առաջին հայացքից` չերևացող: Ռուսաստանը մի երկիր է, որն ունի պետականության մի քանի հարյուրամյա ավանդույթներ: Որտեղ քաղաքական որոշումների կայացումը հիմնված է անցյալի պատմական հիշողության, ներկայի բարդ ու բազմավեկտոր հարաբերությունների, ապագայի ռազմավարական տեսլականների վրա` առկա իրավիճակի, հնարավորությունների ու սպառնալիքների հաշվառումով, խորը հաշվարկներով ու դիտարկումներով:

Ռուսաստանը պետություն է, որ վերջին երկու տասնամյակում «սովորել է» չլինել իմպուլսիվ և ռեակցիոն, պետություն, որ հասկացել է աշխարհաքաղաքական «մեծ խաղի» անգլո-սաքսոնական նրբությունները: Գիտակցել, որ գերտերություն լինելու համար պետք է կարողանալ խաղալ «երկար»….

Այս խորություններն, անշուշտ, դժվարամատչելի են: Այնուհանդերձ, մեզ ծայրահեղ անհրաժեշտ է ռուսական աշխարհաքաղաքական շահի վերլուծությունն ու սրա շուրջ դիսկուրսը: Ուզենք, թե չուզենք, տարածաշրջանային այս աղետում, օրհասական այս ժամանակահատվածում մենք ակամա դարձել ենք խոշոր տերությունների աշխարհաքաղաքական «մեծ խաղի» գործող անձանցից մեկը: Խաղ, որտեղ վճռվում են ոչ միայն այդ պետությունների տարածաշրջանային կամ անվտանգային խնդիրները, այլև հենց մեր պետության ու ժողովրդի գոյութենական հարցերը..

Սերոբ Անտինյան

Արձանագրենք, սակայն, որ հայաստանյան քաղաքական միտքը (հատկապես մեր հանրային-հասարակական հատվածի) Ռուսաստանի քաղաքական շահին և դրա կենսագործմանը շարունակում է վերաբերվել հատվածական, հուզական-զգայական, և ամենակարևորը` շարունակում այն դիտարկել բացառապես հայկական պրիզմայով….

Սրա վառ ապացույցն են քաղաքական գործընթացների հանրային-հասարակական ընկալումների տասնամյակներ շարունակվող և անվերջանալի դեգերումները «ռուսահպատակության» և «ռուսատյացության» տիրույթներում: Մեր էմոցիոնալ և միակողմանի արձագանքները Ռուսաստանի քաղաքական ղեկավարության, մեդիայի և տարբեր տրամաչափի գործիչների հայտարարություններին մի բան են ասում. դրանք շարունակում են մնալ իրականության մեր պատկերացումների ու ցանկությունների ծիրում` անհաղորդ քաղաքական խորքային գործընթացների իրական ընկալումներին ու իրերի իրական դասավորվածությանը…

Այս երևույթն, անշուշտ, ունի իր պատմական, քաղաքական և մշակութային հիմքերը: Հայ քաղաքական միտքը, սակայն, պիտի կարողանա երեսնամյա անկախ պետականության հրամայականի թելադրանքով թոթափի քաղաքական ինֆանտիլիզմն ու կայանա իբրև հասուն ինստիտուտ:

Մենք պիտի սովորենք տարբերել քաղաքական հայտարարությունները, որոնք ըստ էության քաղաքական և դիվանագիտական հայտարարությունների տիրույթում են, և իրական քաղաքականությունը: Ռուսական (ինչպես և` այլ) քաղաքականության առումով դրանք իրար որպես կանոն, չեն համընկնում, իսկ հաճախ տրամագծորեն հակադիր են: Մենք չմոռանանք, որ ռուսական քաղաքական մշակույթը «ժառանգվել է» նույն սովետական քաղաքական մշակույթից, որտեղ հրապարակային ելույթներն ու հայտարարությունները որևէ աղերս չունեին իրական կյանքի հետ…. Կուսակցական համագումարներում, «Պրավդա» թերթում, հեռուստատեսությամբ Սովետական Միությունը ծաղկում և բարգավաճում էր, իսկ իրական կյանքում` հետևողականորեն քանդվում և քայքայվում….

Եվ ուրեմն, պետք է փորձել հաջողությամբ համադրել այս պատերազմում ռուսական դիվանագիտական «պարիտետը» Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ` Ռուսաստան- Հայաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետ:

Սա որպես ասելիքիս նախաբան: Իսկ բուն ասելիքս վերաբերելու է տարածաշրջանային այս պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի խորքային նպատակներին, և պատերազմի դիտարկմանը առավել լայն` տարածաշրջանային հատույթով:

Այսպիսով, փաստենք, որ Հարավային Կովկասում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ռազմավարական նպատակը Թուրքիայի մուտքն ու ամրացումն է Հարավային Կովկասում` հետագա պանթուրքիստական ծրագրի (բնականաբար` Ռուսաստանի հաշվին) հավանական իրագործմամբ, մարտավարական խնդիրը` Ադրբեջանի վրա ունեցած վերջնական գերիշխանությունը: Հետևապես հակամարտությունը մեծ հաշվով ռուս-թուրքական է, և դրա հիմնական հարցը այն է, թե` ով կտիրանա Ադրբեջանին վերջնականապես:

«Ռուսական» աշխարհի՞կ, թե՞ «թուրքական» իսլամիստական. Ո՞ւմը կլինի Ադրբեջանը

Այն, որ Ադրբեջանն արդեն ավելի քան մեկ տասնամյակ ռազմաքաղաքական և տնտեսական առումով հաստատուն շարժվում էր դեպի Թուրքիան, գաղտնիք չէր: Այն, որ Ռուսաստանը ամեն գնով (տնտեսական կապեր, զենքի վաճառք, ղարաբաղյան «առևտուր») փորձում էր վերադարձնել նախկին սովետական այդ հանրապետությունը իր քաղաքական ազդեցության գոտի, նույնպես հայտնի փաստ է:

Թուրք-ադրբեջանական հուլիսյան լայնամասշտաբ զորավարժություններից ու դրան հաջորդած լայնամասշտաբ պատերազմական ագրեսիայից հետո այդ փորձերը, իսկ ավելի ճիշտ` հույսերը վերջնականապես զրոյացվեցին: Պատերազմի առաջին օրերին պաշտոնանկ արվեց, ապա` քրեական հետապնդման ենթարկվեց Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ով ակնհայտ ռուսամետ գործիչ էր: Պաշտոններից հեռացվեցին Ռուսաստանի հետ այս կամ այն առնչություն ունեցող բոլոր բարձրաստիճան զինվորականներն ու պետական պաշտոն զբաղեցնողները: Բանակն անցավ թուրքական գեներալիտետի անմիջական հրամանատարության ու վերահսկողության ներքո, քաղաքական և դիվանագիտական բոլոր գործընթացները` Թուրքիայի ԱԳՆ ուղղակի համակարգման տիրույթ:

Այսքանով հանդերձ, փաստենք, որ Ռուսաստանը չի հրաժարվել իր այս մտադրությունից, ու թվում է` Ադրբեջանին վերադարձնելու` անհույս «պարտված» այս խաղում շարունակում է իր «երկար» ու բազմավեկտոր քաղաքականությունը: 

Ինչո՞ւ է Ռուսաստանը ամեն գնով փորձում պահպանել Ադրբեջանը իր ազդեցության գոտում

Թվում է` պարզ հարց է, ակնհայտ պատասխանով` Հարավային Կովկասում իր ազդեցության գոտու ընդլայնման համար, իր սահմանների, և առաջին հերթին` Հյուսիսային Կովկասի անվտանգության համար: Սակայն, սա դեռ ամենը չէ: Խնդիրը շատ ավելի խորքային է:

Ամբողջապես թուրքական Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքում ուղղակի սպառնալիք է հետագայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայման առումով: Պակաս վտանգներ չկան նաև կարճաժամկետ հատվածում: Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի առանց վիզայի սահմանային անցման ռեժիմ: Իսկ դա նշանակում է Ադրբեջանից Ռուսաստան ահաբեկիչների, ծայրահեղական իսլամիստների, ինչու չէ` դիվերսիոն խմբերի ներթափանցում Հյուսիսային Կովկասի հանրապետություններ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ադրբեջանից Ռուսաստան մուտքի հնարավորություն են ստանում նաև թուրքական հատուկ ծառայությունների, հետախուզական և այլ խմբավորումների տարրեր, որոնք արդեն կներթափանցեն երկրի խորքը…

Մեկ այլ, ռազմավարական սպառնալիք է Ռուսաստանում ադրբեջանական համայնքի «օգտագործումը» վերը նշված խմբավորումների կողմից` ինչպես ներքին անկարգություններ և անկայունություններ հրահրելու, այնպես էլ միջէթնիկ բախումներ (հայերի հետ հատկապես) սադրելու նպատակով: Նկատի առնելով հայկական և ադրբեջանական համայնքների ծանրակշիռ ներկայությունը այդ երկրում, և ներկա պատերազմի ու հարաբերությունների զգայուն վիճակը, իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի երկարաժամկետ, լուրջ և խորքային ցնցումների… Այս ամենը չի կարող նկատի չառնվել և չմտահոգել ռուսական քաղաքական վերնախավին:

Արդեն խոսեցինք Թուրքիայի բացահայտ պանթուրքիստական մեծ ծրագրի մասին` բնականաբար Ռուսաստանի հաշվին: Ադրբեջանում ամրացումը ուղիղ ճանապարհ է Կասպից ծովից Միջին Ասիա և Հեռավոր Արևելք թյուրքալեզու պետությունների և ազգերի (այդ թվում ` Ռուսաստանում ապրող) միավորման և այդ ծրագրի իրագործման համար:

Եվ Ռուսաստանը հետևողականորեն տանում է` Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու քաղաքական իր «խաղը»: Իսկ ինչպե՞ս…

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադառնա ռուսական ազդեցության տիրույթ

Միայն մի դեպքում, երբ Ադրբեջանից Թուրքիան ինքը հրաժարվի: Դա իհարկե ներկայիս փաստական իրողությունների պարագայում քիչ հավանական է, բայց կարող է տեղի ունենալ բացառապես երկու պարագայում`

ա) երբ Թուրքիան իր «եփած բազմաթիվ ճաշերից» հրաժարվի մեկից, որպեսզի մարսի մյուսները… Ասենք, Սիրիայի հարցում, կամ Հունաստանի հետ միջերկրյածովյան կոնֆլիկտի հարցում համոզվի, որ չի կարողանում միաժամանակ մի քանի ճակատով կռիվ տա, և ընտրի դրանցից կարևորը:

բ) երբ Թուրքիան այդ նույն տրամաբանության մեջ «պայմանավորվի» ռուսների հետ` ասենք, սա` ինձ, սա` քեզ: Օրինակ` ռուսները զիջեն ինչ որ բան Սիրիայում, որը Թուրքիայի իրական կենսական տարածքն է և ստանան փոխարենը Հարավային Կովկասը, որը ռուսների կենսական տարածքն է: Դրանք, սակայն, քիչ հավանական սցենարներ են, նկատի ունենալով Թուրքիայի «միաժամանակ» մի քանի «տախտակների վրա» խաղալու մարտավարությունը և «խաղամոլ» բնույթը:

Ի՞նչ «խաղադրույք» է կատարել Ռուսաստանը

  • Ռուսաստանը մտել է «երկար» խաղի մեջ: Մի կողմից նա անում է ամեն ինչ, որ պատերազմը չէսկալացվի ու չընդլայնվի, չընդգրկի այնպիսի աշխարհագրական տարածքներ, որի պարագայում Ռուսաստանը անմիջականորեն ներքաշվի պատերազմի մեջ: Ռուսաստանը պահպանում է պատերազմը լոկալ` Ղարաբաղ-Ադրբեջան տիրույթում: Այս առումով, նա շատ հստակ և աներկբա գծեց այն «կարմիր գծերը», որոնք Ադրբեջանը (տվյալ դեպքում Թուրքիան) չպետք է անցնեն, իսկ այդ կարմիր գիծը բուն Հայաստանի տարածքի հանդեպ ոտնձգությունն է: Արցախի նախագահի, ապա` Հայաստանի վարչապետի գրավոր դիմումները Ռուսաստանի նախագահին, քաղաքական այդ փաստի արձանագրումն էր` ի լուր բոլորի: Միամտություն կլինի կարծել, որ նման բովանդակությամբ փաստաթղթերի պատրաստման վերաբերյալ որոշումները կայացվում են միակողմանիորեն…
  • Միջազգային քաղաքական և դիվանագիտական ճակատում հանդես գալով պարիտետային հայտարարություններով Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, Ռուսաստանը մի կողմից ի ցույց է դնում իր անկողմնակալությունն ու հաստատում է միջնորդական լեգիտիմությունը` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարծես հանդես գալով արբիտրի դիրքերից: Մյուս կողմից, անընդհատ շահարկելով Ռուսաստանում ապրող հայ և ադրբեջանական մեծ համայնքները, նրանց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքն ու հարգանքը, Ռուսաստանը հատուկ ընդգծում է իր «պատրոնաժը» այս երկու երկրների ժողովուրդների նկատմամբ` հընթացս Ադրբեջանի մոտ վստահության և գործընկերության կայուն կարծիք ձևավորելու նպատակով:
  • Կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, Ռուսաստանը փորձեց «իրավազորությամբ» օժտել Ադրբեջանի ղեկավարությանը այս պատերազմի (գոնե` հրադադարի) հարցում որոշումներ կայացնելու առումով, ի հեճուկս այն փաստական իրողության, որ Ադրբեջանը չունի այդ իրավազորությունը և ինքնիշխանությունը` կայացնելու որոշումներ հրադադար հաստատելու կամ պատերազմը շարունակելու հարցում: Այս հանդիպման ժամանակ Ռուսաստանը ջանքեր չխնայեց այնուհանդերձ ոչինչ չորոշող Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից ստորագրել տալու հրադադարի մի փաստաթուղթ, որով վերստին «կենդանանում է» ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա մանդատը (бумага – вешь важная!, то, что писано пером, не вырубишь топором!):
  • Արդեն ասվեց, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ պատերազմը «լոկալ կառավարելի» պահելու համար, և ինչքան անփոփոխ լինի ռազմաճակատում, այնքան լավ ռուսների համար: Դրա համար ռուսները մեզ համաչափ (!) զինում են: Տարածված կարծիք կա, որ Ադրբեջանը, ըստ Կլաուզեվիցի (հիմա մոդա է), վարում մեր դեմ հյուծող պատերազմ: Իրականում, Ռուսաստանն է հյուծում Թուրքիային…

Իսկ ի՞նչ են անում Ադրբեջանն ու Թուրքիան

  • Ադրբեջանը պարտվում է ժամանակի մեջ: Նրա ռեսուրսները (մարդկային և ռազմական) մաշվում են օրըստօրե: Պատերազմի մեջ ներդնելով իրապես վիթխարի, իր տեսակով ու քանակով աներևակայելի ու նախադեպը չունեցող ռեսուրսներ, Ադրբեջանը չի հասել իր ծրագրած նպատակի մեկ տասներորդ մասին: Ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմը (որտեղի՞ց հայերին այսքան զենք), ռազմական ու մարդկային վիթխարի կորուստները, սեփական երկրում հասունացող պայթյունը, միջազգային ասպարեզում պատերազմական հանցագործի ու ահաբեկչական պետության կայուն համբավը ոչ մի լավ բան չեն խոստանում այդ երկրին քաղաքական և դիվանագիտական ապագայի առումով:
  • Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս պարագայում նույնպես ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին: Թուրքիան ծրագրել էր «բլիցկրիգ», որը ձախողվեց: Թուրքիան այստեղ երկար պատերազմելու ծրագրեր չուներ ի սկզբանե: Ավելին, ներկայումս Թուրքիան միաժամանակ մի քանի ճակատով թաղված է բազմաթիվ խնդիրների մեջ, որոնք իրեն շատ թանկ են արժենում թե քաղաքական, թե ռազմական, թե հատկապես տնտեսական առումներով: Լիրան անընդհատ գահավիժման նոր ռեկորդներ է սահմանում, և այս պարագայում Թուրքիային անհրաժեշտ է արագ ավարտել գործողությունները որևէ ճակատում: Ռուսաստանում սա շատ լավ հասկանում են և ձգում են ժամանակը Թուրքիայի հետ «պայմանավորվելու հարցում»: Ինչքան երկար տևի պատերազմը, այնքան մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի համար «կպայթի» իր որևէ ծրագիր-ավանտյուրա, և ռուսները…. կհավաքեն պտուղները: Սա է պատճառը, որ ռուս-թուրքական «պայմանավորվածությունը» ուշանում է և որ Էրդողանը արդեն երկրորդ անգամ է զանգում Պուտինին:

Հիմա խոսենք մեր դարդերից: Ո՞րն է այս դեպքում մեր շահը. «ռուսական» աշխարհիկ Ադրբեջա՞ն, թե՞ «թուրքական» ծայրահեղ կրոնապետություն

Խոշոր պետությունների շահերի բախման կիզակետում ընթացող մեր գոյաբանական պայքարի ու Հայոց բանակի ամենօրյա սխրագործությունների օրակարգում, որքան էլ ժամանակավրեպ թվա դատողությունը, բայց մեր Հաղթանակից հետո անպայմանորեն գալու է խաղաղությունը: Եվ մենք ստիպված ենք լինելու ապրել մեզ բաժին հասած հարևանների հետ: Եվ մենք այսօր խնդիր ունենք հասկանալու` Ադրբեջանի «ճակատագրի» երկու ծայրահեղ այլընտրանքների միջև մեզ համար առավել շահեկանը:

Մեզ ձեռնտու է «ռուսակա՞ն», աշխարհիկ Ադրբեջան` շատ թե քիչ հասկանալի, կանխատեսելի դրացիական հարաբերություններով, ինչ-որ տեղ սովետական ընդհանուր անցյալով, որոշ մշակութային ընդհանրություններով (Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների հարաբերությունները, ի դեպ, կարող են այստեղ բավականին նպաստավոր դեր խաղալ): Թե՞ մեզ համար հեշտ կլինի առնչվել թուրքական կրոնական մի վիլայեթի հետ, որտեղ այլ քաղաքակրթական ու մշակութային բարքեր են, այլ կենսական նորմեր` իսլամական և ծայրահեղական հենքով…

Մեզ ձեռնտու է որպես հարևան ունենալ շատ թե քիչ ինքնիշխա՞ն պետություն, որին, ինչպես ցանկացած երկրին, երկարաժամկետ հատվածում կայունություն և խաղաղություն է պետք, թե՞ մեզ հեշտ կլինի գործ ունենալ «պրոքսի» պետություն-գործիքի հետ, ում «տիրոջ» հիմնական խնդիրը լինելու է տարածաշրջանի հետևողական և նպատակային ապակայունացումը, այն մշտապես թեժ պահելը, ռազմական թատերաբեմի և ահաբեկչական օջախի վերածելը` իր կայսերապաշտական և ագրեսիվ ծրագրերի համար:

Թուրքական Ադրբեջանը չի լինելու ինքնիշխան, այն շատ արագ վերածվելու է գործիք-պետության, որի հետևանքով տարածաշրջանն ընկղմվելու է երկարատև անկայունության ու քաոսի մեջ: Այն վերածվելու է պերմանենտ ընթացող ռազմական մեծ ու փոքր գործողությունների պոլիգոնի ու ահաբեկչական որջի: Սա կործանարար է մեզ համար: Փաստենք, որ տարածաշրջանի ապագայի հարցում չարյաց փոքրագույնը մեր շահերի համար «ռուսական» Ադրբեջանի գոյությունն է:

Հ.Գ. Այսքանով հանդերձ, կա իրադարձությունների զարգացման ևս մի հնարավոր սցենար: Ադրբեջան պետության վերացումը: Իսկ ավելի ճիշտ` մասնատումը տարբեր ազդեցության գոտիների, ազգային նոր կազմավորումների հնարավոր առաջացմամբ: Այս սցենարի իրագործումը քիչ հավանական է, քանի որ արդեն առնչվելու է աշխարհի այլ գլոբալ խաղացողների ուղղակի տնտեսական ու նավթային շահերին, դրանց անվտանգությանը: Հետևապես, դրա իրագործման հավանականությունը այլ քննարկման ու վերլուծության նյութ է:

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Կառավարման մասնագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30