Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ընկերություններն այս տարի ավելի քիչ հարկ են վճարել, բայց ավելի շատ՝ քան 2017 եւ 2018-ին

Նոյեմբեր 02,2020 14:30

2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 721 մլրդ դրամ, ինչը 9.4%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, սակայն շուրջ 47 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. մակարդակը:

Այս մասին տեղեկացնում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն: Կազմակերպության մասնագետները վերլուծել են 1000 խոշոր հարկատուների կողմից 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը: Խոշոր հարկատուների ցանկը հրապարակվել է օրերս՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

2020 թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է նաեւ 10, 50 եւ 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Այսպես, 2020-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 188 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 2 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2019թ. համեմատ, վճարել են 34 մլրդ դրամով պակաս հարկ: Որոշակի նվազում է արձանագրել նաեւ 1000 խոշորագույն հարկատուների ցանկի վերջնամասում տեղ զբաղեցնող ընկերությունների կողմից վճարված հարկերի մեծությունը: Այսպես, ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 12 մլրդ դրամ` 2019-ի 12,8 մլրդ դրամի փոխարեն: Այնուհանդերձ, 2018 թ. համեմատությամբ 2020-ի առաջին 9 ամիսների հավաքագրումը զգալիորեն բարձր է։

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ-ում գործող 130 ընկերություն վճարել է 1 մլրդ դրամից ավելի հարկեր: 2019-ին այդպիսի ընկերությունների թիվը 7-ով ավելի էր, սակայն 2018-ին եւ 2017-ին՝ անհամեմատ պակաս։
Միեւնույն ժամանակ, 500 մլն դրամով ավելի հարկ վճարած ընկերությունների թիվը 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 257 է կամ նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ 1-ով ավելի։ Ավելորդ չէ ընդգծել, որ այս մակարդակն անհամեմատելի է՝ 2017 եւ 2018 թվականների մակարդակների հետ։

Հետաքրքրական է, որ 2017 թ. առաջին երեք ամիսների արդյունքներով, 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների 167-ը վճարել է 100 մլն դրամից պակաս հարկ: 2018-ին այդպիսի ընկերությունների թիվը արդեն 14 էր, իսկ 2019-ին, նաեւ՝ 2020 թ. ցանկում ընդհանրապես այդպիսի ընկերություն չկար: Ավելին, 2020 թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 115 մլն դրամի հարկ, 2019-ին՝ 119 մլն դրամ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը:

2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով, ՀՀ-ում 192 ընկերության պարագայում շահութահարկի վճարումը գերազանցել է 100 մլն դրամը, մինչդեռ նախորդ տարի այդպիսի ընկերությունների թիվը 33-ով շատ էր: Միեւնույն ժամանակ եկամտային հարկի պարագայում նույն շեմը գերազանցած ընկերությունների թիվը 2019-ի համեմատությամբ չի փոխվել՝ կազմելով 298 միավոր։ Սա նշանակում է, որ ընթացիկ տարում տնտեսական ակտիվության զսպմանը նպաստած ճգնաժամային դրսեւորումները ավելի մեծ ռիսկեր են պարունակում շահութահարկի, քան եկամտային հարկի բազայի կրճատման համար:

Մեկ այլ կարեւոր միտում է 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի տեսակարար կշռի նվազումը: 2020 թ. առաջին 9 ամիսներին 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության շուրջ 36%-ը կազմել են ուղղակի հարկերը, մինչդեռ նախորդ տարի այս ցուցանիշն ավելի էր՝ 39%: Կարելի է արձանագրել, որ ընթացիկ տարվա տնտեսական ճգնաժամի կարեւոր հետեւանքներից է նաեւ ընկերությունների հարկային պարտավորությունների կառուցվածքում ուղղակի հարկատեսակների դերակատարության որոշակի թուլացումը՝ նախորդ երկու տարիներին գրանցված աճի համապատկերում:

2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 48 ընկերություն վճարել է 1 մլրդ դրամը գերազանցող ուղղակի հարկեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 54 էր, իսկ 2017-ին` 45:

2020 թ. առաջին ինը ամիսների արդյունքներով, 94 ընկերության ուղղակի հարկի վճարումները գերազանցել են 500 մլն դրամը: Նախորդ տարի կար 104 այդպիսի հարկատու, իսկ երկու տարի առաջ` 87:

2019 թ. հաշվետու ժամանակահատվածում 100 մլն դրամը գերազանցող չափով ուղղակի հարկեր են վճարել 481 ընկերություններ, 20-ով պակաս, քան 2019-ին։ Սակայն վերստին այս ցուցանիշը 2018-ի համեմատությամբ շարունակում է զգալիորեն բարձր լինել: Այսպիսով, 2020 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 1000 հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում տեղ զբաղեցրած միջին վիճակագրական ընկերության` ՀՀ պետական բյուջե կատարված հարկային վճարումների կազմն ու կառուցվածքը զգալիորեն տարբերվում են նախորդ տարիների պատկերից:

Առաջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2020-ի առաջին 3 եռամսյակներին վճարել է 4,3 մլրդ դրամի հարկ (2019-ին՝ 4,7 մլրդ դրամ, 2018-ին` 4.2 մլրդ դրամ, 2017-ին` 3.6 մլրդ դրամ):

Վերջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2020 թ. առաջին 9 ամիսների արդյունքներով վճարել է 120 մլն դրամի հարկ (2019-ին՝ 128 մլն դրամ, 2018-ին` 104 մլն դրամ, 2017-ին` 84 մլն դրամ):

1000 հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թ. առաջին 9 ամիսների արդյունքներով զգալի ծավալային եւ կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել` նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ վճարված հարկերի ընդհանուր մեծությունը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9,4%-ով, 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել է 434 մլրդ դրամի հարկ, որը 34 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, սակայն 17 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. մակարդակը:

1000 հարկատուների ցանկում ներառված 100 ամենափոքր ընկերությունները 2020-ի 9 ամիսներին վճարել են 12.0 մլրդ դրամ կամ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատությամբ` 0.8 մլրդ դրամով պակաս (2018-ի համեմատությամբ` 1.6 մլրդ դրամով ավելի): 1000 հարկատուների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի աճ է արձանագրվել: Ցանկի ամենախոշոր եւ ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. առաջին 9 ամիսներին կազմել է 163 անգամ, նախորդ տարվա 158 եւ 2018-ի 168 անգամի համեմատությամբ: Ամենախոշոր եւ ամենափոքր 100 ընկերությունների պարագայում նույն հարաբերակցությունը 2020-ին կազմել է 36, փոքր-ինչ ցածր է նախորդ տարվա արդյունքից, եւ զգալիորեն ցածր է 2017 եւ 2018թթ. մակարդակից: 2020թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով ՀՀ-ում գործել է 1 մլրդ դրամից ավելի հարկեր վճարած 130 ընկերություն: Նախորդ տարում այդպիսի ընկերությունների թիվը 137 էր, 2018-ին` 121, 2017-ին` 110: 2020թ. առաջին 9 ամիսներին 500 մլն դրամից ավելի հարկեր վճարած ընկերությունների թիվը 257 է, 2019-ին եղել է 256, 2018-ին` 240, 2017-ին` 201, 2020թ. առաջին 9 ամիսներին 192 ընկերության վճարած շահութահարկի մեծությունը գերազանցել է 100 մլն դրամը: Նախորդ տարվա համեմատ այդպիսի ընկերությունների թիվը պակասել է 33-ով: 2018-ին կար այդպիսի 165 ընկերություն:

1000 հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մի ստվար հատված 2020 թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Այնուհանդերձ, նույնիսկ անկման պայմաններում, դիտարկվող ընկերությունների կատարած հարկային վճարումները էականորեն բարձր են 2017 եւ 2018 թվականների արդյունքներից։

«Առավոտ» օրաթերթ
31.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30