Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը դաժան է, պետք է լինենք համբերատար, լավատես եւ կտեսնենք հաղթանակը»

Նոյեմբեր 02,2020 13:00

Համազգային թատրոնի աշխատակիցների մի մասը կամավորագրվել է, իսկ ովքեր թիկունքում են, ներկայացում են խաղում արցախցի երեխաների համար

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը եւս այս դժվարին օրերին հանդես է եկել մի շարք ներկայացումներով, այցելել փոքրիկ արցախցիներին։ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

«Սեպտեմբերի 20-ին մեզ մոտ պրեմիերիա էր։ Ներկայացման ընթացքում երեխաները մասնակից են լինում, իրենք են ստեղծում հերոսին, շրջագայում, հավաքում աշխարհի փազլը, լսում իրար, սրտիկներ, օդապարիկ բացթողնում… «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»՝ այս ներկայացման պրեմիերան ենք արել։ Երկու անգամ խաղացել էինք եւ երկրորդ անգամ սեպտեմբերի 27-ին էր, երբ պատերազմը սկսվեց։ Քանի որ բացօթյա էինք խաղում թատրոնի բակում՝ համավարակով պայմանավորված, այն շատ հեշտ տեղաշարժվող ներկայացում էր։ Երբ Արցախից երեխաները եկել են, միանգամից ուղղորդել ենք իրենց ներկայացման։ Քանի որ արցախցիները տարբեր տարածքներում են եղել՝ մենք ենք գնացել եւ խաղացել։ Դա եղել է հյուրանոցի հյուրասրահում, սպորտդահլիճում, ռեստորանում, որտեղ երեխաները ճաշում են, խաղացել ենք նաեւ Թեքեյան կենտրոնում, Դիլիջանում: Կորոնավիրուսի ակտիվացման պատճառով ներկայացումները որոշ ժամանակով դադարեցվել են, քանի որ ինտերակտիվ էին, եւ երեխաները շփման մեջ էին լինելու»,-հայտնեց տիկին Գրիգորյանը։

Նաեւ մի հետաքրքիր դեպք պատմեց. «Ներկայացման մեջ մեղվիկը շրջագայում է տարբեր մայրցամաքներով, էնտեղ մի պահ կա, երբ մեղվիկը Աֆրիկայից գնում է հարավային Ամերիկա։ Երբ արդեն պետք է Աֆրիկայից գնա Հարավային Ամերիկա՝ դերասանուհին հուշում է՝ այդ որտե՞ղ է, որ շատ-շատ գեղեցիկ է, շատ ծաղիկներ ու բույսեր կան ու երեխաներից մեկն ասաց՝ Մատաղիսը։ Այդ պահից հասկանում ես, որ այդ երեխաներին ուր էլ տանես, ինչ էլ անես, միեւնույն է՝ «իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա», մեկ է, ամենագեղեցիկը մեր Մատաղիսն է, մեր Արցախը, մեր լեռները»։

Համազգայինը ներկայումս երկրորդ մանկական ներկայացումն է ցանկանում պատրաստել, որը հարմար կլինի նաեւ տեղափոխության համար, քանի որ հաճախ դժվար է լինում երեխաներին բերել թատրոն։ «Քանի որ ես շատ մտերիմ եմ Արցախի թատրոնի դերասանների հետ եւ հիմա էստեղ են Շուշիից ու Ստեփանակերտից դերասանուհիներ, ռեժիսորներ՝ խոսել ենք եւ մտածում եմ համատեղ նախագիծ իրականացնելու մասին՝ մեր թատրոնի հետ։ Օրինակ, ես բեմադրություն անեմ իրենց հետ՝ իրենք էստեղ՝ մեզ մոտ խաղան, իսկ հետո, երբ խաղաղվի՝ Ստեփանակերտում պրեմիերա անենք։ Գուցե մեր դերասանների եւ իրենց հետ համատեղ պրոյեկտ անենք։ Դեռ պիեսներն եմ ընտրում, պատրաստման փուլում է եւ բնական է, որ հիմնականում դերասանուհիներ են ընդգրկված»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նաեւ հավելեց, որ պետք է ամուր լինել եւ զսպել բոլոր հույզերը. «Վստահ եմ, որ մի նոր որակի ենք գալու, հասկանում եմ, որ մեծ եւ թանկ զոհողության շնորհիվ է տեղի ունենում, որպեսզի դրանից հետո մենք շատ արժանապատիվ ապրենք, բարձր լինի մեր նշաձողը։ Հաղթանակից հետո պետք է ամեն օր հիշենք, թե որքան թանկ է այն տրվել։ Հենց ուզում ենք սխալ քայլ անել՝ հիշենք դա, ավելի ուժեղ պետություն դառնանք եւ բոլոր օղակներով հարյուր տոկոսանոց աշխատենք։ Մենք միշտ ձգտել ենք ավելի լավ պետություն ստեղծելուն, չենք մտածել պատերազմելու մասին եւ այնքան ուրախ եմ, որ չենք համեմատվել ադրբեջանցիների կամ թուրքերի հետ։ Ոչ մի կերպ չեմ ցանկանում իրենց հետ մի կետում հայտնվել, նույնիսկ թշնամի կոչել մի քաղաքակրթության՝ որը բացարձակ իմը չէ, որի հետ ընդհանրապես չեմ համեմատվում։ Մեր քաղաքակրթությունները շատ են տարբերվում»։

Հարցին՝ կարողանո՞ւմ են թեկուզ որոշ ժամանակով երեխաները կտրվել իրականությունից, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Հիշում եմ, որ առաջին օրը գնացել էինք, շատ վախվորած էին բալիկները, ծնողներն էլ երեխաների հետ փակված էին, տխուր, բայց կամաց-կամաց բացվեցին: Փուչիկներ էինք բերել՝ կարծում էի, որ պայթյունի ձայնից կվախենան, բայց հակառակը՝ շատ-շատ էին ուրախացել։ Հոգեբանական առումով իրենք լսում են պայթյունն ու մտածում՝ արկ է, իսկ ներկայացման մեջ պայթում է ու իրենք հասկանում են, որ փուչիկ է, ուրախություն է»։

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցմանը, որի աշխատանքների մի հասը հանձն է առել ԿԳՄՍ նախարարությունը։ Ներկա դրությամբ էլ արտաքինից շենքն անչափ գեղեցիկ տեսք ունի։ Եվ ինչպես ասաց մեր զրուցակիցը՝ այն, որ պատերազմ է երկրում, բայց շարունակվում է կառուցվել թատրոնի շենք, նշանակում է՝ կանգ չենք առնելու, արարելու ենք, ու ներկայացում խաղանք հաղթանակած Համազգային թատրոնում։

«Մեր «Մեղվիկի» դերասանուհիներից մեկը՝ Արմինե Անդրեասյանը կամավորագրվել է եւ շատ հնարավոր է՝ շուտով մեկնի սահման, քանի որ ասել են պատրաստ լինի։ Նա հենց առաջին օրերից կամավորագրվել էր՝ որպես բուժքույր։ Մեր տնօրեն Արման Նավասարդյանն էլ սահմանում է, դերասաններից Վարշամ Գեւորգյանը, Հարություն Սարգսյանը, բեմի մեքենավար Տիգրան Կարապետյանը եւ այլք նույնպես մեկնել են։ Վստահ եմ, որ հաղթելու ենք եւ որ այսօր պատմության լուսավոր էջերն ենք գրում, իհարկե, շատ թանկ գնով, բայց հետո պետք է ամեն օր հիշենք այս մասին եւ ավելի արժանապատիվ ու գնահատանքով, նպատակային ապրենք։ Իսկ այս պահին մեզանից պահանջվում է, ովքեր առաջնագծում չեն՝ պինդ եւ միասնական լինել, փոքր-ինչ էլ սառնասիրտ։ Պատերազմը դաժան է եւ սառնասրտություն է պահանջում, պետք է լինենք համբերատար, լավատես եւ տեսնել հաղթանակը»,-զրույցի վերջում ասաց Նարինե Գրիգորյանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30