Նամակ Ճապոնիայից
Արդեն տեւական ժամանակ է՝ Ճապոնիայում ունենք ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանին։ Մի մեծ ընծա՝ բաժին հասած մեզ Քոչարյան նախագահի պաշտոնավարման տարիներից։ Նա պետք է մի ողջ երկիր ներկայացնի, բայց տարիներ շարունակ պառակտում է մտցրել Ճապոնիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ։ Մարդ, որը միայն իր բիզնեսներով է զբաղված, ՀՀ բանակում ծառայությունից խուսափած իր որդուն ամեն տեղ առաջ հրելով, մարդ, որը Հայաստանի համար այս ծանր օրերին, երբ ամեն վայրկյան զոհ ենք ունենում սահմանին, կազմակերպում է խնջույք Տոկիոյի ՀՀ դեսպանությունում եւ նկարներն ազատ շրջանառում համացանցում։
Տարիներ շարունակ բազմաթիվ բողոքներ են եղել, հոդվածներ են տպագրվել, բայց անգամ հեղափոխությունից հետո սայլը տեղից չի շարժվել։
Լավ, որքա՞ն կարելի է դիմանալ։ Որքա՞ն կարելի է տանել այս ծանր բեռը։ Այս պատերազմական օրերին, երբ ամենուր հայ համայնքները համախմբվում, տարբեր ակցիաներ են կազմակերպում իրենց բնակության երկրներում, դեսպան Պողոսյանը ոչ մի անգամ հանդես չի եկել կոչով, հայ համայնքին չի դիմել որեւէ հանձնարարականով, բացարձակապես կապ չկա մեր եւ դեսպանության միջեւ։ Իրարից կտրված բեւեռներ՝ այս հեռավոր Ճապոնիայում։
Հույս ունեմ, որ իմ այս նամակը կլուսաբանվի եւ ազդակ կլինի իշխանությունների եւ ՀՀ ԱԳՆ-ի համար։ Կից փոխանցում եմ այն նկարը, որը դարձավ իմ հերթական պոռթկման առիթը։ Այն տեղադրվել է հոկտեմբերի 28-ին։ Հայկական տոլմա, սմբուկով աղցան, ընկույզով լոբի ու գինի այն օրը, երբ ռմբակոծվեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը, Շուշի քաղաքի միջնակարգ դպրոցը։ Սթափվե՛ք:
Դ. ԱԲԳԱՐՅԱՆ
Ճապոնիա
«Առավոտ» օրաթերթ
31.10.2020