Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործողությունները քաղաքական բնույթ ունեն՝ ուղղորդված Թուրքիայի կողմից, եւ խնդիրը տեղափոխելը կրոնական հարթություն, մեծ սխալ է»

Նոյեմբեր 02,2020 15:00

Հրանուշ Խառատյանը՝ հայերի դեմ հարձակումների մասին

Վերջին օրերին աշխարհին տարբեր երկրներում թուրքական եւ ադրբեջանական տարբեր խմբերի կողմից հարձակումներ են իրականացվում հայերի նկատմամբ: Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա, Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ցույցի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով եւ մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ, Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է, 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին եւ այլն:

«Առավոտը» ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ սրանք քաղաքակա՞ն, թե՞ կրոնական դրդապատճառներով կատարվող հարձակումներ են: Նա պատասխանեց. «Նույնիսկ կրոնականը քաղաքական է: Այնպես չէ, որ կրոնը մի առանձին գործոն է: Այդ կրոնական կոնֆլիկտները, բախումները նույնպես ուղղորդված են որոշակի քաղաքական կենտրոններից եւ դրանք կարող են թե՛ լինել երկրներ, թե՛ միավորումներ, թե՛ ահաբեկչական խմբեր: Այնպես որ, որ բառն էլ գործածենք, կամ որ դիտանկյունից էլ նայենք, դրանք սկզբունքորեն քաղաքական որոշ գործընթացների ուղեկցողներ, նախապատրաստողներ կամ ընթացք են»:

Հրանուշ Խառատյանը հակված չէ այս դեպքում դիտարկել մասնավոր իսլամական մի միավոր կենտրոն: Նա պարզաբանեց. «Իսլամական կենտրոնների մեջ էլ կան հակասություններ, իսլամական ժողովուրդների ու երկրների մեջ էլ կան տարբերություններ նույնիսկ արցախյան հարցի շուրջ դիրքորոշումներում, այդ թվում այսօր արցախյան հարցում ռազմական մեծ ներգրավվածություն ունեցող, եթե ոչ գլխավոր ներգավվածություն ունեցող Թուրքիայի հանդեպ: Իսլամական են թե՛ շիաները, թե՛ սուննիները եւ նրանց մեջ էլ կա մեծ առճակատում: Երկուսի մեջ էլ կան ահաբեկչական խմբեր: Այսինքն՝ Եվրոպայում այս կամ այն կոնկրետ դեպքը այս պահին ընդհանուր որեւէ մի տեսական հարթությունում հայտնի կամ գործնականում առկա քաղաքական, կրոնական կազմավորումների հետ այդ բառերը գործածելն ուղղակիորեն կամ ոչինչ չի ասում, կամ խնդիրը տեղափոխում է մաքուր կրոնական հարթություն, որն, իմ կարծիքով, մեծ սխալ է»:

Ըստ նրա՝ դա մեր եւ իսլամական մի շարք երկրների հետ հարաբերությունների համատեքստում էլ լրացուցիչ ճգնաժամ կամ լարվածություն է առաջացնում: Հրանուշ Խառատյանը վստահ է՝ այն, ինչ այսօր Եվրոպայում տեղի է ունենում կոնկրետ հայերի դեմ, դրանք բացարձակ ուղղորդված են թուրք հանրույթի կողմից, եթե ոչ Թուրքիայի կողմից: Այս առիթով ազգագրագետն ասաց. «Նույնիսկ Ադրբեջանն այս պահին չունի այդպիսի մեծ հնարավորություն Եվրոպայում որոշ կենտրոնների ուղղորդելու: Սա մաքուր թուրքական ուղղորդում է: Թուրքական ուղղորդումն էլ սկզբունքորեն այս պահին հայերի դեմ լինելով Եվրոպայում՝ միշտ չէ, որ միայն հայերի դեմ է լինում: Նույն Եվրոպայում կարող են թուրքական ուղղորդումները նաեւ որեւէ իսլամական խմբերի դեմ լինել, այդ թվում նաեւ քրդերի դեմ, որոնք նույն սուննի իսլամի ներկայացուցիչ են»:

Հրանուշ Խառատյանը վստահ է՝ այս գործողությունները քաղաքական բնույթ ունեն եւ ուղղորդված են բացարձակապես Թուրքիայի կողմից հայերին վախեցնելու եւ միեւնույն ժամանակ Եվրոպային ցույց տալու, որ Թուրքիայի ներկայություն այնպիսին է, ինչպես Էրդողանը ժամանակին նկարագրում էր, որ յուրաքանչյուր թուրք Եվրոպայում Թուրքիայի մի զինվոր է Եվրոպայում թուրքական շահերի համար: Այս ամենը սրա դրսեւորումն է:

Հարցին՝ սրա դեմն ինչպե՞ս պետք է առնել, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Մենք` հայե՞րս պիտի սրա դեմն առնենք: Դրա դեմը պետք է առնեն այն երկրները, որտեղ դրանք տեղի են ունենում: Նախեւառաջ հենց իրենց երկրներում պիտի հստակեցնեն՝ Թուրքիայի ներկայությունն ինչ է փոխել: Օրինակ՝ վաթսունական թվականներից Գերմանիայում մեծ ծավալով հաստատված այսպես կոչված հետապնդվող թուրքերը կամ սոցիալիստ թուրքերը, որոնց այսօրվա սերունդը փոխվել է թե՛ աշխարհայացքային, թե՛ գաղափարական, թե՛ քաղաքական իր դիրքորոշումներում եւ դարձել է թուրքական զինանոցի մի մասը Եվրոպայում: Այդ երկրները պետք է իրենք այդ խնդիրների նկատմամբ դիրքորոշում հայտնեն: Եթե դեռ դանդաղում են հասկանալ, ուրեմն կարծում եմ խնդիրը նախ իրենց մեջ է»:

Մեր փաստմանը՝ մեր հայրենակիցների անվտանգության հարցն է, Հրանուշ Խառատյանն այսպես արձագանքեց. «Բնականաբար, մեր հայրենակիցները եւ մեր հայրենիքը հիմա ընդհանրապես անվտանգության խնդրի ծիրից վաղուց դուրս է եկել: Մեր ժողովրդի դեմ է այս պատերազմը, դրանք միայն ՀՀ ներկայացուցիչները չեն, դրանք հայ ժողովրդի ներկայացուցիչներն են, որտեղ էլ լինեն: Սա արդեն հարյուրամյա եւ նախեւառաջ հայկական ատելությունը քաղաքական գործիք դարձրած այս երկու երկրների քաղաքական դրսեւորումն է եւ նաեւ ուղղակի ու ըստ իրավիճակի, հաճախ նաեւ ուղղակի հրահանգավորված գործողություններ են»:

Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ քիչ թե շատ դեռեւս սթափ հանրային միտքը, եւ ոչ միայն հայկական, պետք է դրան արձագանքի: Եվ իհարկե, նախեւառաջ, այդ երկրներն՝ իրենք: Ազգագրագետը բերեց Ֆրանսիայի օրինակը, որը արագ արձագանքեց եւ վստահեցրեց՝ այս գործընթացներն ազդում են նաեւ եվրոպական երկրների քաղաքականությունների վերանայման վրա: Խոսելով Գերմանիայի պասիվության մասին՝ Հրանուշ Խառատյանը մատնանշեց միգրանտների հանգամանքը եւ մանրամասնեց. «Կոպիտ կասեմ, Գերմանիան պասիվ է, քանի որ Թուրքիային եւ թուրքերին ծախեց ԵՄ՝ իր պարտավորությունները միգրանտների հարցում եւ գումար է տալիս Թուրքիային, որ իր իսկ առաջացրած միգրանտներին Թուրքիայի տարածքում պահեն անկախ նրանից, թե այդ միգրանտների հետ ինչպես են վերաբերվում: Արդեն Գերմանիան կախված է Թուրքիայից այս իմաստով, բայց մյուս կողմից էլ նույն Գերմանիան դրանով դավաճանում է այն սկզբունքներին, որոնց առաջատարն իրեն են համարում»:

Հրանուշ Խառատյանը հայտարարեց՝ սա զուտ համահայկական կամ միայն հայկական խնդիր չէ եւ նկատեց՝ վերջին հաշվով դրանք իրավիճակային են ու ամփոփեց. «Հիմա թուրքերը հայերի դեմ են, երեկ թուրքերը եւ այսօր էլ սիրիացիների դեմ են, թուրքերը միշտ քրդերի դեմ են, եւ սրանք բոլորը Եվրոպայում դրեւորվում են նաեւ թուրքերի ներկայությամբ, այդ երկրների ներկայացուցիչների դեմ տարբեր գործողությունների միջոցով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30