Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել». Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 01,2020 23:10

«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության եւ Թուրքիայի մասնակցության մասին, թե թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության եւ քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու եւ հակառակը ինչ նշանակություն ունեն։ Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին, եւ այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. «Դեռ 2020թ․ ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ արդյունքներ դրսեւորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կառավարումը եւ այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական  ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները եւ  տեխնիկական նորարարական բաղադրիչը ավելի շատ ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ․ դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է ու հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է, որը հիմնականում ամառվա խայտառակությունից հետո սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ»:

Արծրուն Հովհաննիսյանը շարունակեց. «Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ եւս այդ տեխնիկական առավելությունը շատ երկար չի տևելու: Այս ուղղությամբ եւս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։ Եվ մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30