Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը

Նոյեմբեր 01,2020 22:24

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ու Ֆրանսիայի մարմնի ղեկավար Նադիա Գործունյանի։

Հանդիպման սկզբում տիկին Նադիա Գործունյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակությունը, որի կազմում էին շուրջ երեք տասնյակ հայ և օտարազգի անդամներ եվրոպական 15 երկրներից և Ռուսաստանից` ներառյալ լրագրողներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստան այցելության նպատակը։

Ողջունելով հայ եւ օտարազգի հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեհափառ Հայրապետը երախտագետ սրտով իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ժամանել են Հայաստան իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին, նաև իրենց երկրների ուշադրությանը հանձնելու արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության համար մղվող պայքարը։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ կողմից իրականացվող հերթական հայրենանվեր ձեռնարկի առիթով՝ դժվարին այս օրերին կարևորելով համազգային համախմբվածությունը և բոլոր այն քայլերը, որ ուղղված են աշխարհում բարձրացնելու իրազեկվածության աստիճանը հանուն արդարության և Արցախի ինքնորոշման մղվող պայքարի վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ներկաներն առաքելություն ունեն միջազգային հանրությանը ճշմարիտ լույսի ներքո ներկայացնելու այն մարտահրավերները, որոնց միջով այսօր անցնում է արցախահայությունը ազատ ու անկախ ապրելու կամարտահայտության պատճառով, այն ավերը, ցավն ու տառապանքը, որ պատճառվում են ցեղասպան Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի զինված ուժերի և վարձկան ահաբեկիչ գրոհայինների կողմից՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, բժշկական, մշակութային և կրոնական հաստատություններն ու կառույցները։

Նորին Սրբությունը վերահաստատեց, որ հայ ժողովրդի այս պայքարը արժանապատվության ու գոյության պահպանման պայքար է։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Արցախի ժողովրդի ազատ կյանքի իրավունքը պաշտպանելու միակ ճանապարհը Արցախի միջազգային ճանաչումն է։ Այս առումով Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ներդրվող ջանքերը՝ ռազմական գործողությունների կասեցման և հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծման համար։ Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ անցնող շաբաթներին սփյուռքի տարբեր համայնքներում կազմակերպված զորակցության միջոցառումներին՝ վերստին ընդգծելով կենաց-մահու այս մարտում աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը Նորին Սրբությանը փոխանցեց Փարիզի քաղաքապետի և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի զորակցությունը, ինչը Վեհափառ Հայրապետի կողմից ընդունվեց երախտագիտությամբ և փոխադարձ բարեմաղթանքներով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին այս ժամանակահատվածում Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկված քայլերին, մասնավորաբար վիրավոր զինվորականների, զոհված զինվորականների ընտանիքների հոգեխնամությանը, առաջնագծում գնդերեցների ծառայությանը, տեղահանված արցախցիներին ապաստանների ապահովմանը և Արցախին ցուցաբերվող աջակցությանը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30