Այս կիրակի՝ նոյեմբերի 1-ին Հրեշտակ Տեառն աղոթքն ասելուց առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձյալ անդրադարձավ արցախյան պատերազմին: Նա ասաց հետևյալը.
«Չմոռանա՛նք այն, ինչ պատահում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ իրար են հաջորդում զինված բախումները՝ դյուրաբեկ հրադադարներով, զոհերի թվի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթավայրերի կործանմամբ և քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի զանգվածային ներգրավմամբ: Սա ողբերգություն է: Ուզում եմ վերստին ի սրտե դիմել հակամարտության պատասխանատու կողմերին, որպեսզի հնարավորինս շուտ միջամտեն՝ կանխելու անմեղ արյան հեղումը:
Թող նրանք չմտածեն բռնության միջոցով հակամարտությունը լուծելու մասին, այլ նվիրվեն անկեղծ բանակցությունների՝ միջազգային հանրության աջակցությամբ: Ես հայտնում եմ իմ մտերմությունը բոլոր տառապյալներին և խնդրում եմ բոլորին դիմել սրբերի բարեխոսությանը՝ այդ տարածաշրջանում կայուն խաղաղության համար աղոթքով»,- ասել է Նորին Սրբությունը:
Հիշեցնեմ, որ արցախյան պատերազմի ընթացքում սա Նորին Սրբության երկրորդ ելույթն է և աղոթքը՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության համար: Առաջին անգամ նա խոսեց պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին: Նա կոչ էր արել լուծում գտնել «ոչ թե բռնության և զենքի միջոցով, այլ՝ երկխոսության և բանակցությունների» և խնդրել էր աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ իր հետ միասին աղոթել կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Կարդացեք նաև
Տ. Հովսեփ ԳԱԼՍՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում