Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դեւրիկյան. «Հրետանին ու անօդաչու սարքերը ջնջեցին տարածությունը, թիկունքը դարձավ հարաբերական»

Նոյեմբեր 01,2020 19:43

Արցախյան եւ ապրիլյան պատերազմների մասնակից, Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում զուգահեռներ տարավ Արցախյան առաջին եւ ներկայիս պատերազմների միջեւ՝ համեմատելով իրավիճակը թիկունքում եւ ռազմաճակատում այն ժամանակ եւ հիմա:

«Երբ խոսում ենք թիկունքի ու առաջնագծի հարաբերակցության մասին, նախ պետք է սահմանենք, թե ինչ է թիկունք: Թիկունքը դասական առումով առաջնագծից որոշակի տարածությամբ հետ գտնվող հատվածն է բնակավայրերի հետ: Թիկունք կա այնտեղ, որտեղ կա ռազմաճակատի ձեւավորված կայուն գիծ: Ռազմաճակատի կայուն գիծը կարող է առաջ կամ հետ գնալ, ըստ այդմ էլ թիկունքը շարժվի  առաջ կամ հետ գնա: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ, երբ ռազմաճակատի գիծն առաջ էր գնում, բնակչությունը վերադառնում էր դատարկված կամ ամայի գյուղերը: Անհամեստ չհնչի, այդ մասին ես մանրամասն գրել եմ իմ տարբեր հոդվածներում: Այսինքն երբ կա ռազմաճակատի կայուն գիծ, ըստ այդմ էլ կարող ենք խոսել կայուն թիկունքի մասին:

Թիկունք հասկացությունը որոշվում էր նաեւ՝ պայմանավորված անմիջական մարտական գործողություններով: Թիկունքն այն ժամանակ հետևյալ յուրահատկությունն ուներ. հատկապես Արցախի դեպքում առաջնագիծն ու թիկունքն իրար միահյուսված էին այն առումով, որ Մարտակերտի, Ասկերանի եւ մյուս վայրերի գնդերը հիմնականում կազմավորված էին ըստ բնակության վայրերի՝ վաշտերով:  Առաջնագծում մենք անմիջականորեն զգում էինք թիկունքը, մարդիկ 15 օր պոստերում  էին, 15 օր վերադառնում էին ու առօրյա կյանքով էին ապրում, չկար այժմյան բանակային  համակարգը»,-նշեց պարոն Դեւրիկյանը:

Նրա խոսքով. «Հայաստանի Հանրապետությունն այն ժամանակ ավելի խորը թիկունք էր կամ ըստ էության այդպես էր ընկալվում: Այն ժամանակ եւ այսօրը համեմատելիս պետք է  հաշվի առնենք մի քանի գործոններ՝ 1990-ական թվականների սկզբին մեր երկիրը գտնվում էր անցումային իրականության մեջ՝ խորհրդային իրականությունից դեպի անկախ Հայաստանի իրականությունը՝ թե տնտեսության վերակազմավորումով, թե մասնավորեցմամբ, թե հոգեբանական առումով:  Մի կողմից առկա էին խորհրդային ժամանակի բարոյական բարձր ընբռնումները՝ «Ամեն ինչ ռազմաճակատի համար», «Ամեն  ինչ հաղթանակի համար», բայց միեւնույն  ժամանակ նաեւ հոգեբանական անսովորությունը կար պատերազմի: Հատկապես ծանր էր ցեղասպանության հիշողությունը, որ այ հիմա նորից ամեն ինչ կրկնվելու է:

Իմիջիայլոց, շատ մտահոգիչ է, որ այդ մտայնությունը այսօր էլ կա որոշակիորեն: Այն ժամանակ կամավորությունը մի քիչ անսովոր երեւույթ էր, մի  մասը խորհրդային բանակում էր ծառայել, մի զգալի մասը բուհերում սովորելով չէր ծառակյել, բայց ասենք Պոլիտեխնիկում հրետանային հաշվարկներ գիտեին: Այսինքն համընդհանուր բանակային հասկացություն չկար:

Այսօրվա յուրահատկությունը թիկունքի հետ կապված այն է, որ հրետանային հզորությունները եւ անօդաչու թռչող սարքերն ըստ էության ջնջեցին տարածություն հասկացությունը, եւ թիկունքը եւս դարձավ հարաբերական հասկացություն: Այսօր դա վարչաքաղաքական կամ ռազմական հասկացություն է, թե հեռահար հրետանին, սմերչը, մյուսները կարող են խփել, եւ թե անօդաչու սարքերը: Թիկունք ասելով մենք ընկալում ենք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման որոշակի շրջանները: Հուսանք, որ հզորացած հակաօդային պաշտպանությունը եւ կրակակետերի լռեցումը կընդլայնի եւ իրապես թիկունք կդարձնի թիկունք հասկացությունը»:

Մեր զրուցակիցն ընդգծում է. «Այսօր դժբախտաբար Արցախում ընդհանրապես թիկունք չկա, իսկ  Հայաստանի Հանրապետության համար ոչ թե թիկունք բառը պետք է օգտագործել, այլ ռազմատեխնիկական առումով շերտավորված զոնալ գոտի արտահայտությունը: Ինչպես կա Հայաստանի հողային կադաստր, որը ցույց է տալիս, թե մեր երկրի որոշ տարածքներ ինչպիսին են՝ երկրաբանական, լեռնային, հարթավայրային  եւ այլ առումներով, նույնն էլ կարող ենք ասել, որ սա ռազմատեխնիկական մի գոտի է՝ իր տարբեր շերտավորումներով՝ անվտանգության նկատառումով»:

Հարցին, թե պատերազմն ինչքանով է այն ժամանակ  թիկունքում զգացվել եւ հիմա ինչպես է զգացվում, Վարդան Դեւրիկյանը պատասխանում է. «Բնականաբար այսօր անհամեմատ ավելի զգալի է, բայց կազմակերպվածությունն  է մեծ, տագնապն ավելի քիչ է, քան մարտական գործողությունները, ինչը ես մի քանի հանգամանքով եմ պայմանավորում:

Թիկունքն այն ժամանակ շատ ավելի խորն էր, Երեւանը շատ ավելի հեռու էր տարածական առումով, եւ ավելի վերացական հասկացություն էին մարտական գործողությունները: Առաջնագծից, դիրքերից հինգ կիլոմետր այն կողմ մարդիկ բերքահավաք էին անում, օղի էին քաշում, ապրում էին մարդիկ, դրա համար այն ժամանակվա ռազմատեխնիկական միջոցների պայմաններում թիկունքն իրապես թիկունք էր, Երեւանը բավականին հեռու էր: Պատերազմը համարյա կենցաղի մաս էր դարձել՝ մաշող տեւական բնույթի պատճառով: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մի քանի փուլեր կարող ենք բաժանել, թե հակառակորդի կողմից հարձակման, թե մեր կողմից հակահարձակման, բայց մնացյալ մասն ավելի դիրքային հրետակոծություններ էին»:

Վարդան Դեւրիկյանը հավելում է. «Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ես Արցախյան առաջին պատերազմը փորձում եմ նսեմացնել, դա իմ կյանքի մասն է,  եւ շատ բաներ միանգամայն այլ կլինեին, եթե այդ պատերազմը չլիներ: Այսօր թիկունքի զգացողությունը շատ ավելի քիչ է: Մարդիկ բջջային հեռախոսներով գրեթե ուղիղ եթերի պես կարող են երկայացնել գործողությունները, մինչդեռ այն տարիներին Մարտակերտի ազատագրման ժամանակ ես ռեպորտաժ գրեցի, ռացիայով հաղորդեցի Ստեփանակերտ, այնտեղից գրածս ֆաքսով ուղարկեցին Երեւան, որպեսզի տպագրվի: Այսօր նման խնդիր չկա: Տեսնում եք, թե ինչպես է հեռահաղորդակցության միջոցը տարածությունը կրճատում:

Այսօր, ցավոք, պատերազմը թափանցել է բոլոր տներ ու ընտանիքներ, իսկ այն ժամանակ կամավորական շարժում էր, ու զինված ուժերի ներգրավվածությունն այդքան մեծ չէր: Այսօր ունենք մի իրականություն, որ մի երկու սերունդ անցել են զինվորական ծառայություն եւ ներգրավված են բանակային կյանքում: Եվ ինչպես 1992-94 թթ․ պատաերազմական դժվարին տարիները մեր ժողովուրդը հաղթահարեց, այնպես էլ հիմա կհաղթահարի»:

Մեր զրույցի ավարտին ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը շեշտեց՝ վստահ է, որ այս պատերազմն էլ կհաղթահարվի. «Միայն թե, երբ զինադադար հաստատվի, դրանից հետո բոլորս պետք է ապրենք խորին կսկիծով մեր զոհվածների համար, փորձենք  նրանց տեղը լրացնել աշխատանքով՝ դիրքային հերթապահություն անել: Վստահ եմ, որ զինադադարից հետո  կլինի իսկական թիկունք, որը ապահով պատվար կդառնա, ու սրանից հետո, երբ որեւէ մեկը ոտնձգություն կփորձի իրականացնել մեր երկրի հանդեպ, կիմանա, որ իր առաջ մի հզոր ժողովուրդ եւ երկիր է կանգնած»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30