ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ հանրային հուզումների տեղիք տվեց, հատկապես ՌԴ ԱԳՆ-ի խողովակով նամակի պատասխանի հրապարակումից հետո: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նորմալ է համարում ՀՀ վարչապետի նամակին ՌԴ ԱԳՆ խողովակով փոխանցված պատասխանը, քանի որ որքան ինքն է հասկացել, հայկական կողմն այդ նամակն ուղղարկել է ԱԳՆ-ի խողովակով, իսկ դա նշանակում է, որ նամակը ստացել է ՌԴ ԱԳՆ-ն:
ՌԴ ԱԳՆ-ից նամակը փոխանցվե՞լ է ՌԴ նախագահի աշխատակազմ, թե՝ ոչ, այլ հարց է, բայց մեր զրուցակիցը նկատում է՝ կա արարողակարգ եւ նախագահին դիմելիս պետք էր նամակը նախագահի աշխատակազմ փոխանցել: Արամ Սարգսյանը որեւէ վատ բան չի տեսնում, որ պատասխանը եկել է ԱԳՆ-ից, բայց նկատում է՝ կա կարգ, որտեղ ամեն մի բառ, ամեն մի գնահատական, ամեն մի իրավական հիմնավորում իր տեղն ու դերն ունի: Ինչեւէ, ըստ մեր զրուցակցի, այս հարցը հավանաբար տեխնիկական է, քանի որ ՌԴ ԱԳՆ-ի պատասխանից հետո ՀՀ վարչապետի ռազմական հարցերով խորհրդական Վաղարշակ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանեց, որ գործընթացը շատ արագ սկսվելու է, եւ ռուսական կողմը շատ արագ սկսելու է քննարկել բոլոր հարցերը:
Իսկ բովանդակային առումով մեր զրուցակիցը շատ բան չի ասում, քանի որ տեքստի, դրա կազմման շատ նրբություններին ծանոթ չէ, բայց Արամ Սարգսյանը գտնում է, որ նամակում խոսք պետք է գնար հակաահաբեկչական օպերացիա իրականացնելու մասին. «Տարածքը, այո, ֆորմալ տեսանկյունից Հայաստան չէ, բայց այնտեղ կատարվում են ահաբեկչական գործողություններ, այնտեղ հավաքված են ջիհադիստները, Թուրքիան ներխուժել է տարածք եւ այդ պարագայում, ՌԴ-ն, այո, իրավունք ունի իր տարածքից դուրս իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք համընկնում են իր եւ իր ռազմավարական գործընկերոջ պետական, ազգային շահերի հետ»:
Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցնում է, թե ինչպես օրեր առաջ ՌԴ-ն Թուրքիայի «քթին խփեց» Իդլիբում՝ ռմբակոծեց Թուրքիայի ազդեցության տակ գտնվող գրոհայինների ճամբարները: Սա մեր զրուցակիցը համարում է բացահայտ օրինակ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ոչ ոք չկարողացավ քննադատել ՌԴ-ի քայլը, որովհետեւ Սիրիայի օրինական իշխանությունը ՌԴ-ին հրավիրել էր հակաահաբեկչական գործողություններ կատարելու: «Մենք նաեւ այդ հանգամանքը պետք է հաշվի առնենք եւ ՀՀ կառավարությունն ունի իրավունք՝ ՌԴ-ին օրինական ճանապարհով հրավիրելու»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
ՀՀ դիվանագիտական կորպուսում ինչո՞ւ այս հանգանաքը հաշվի չեն առել, մեր զրուցակիցը նույնպես դժվարանում է ասել, քանի որ ծանոթ չէ տրամադրություններին կամ նրբություններին տիրապետելու ունակություններին, բայց կարծում է, որ նման քայլեր անելուց առաջ անհրաժեշտ է ոչ միայն բոլոր նրբերանգներն ուսումնասիրել, այլ նաեւ խորհրդակցել. «Ի վերջո, մենք գործ ունենք մեր դաշնակից երկրի հետ եւ կարելի է ուղղակի կապեր ունենալ եւ նրանց հետ համաձայնեցված տեքստեր պատրաստել»:
Այս ամբողջ պատմության մեջ Արամ Սարգսյանին զայրացնում է «որոշ եվրոպամետների շարունակվող բարբաջանքը»՝ Եվրոպայի հետ կապվող գործնական քայլերի հույսերը, այն պարագայում, երբ առավել քան ակնհայտ է, թե Եվրոպան ինչ «իմպոտենտ» պահվածք է դրսեւորում եւ անգամ իր ներսում խնդիրները չի կարողանում լուծել կամ այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն որերորդ անգամ փորձում է Թուրքիային հանել հարվածի տակից:
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած պատասխանից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ հավելելով, որ Հայաստանին աջակցության ձեւաչափը կքննարկվի առանձին: Հարցին՝ սա՞ ինչպես հասկանալ, Արամ Սարգսյանը պատասխանում է, որ վարչապետի նամակում կան հիմնավորումներ, որոնցով հայկական կողմը փորձում է ներկայացնել այն իրավական հիմքերը, որոնց առկայության պայմաններում ՌԴ-ն պետք է միջամտի եւ հավելում, որ խոսքը հենց այդ հիմքերի առանձին քննարկման մասին է առ այն, որ Հայաստանի ներկայացրած հիմքերն ու փաստարկները թույլ են տալիս ՌԴ-ին՝ համապատասխան գործողություններ իրականացնել:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը դեմ առ դեմ չի պատերազմում, այլ այս գործընթացը ղեկավարվում է Թուրքիայի կողմից: Ավելին, Թուրքիան նաեւ Նախիջեւանում է տիրապետում իրավիճակին: Նաեւ ահաբեկիչների մի ողջ բանակ է գործում մեր դեմ, կան Աֆղանստանից ու Պակիստանից եկող խմբավորումներ էլ: Սա է խնդիրը: Իհարկե, դիմագրավենք միայնակ, բայց մեզ համար ահռելի քանակով զոհեր ենք տալիս եւ մեր երիտասարդների կյանքերը փրկելու համար, իհարկե, պետք է դիմել այն հզոր ընկերոջը, որը կարող է թիկունք կանգնել եւ արմատապես փոխել իրավիճակը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետք է մեկտեղվեն բոլորի հնարավորությունները եւ համակարգված գործենք՝ օգտագործելով բոլորի թեկուզ անհատական, անձնական կապերն ու հնարավորությունները. «Սա այն պահը չէ, որ նախանձով կամ հաշվարկով առաջնորդվենք, թե այսինչը կամ այնինչը հեղինակություն ձեռք կբերի, կուժեղանա: Մենք օրհասական վիճակում ենք եւ խոսքը պետության փրկության մասին է, իշխանությունը, անձնական շահը այստեղ երկրորդական է եւ չի կարելի այլ խնդիրներ առաջ բերել»:
Արամ Սարգսյանը նկատեց, որ խնդիրների մի մասն ավելի խորքային են, որոնց արմատները ավելի հեռու են գնում. «Բայց թողնենք նախկինի եւ 2,5 տարվա սխալները. պահը եկել է, որ պետք է մեկտեղվեն ուժերը եւ եթե հիմա էլ պետք է ամբիցիաներ առաջ բերվեն, այո, իրենք մերժված են լինելու: Խնդիրը պարզ է եւ եթե իշխանությունը պատասխանատվությունն ամբողջովին վերցնում է իր վրա՝ համարելով, որ կարող է, ապա այլ հարց: Բայց այս դեպքում էլ, պետք է ընդհանուր սկզբունքներով ներկայացվի, թե ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ արդյունքների ենք ակնկալում հասնել, ի՞նչ մակարդակի են բերելու, արդյո՞ք վարչապետի ասած՝ ցավոտ փոխզիջումների գնով… Եթե դուք դա չեք կարողանում ասել, մի նեղացեք, երբ ձեզ ասում են, օրինակ, Պետական պաշտպանական կոմիտե ստեղծեք կամ մարդիկ կան, որոնք իշխանության հրաժարական են պահանջում: Ի վերջո, շփոթմունքի մեջ եք գցում ժողովրդին՝ անընդհատ ասում եք՝ հաղթելու ենք, հետո էլ ասում եք՝ ցավոտ փոխզիջումների պիտի գնանք. եթե հաղթելու ենք, ինչո՞ւ ենք ցավոտ փոխզիջումների գնում: Հակասությունները շատ են, դրա համար ես առաջին օրից կողմ եմ եղել ՊՊԿ ստեղծելուն, որտեղ կներգրավվեն բոլոր նրանք, ովքեր կարող են օգտակար լինել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ