Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության փոխնախարարը ԱԱԾ-ի հետ հանդիպումից հետո ասել է՝ զորահավաքի ենթակա անձի մոտ դրական թեստը կրկնակի ստուգվելու է

Նոյեմբեր 01,2020 15:06

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հայտնել է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ թեստը վերստուգվելու է։ Ըստ փոխնախարարի, վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը եւ թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը:

Aravot.am–ը խնդրեց մանրամասնել փոխնախարարի հայտարարությունը: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ քանի՞ նման դեպք է արձանագրվել, արդյոք շա՞տ են նման դեպքերը, որ նման որոշում է կայացվել: Ի պատասխան Ալինա Նիկողոսյանն ասաց՝ եթե նման դեպքեր եղել են, ապա դրանք իրավապահների տիրույթում են, եւ Արտյոմ Սմբատյանը այդ մասին խոսել է ԱԱԾ-ի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ու այդպիսի հորդոր հնչեցրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր եւ արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ  այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առեւտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին եւ նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ եւ զորահավաքային զինծառայողի օգտին տրամադրեն հետազոտության կեղծ արդյունք՝ իբր տվյալ անձի մոտ հայտնաբերվել է COVID-19 հիվանդություն, ինչը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

«Այդպիսի դեպքերը կանխելու հետեւանքով տեղի է ունեցել խորհրդակցություն առողջապահության նախարարության աշխատակիցների հետ՝ փոխնախարարի մասնակցությամբ, որից հետո էլ կհետեւեն գործողությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գեւորգյանը:

Թե քանի՞ նման դեպք է հայտնաբերվել, արդյո՞ք կեղծ թեստերի դեպքերը զանգվածային բնույթ են կրում, պարոն Գեւորգյանը պատասխանեց, որ անգամ մեկ դեպքը ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է, հետեւում են եւ փորձելու են հետայսու էլ կանխել նման դեպքերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30