Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են», «Դուք այսօր դավաճանում եք ինձ». Սարիկ Անդրեասյանի նամակը՝ Զելենսկուն ու Պուտինին

Նոյեմբեր 01,2020 14:23

Ռուսաստանում բնակվող հայ ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր լուսանկարն ու գրել.

«Վովա, բարեւ: Այս լուսանկարները մոտ տասը տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ եւ ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, ես աներեւակայելի ուրախ էի, երբ դու համաձայնվեցիր:

Ես հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում իրենց մտավոր մշակութային ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, եւ դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիեւում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, եւ դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը եւ քո հիանալի կինը թեյ պատրաստեց մեզ համար։

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկն իրեն թույլ տվեց կոպիտ վերաբերվել մատուցողին, իսկ դու կշտամբեցիր նրան եւ ասացիր․ «Եղիր քաղաքավարի, մարդ է»։ Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում եւ շնորհավորեցինք իրար՝ մեր երեխաների ծնվելու կապակցությամբ, ու պարզվեց, որ մենք նույնիսկ մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ:

Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մարդ ես՝ մեծ սրտով: Իսկ երեկ ես նայեցի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ, ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի ասել ՝ «եղի՛ր քաղաքավարի, մարդ է», բայց, ըստ երեւույթին, երբ նստում ես այդ «աթոռներին» այն ամենը, ինչ մարդկային ու լավ է` թողնում ես անցյալում:

Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա, ուզում եմ ասել՝ Ղրիմը մերն է»։

Անդրեասյանը բաց նամակով դիմել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ գրելով. 

«1988 -ին ընտանիքս՝ հայրս, մայրս ու ես, ստիպված էինք հեռանալ Հայաստանից։ Ավագ եղբայրներս մնացին տատիս ու պապիս հետ՝ հույսով, որ մենք ոտքի կկանգնենք նոր բնակավայրում ու իրենց էլ կտանենք։ 1992-ին նրանք միացան մեզ։ Տարիներ անց բնակությանս վայրը փոխելու տարբեր պատճառներ էի ես պատմում։ Բայց ճշմարտությունը պարզ էր։ Բոլորս ահավոր սոված էինք ու մրսած՝ մնալով առանց ջեռուցման, գազի, տաք ջրի ու սննդի։

Մի անգամ ավագ եղբայրս գնացել էր դպրոց, եւ ուսուցիչը նրան հարցրել էր, թե մեր տանն ուտելիք կա՞։ Եղբայրս ասել էր, որ կա։ Ուսուցիչը խնդրել էր, որ իր հետ դպրոց մի քիչ ուտելիք տանի, եթե, իհարկե, ծնողներս թույլ տան։ Տատիկս սկզբում դեմ էր եղել, բայց հայրս պնդել էր, որ եղբայրս ուտելիքը տանի ուսուցչին, եւ երբ մյուս օրը նա դպրոցում կերակրել էր իր ուսուցչին, վերջինս լաց էր եղել երջանկությունից ու երևի նաեւ նվաստացումից։ Այսպես ապրում էր ոչ միայն եղբորս ուսուցիչը, այդպես ապրում էր ամբողջ երկիրը։

Եվ յուրաքանչյուր հայ մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի մեր հայրենիքը նոր կյանք սկսի ու չվերադառնա այն սարսափին, որի միջով անցել են մեր տատիկներն ու պապիկները, ծնողներն ու մենք։ Երբ պատերազմից հետո մեզ գազ տվեցին, տատս արտասվում էր, քանի որ այն նրա համար արդեն վաղուց մոռացված մի բան էր։ Այս իրավիճակում մենք հայտնվեցինք մի շարք պատճառներով՝ տնտեսական, աշխարհագրական, շրջափակված լինելով մեզ ատող պետություններով, որոնց հետարքրությունները երբեւէ չէինք կարող մենք կիսել, եւ որոնց մենք երբեւէ չէինք կարող ենթարկվել։

Երբ մեր մեծերը հավաքվում էին, միշտ ասում էին, որ քանի դեռ մեզ հետ Ռուսաստանն է, մեզ չեն վնասի։ Ես ողջ կյանքս ապրել եմ ռուս մարդու նկատմամբ ունեցած սիրով եւ ինձ համարել եմ ոչ միայն հայկական, այլև ռուսական մշակույթի մաս։ Երբ տեղափոխեցի Ռուսաստան եւ սկսեցի սովորել  ռեժիսորի անշնորհակալ գործը, Դուք արդեն ՌԴ նախագահ էիք, Վլադիմիր Վլադիմիրի։ Ես Ռուսաստան տեղափոխվել եմ Պուտինի օրոք, ուսանել Պուտինի օրոք, աղքատ եղել Պուտինի օրոք ու հաջողությունների հասել Պուտինի օրոք։

Իմ բոլոր թռիչքներն ու վայրէջքները, ուրախությունն ու ցավերը եւս եղել են Պուտինի օրոք։ Միշտ աջակցել եմ իմ նախագահին ու համոզված եղել նրա արդարամտության, ազնվության ու անաչառության մեջ անգամ այն պարագայում, երբ շուրջբոլորս դա հերքող մարդիկ ու փաստեր էին։  Բայց այսօր կուզեի ասել, Վլադիմիր Վլադիմիրի, որ Արցախում կատարվող իրադարձությունների նկատմամբ Ձեր անտարբերությամբ Դուք այսօր դավաճանում եք ինձ։

Այդպես Դուք նաեւ դավաճանում եք իմ նախապապերին ու  Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց կյանքերը զոհած  600 հազար հայերին, Սովետական Միության այն մարշալներին, որոնց տվել են Հայաստանն ու Արցախը, այն կոմպոզիտորներին, քաղաքական գործիչներին, գրողներին, մարզիկներին, ռեժիսորներին, դերասաններին եւ շատ այլ վառ անհատականությունների, որոնք ապրել եւ ապրում են, իրենց կյանքերը  տվել ու տալիս են Ռուսաստանի համար։ Ռուսաստանում բնակվող 3 միլիոն հայերը հավատում են, որ Հայաստանը մանրադրամի չեք վերածի այնպես, ինչպես ժամանակին դա արեց Վլադիմիր Իլյիչը։

Հարյուրավոր տարիներ անց, երբ երկրագնդի երեսից վերանա վերջին քրիստոնյան, հուսով եմ՝ իշխանության կրողները կգիտակցեն, որ դրվածքը, ավանդույթներն ու սերը, որոնցով շնորհված էին մեր ժողովուրդները, առավել կարեւոր էին, քան փողն ու նավթը։ Կներեք, որ Ձեզ հավատում էինք։ Շնորհակալություն,

Ձեր՝ Սարիկ Անդրեասյան»։

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30