Դիլիջանի երիտասարդներն ամեն օր համախմբված աշխատում են թիկունքում՝ առաջնագծում պատերազմի բեռը թեթևացնելու և պայքարի մեջ իրենց ներդրումն ունենալու համար։
Տարիքով կրտսերները ոգեշնչող ու բարեմաղթանքներով նամակներ են գրում, որոնք դրվում են զինվորական տաք բաճկոնների գրպաններում և ուղարկվում են սահման։
13-ամյա Մերի Զաքարյանը զինվորներին ուղղված իր նամակներում զինվորներին ոգեշնչում է և վստահեցնում, որ նրանց պայքարը հաղթանակով է ավարտվելու․ «Իմ երկու քեռիներն էլ են գտնվում ռազմաճակատում, և ես ամեն օր աղոթում եմ, որ նրանք շուտ վերադառնան, և պատերազմն ավարտվի»։
Կարդացեք նաև
Երեխաների մի խումբը վերամշակման համար թղթի հավաքագրմամբ է զբաղված։ Ստացված գումարով Դիլիջանի համայնքային կենտրոնը սահմանի զինվորների համար անհրաժեշտ իրեր է գնում։
Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհանիսյանի խոսքով՝ երեխաների ամենօրյա աշխույժ աշխատանքը ոգեշնչում է նաև իրենց։
«Երեխաները համարյա ամեն օր այստեղ են և օգնում են կամավորական բոլոր աշխատանքներում։ Մենք անգամ չենք հասցնում իրենց դիմել, քանի որ իրենք են գալիս ու հարցնում, թե ինչ աշխատանք կա անելու»։
Արմինեի խոսքով՝ համայնքում ձևավորվել են խմբեր, որոնք օգնում են հոգալ Արցախից եկած մեր հայրենակիցների կեցության խնդիրները․ «Մեր գործընկերներից «Տուն Արմենի»-ն արդեն հյուրընկալել է մոտ 42 արցախցիների, դեղորայքի հարցում աջակցում է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցի սաները իրենց «Նախագծերի շաբաթ» ծրագրի շրջանակում 2 շաբաթ շարունակ նախաճաշ և ընթրիք են պատրաստում Արցախից տեղահանված քաղաքացիների համար»։
Իշխան Հովհաննիսյանը ավագ դպրոցի սան է և համայնքում համակարգում է Արցախից Դիլիջան եկած քաղաքացիներին անհրաժեշտ օգնությունը․ «Արցախից եկած ընտանիքների անուններն եմ համակարգում, որպեսզի եթե հարկավոր լինի որևէ օգնություն, կարողանանք արագ արձագանքել, իսկ օգնություն ստանալու դեպքում նրանց հասցնենք այն»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ