Խմբագրություն ահազանգած կապանցիներից ոմանք տեղեկացրին, որ Սյունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդացածության թեստեր չկան, իսկ հիվանդության ախտանիշներ ունեցողներին անաշխատունակության թերթիկ են տալիս՝ առաջարկելով ինքնամեկուսանալ։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Սյունիք» մասնաճյուղի տնօրեն Վահան Աբրահամյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց թեստեր չունենալու հանգամանքը։
«Անհրաժեշտ քանակությամբ թեստերի խմբաքանակ ունենք, ու վաղն էլ պիտի ստանանք։ Պաշտոնապես հայտարարում եմ, չի եղել այնպիսի դեպք, որ մարդը կարիք ունենա թեստավորման ու չարվի՝ պատճառաբանելով, որ թեսթ չկա»,–ասաց Աբրահամյանը։
Բժշկի խոսքով, եթե մեկի հարեւանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ապա հաջորդ օրը ընտանիքով գալիս են թեստավորման, այն դեպքում, որ որեւէ ախտանիշ առկա չէ այդ մարդկանց մոտ։ Նման պարագայում, բնականաբար, թեստավորում չի արվում, քանի որ անհրաժեշտություն չկա։
Կարդացեք նաև
«Հասկանում եմ, բոլորի մոտ լարված հոգեբանական իրավիճակ է, բայց եթե մերժում են թեստավորում անցկացնել, դա ամենեւին չի նշանակում, որ թեստի նմուշառումներ չունենք։ Խնդրում եմ բնակչությանը, սյունեցիներին՝ ասեկոսեներին չհավատալ»,–ասաց Վահան Աբրահամյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ