Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Արցախի չկա Հայաստան

Նոյեմբեր 01,2020 12:00

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ հայ կամավորները հիացնում են մեզ և ապշեցնում են համայն աշխարհին:
Հիացնում են մեզ և առաջին հերթին՝ Հայաստանի ընտրյալ վարչապետին և Արցախի ընտրյալ նախագահին, ինչպես նաև մեր ողջ ժողովրդին, քանզի մեր ողջ ժողովուրդը լավագույնս գիտակցում է, որ սեպտեմբերի վերջին ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների հրահրած այս պատերազմը հայերիս համար միանշանակ հայրենական պատերազմ է և հայրենական այս պատերազմում առաջին իսկ օրվանից իրենց կյանքն են դրել հայ կամավորները:

Փաստը փաստ է, որ այս պատերազմին արդեն բազմաթիվ երկրներ են արձագանքել, և քաղաքագետների ու դիտորդների ուշադրությունը սևեռված է այդ երկրներից հատկապես ու առանձնապես ամենամեծերի՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վերաբերմունքի ու արձագանքների վրա, և եթե ԱՄՆ-ի վերաբերմունքը կարող է ավելի հստակվել ԱՄՆ-ում սպասվող նախագահի ընտրություններից հետո, Ռուսաստանի և անձամբ Պուտինի վերաբերմունքը որոշ չափով հստակվեց ու երևակվեց օրերս, և չնայած Պուտինի վերաբերմունքն առանձնապես չհիացրեց մեր քաղաքագետներից ու քաղաքացիներից շատերին, հաճելիորեն պարզ դարձավ, որ Պուտինի վերաբերմունքը գոհացրել է մեր վարչապետին և հատկապես Արցախի նախագահին:

Պուտինն ընդամենը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում: Իր դաշնակցից այս ու այսքանը լսելով՝ Փաշինյանը բավարարվել ու գոհացել է, և մենք էլ Փաշինյանի գոհանալուց ենք գոհացած, քանզի ուրախալի է, որ Փաշինյանը Պուտինից միանգամայն չափավոր դաշնակցային աջակցություն է ակնկալում, այլ ոչ թե փրկչի անհավանական ու անհավատալի առաքելություն, ինչպիսին որ շատերն են ակնկալում:

Փաշինյանը լիովին հասկանում է, որ Պուտինն ու այլ մեկը պարտավոր չեն անձնազոհաբար պայքարել հանուն Հայաստանի ու Արցախի հաղթանակի: Փաշինյանն իր հիացմունքն է հայտնում մեր կամավորների աննախադեպ սխրանքների առթիվ՝ իր հիացմունքի հետ նաև իր սուգը հայտնելով մեր նորօրյա նահատակների կապակցությամբ, ավելացնելով նաև, որ մենք մեր սուգը պիտի վերածենք ցասման: Եվ ընդհանրապես՝ մեր գերագույն հրամանատարն ու մեր ընտրյալ վարչապետն իր այս և գրեթե բոլոր մյուս դատողությունները համեմում է իր աֆորիստիկ մտածողությամբ, և անհնար է չընկալել ու չգիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը լեփ-լեցուն են թևավոր մտքերով, որոնց բոլորի վերջնակետը մեր հաղթանակն ու Արցախի անկախության ճանաչումն է: Միանշանակ:

Ակնհայտ է, որ այս պատերազմի ընթացքում, չնայած հակառակորդի հետ դեռևս լրջորեն բանակցությունների չենք նստել, այդուհանդերձ, բանակցությունների բացակայության պայմաններում, հանրահավաքներով, ելույթներով և զանազան այլ ձևերով կարողացել ենք աշխարհի գիտակցությանը հասցնել, որ այս պատերազմում մեր վերջնական հաղթանակն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

Եվ չնայած մենք սգալու լրջագույն պատճառներ ու առիթներ ունենք, և չնայած մեր նահատակների արյունը մեզ համար չափազանց թանկ ու անգնահատելի է, և չնայած պատերազմի օրենքներով հակառակորդի զոհերն ու կորուստները չափազանց կարևոր են, և քանի որ հակառակորդի զոհերն ու կորուստները մերինից տասնապատիկ շատ են, դրանք ևս մեզ մոտեցնում են մեր հաղթանակին և Արցախի անկախության ճանաչմանը:

Չնայած այս պատերազմի ընթացքում վարչապետ Փաշինյանը բազմիցս է անդրադարձել Թուրքիայի կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը, այդուհանդերձ, Պուտինն իր ելույթում նշեց նաև Սումգայիթը, հասկացնելով, որ Սումգայիթում նունյպես ցեղասպանություն է տեղի ունեցել հայերի հանդեպ, ընդ որում՝ ադրբեջանցիների կողմից:

Փաստը փաստ է, որ պատերազմի այս օրերին տարածաշրջանում տարածքային վերադասավորումներ են ընթանում և առաջիկայում ու հետագայում ևս դրանք անխուսափելիորեն շարունակվելու են: Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրանց. միասնաբար ու ազգովի:

Մենք մեր սուգը պիտի վերածենք ցասման:
Մեր կասկածները՝ գործողության:
Մեր մտավախությունները՝ վճռականության:
Մենք պիտի հաղթենք:
Որովհետև առանց Արցախի չկա Հայաստան:
Մենք պիտի հաղթենք:
Եվ մեր հաղթանակը կախված է մեկ մարդուց:
Եվ այդ մեկ մարդը դու ես:

Հաղթանակը. բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30