Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ ձերբակալված ահաբեկիչների եւ հրադադարի մասին

Հոկտեմբեր 31,2020 23:34

Aravot.am-ին եւ այլ լրատվամիջոցների հետաքրքրում էր ֆոսֆորային զենքից տուժածների վերաբերյալ մանրամասներ եւ «դրսի» արձագանքը կատարվածին:

Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցից հետո , պատասխանելով հարցին, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ինչպես Պաշտպանության բանակն արդեն հայտնել է, ուսումնասիրվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառման դեպքերը եւ հետեւանքները, դրանք ամբողջանալու պարագայում  կներկայացնենք: Սակայն, օգտվելով առիթից, կուզենայի նորից փաստել, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրետանային եւ հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»:

Արծրուն Հովհաննիսյանը կրկին ընդգծեց այն փաստը, որ Արցախի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող հաճախ հին՝ խորհրդային արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում եւ խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական լեգիտիմ օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաեւ բնակչությունը, որի առիթով  Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել,  եւ Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել հատուկ գործողություններ:

«Արցախը հատուկ նպատակ չունի Ադրբեջանի բնակիչներին որեւէ վնաս պատճառելու, սակայն չի կարելի նույնն ասել Ադրբեջանի մասին, որը կիրառելով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք  կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, ինչը մենք հաճախ տեսնում ենք Ադրբեջանի զինատեսակներով որոշ ռազմական օբյեկտները խոցելիս, եւ ինչը իրենց շատ հաճախ հպարտություն է պարգեւում, իրենց մամուլում տեսնում ենք մեր բացատրությունից վերցրած իրենց գովեստի խոսքերը, բայց մոռանում են, որ այդ նույն զինատեսակներով քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվում՝ Ստեփանակերտի ծննդատուն, Ստեփանակերտի հոսպիտալ , Մարտակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի : Չեմ կարծում , որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին, ծննդատունը»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Հարցին, թե Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանում ձերբակալվածը ահաբեկիչ չէ, այլ բեմադրված տեսագրություն է ներկայացվել,  Արծրուն Հովհաննիսյանը քմծիծաղով պատասխանեց, որ  Հաջիեւին հետաքրքիր անակնկալներ են սպասվում  ոչ միայն այս ահաբեկչի, այլեւ այլոց մասին. «Ապացույցներ թե այս , թե այլ ահաբեկիչների, իրենց առկայության, ռուսերեն ասած՝ որպես расходный материал օգտագործման մասին, ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են  նրանք հասել Ադրբեջան, այս ամեն ինչի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիեւին եւ Ադրբեջանին ընդհանրապես: Իսկ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործ է հարուցված, ապացույցները բավարար են հետագա գործընթացների համար»:

Հարցերից մեկն էլ վերաբերվում էր հրադադարին: «Ես ուզում եմ հստակ փաստել, որ մեր զինված ուժերը պատրաստ են եւ մշակում են համապատասխան հարցադրումներ եւ առաջարկներ վերիֆիկացիոն մեխանիզմների վերաբերյալ, առանց նման  մեխանիզմների,  դա հնարավոր չէ: Ինչպես տեսանք՝ երեք-չորս անգամ առնվազն այդ փորձը կատարվեց, քաղաքակիրթ աշխարհը փորձեց Ադրբեջանին նստեցնել հրադադարի իրավիճակի առջեւ, բայց չստացվեց, որովհետև չկան վերիֆիկացիայի  մեխանիզիմներ… Շնորհակալություն ենք հայտնում համաշխարհային հանրության ներկայացուցիչներին, շատ երկրների առաջնորդներին, որոնք հստակ նշել են, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ Ադրբեջանն իրականացնում է ագրեսիա հայ ժողովրդի եւ արցախահայության նկատմամբ: Մինչեւ  չլինեն հստակ ուղղորդումները, վերիֆիկացիայի մեխանիզմները, հրադադար լինել չի կարող»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031