Երեկ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ։ Սա, ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ-ն, միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Aravot.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն ասաց, որ ֆոսֆորային այս զինատեսակի կիրառությունը սահմանափակվում է մի քանի սկզբունքներով, եւ եթե այդ սկզբունքները չեն ապահովվում, ուրեմն խախտում է եւ այն ռազմական հանցագործություն է։ Այսինքն, ֆոսֆորային այդ զենքը չպետք է օգտագործվի որպես զանգվածային ոչնչացման միջոց, չպետք է կիրառվի բնակչության դեմ։ Ադրբեջանն այն կիրառել է անտառների վրա, այրվում են Արցախի անտառները, եւ ինչպես պարոն Ղազարյանն ասաց, բացի այն, որ բնապահպանական խնդիր է առաջանալու, այդ անտառներում նաեւ քաղաքացիական բնակչությունն է թաքնվում․ «Իսկ հումանիտար իրավունքն ասում է՝ եթե չես կարող հստակ տարանջատել թիրախը, ուրեմն չպետք է օգտագործես։ Բացի այս, այդ զինատեսակը պատճառում է մարմնական առավել ծանր վնասվածքներ, քան սովորաբար անհրաժեշտ է, որպեսզի չեզոքացնես թիրախը»։
Արա Ղազարյանն օրինակ բերեց ՏՕՍ-1-ը, որը, ինչպես ֆոսֆորային ռումբի դեպքում է, այրող է, բայց ՏՕՍ-1-ի կիրառումը թույլատրվում է, թեեւ դրա կիրառությունն էլ խնդիր է առաջացնում, որովհետեւ մարտավարական խնդիր չի լուծում, բայց հարակից վնասը շատ ավելի մեծ է, եւ նույնպես, մարմնական ծանր վնասվածքներ է պատճառում։
«Ֆոսֆորային զենքի օգտագործումից ավելի շատ աղմուկ է լինելու, քան ռազմական օգուտն է լինելու»,-ասաց պարոն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ արել է Ադրբեջանը, ռազմական հանցագործություն է, ընդ որում դեռ պարզ չէ, թե ինչ վնասվածքներ են ստացել զոհերն ու տուժածները, իսկ նրանք հաստատ ծանր այրվածքներ ստացած կլինեն․ «Նման դեպքում այդ զենքի կիրառումն արգելվում է։ Այսինքն, դրա շառավիղը մեծ է, եւ թիրախային չէ, ուստի մասսայական ոչնչացման է։ Այն ահաբեկչական խնդիր է լուծում։ Այն կիրառել են Ուկրաինայում, Սիրիայում»։
Կարդացեք նաև
Իրավաբանը նկատեց՝ այդ զենքի կիրառման արդյունքում հրդեհվել են անտառները, ու այնտեղ հստակ տարանջատված չէ՝ կային եւ քաղաքացիական անձինք եւ զինվորականներ. «Գրականության մեջ նշվում է, որ այս զենքի կիրառումը կոմբատանտների դեմ թույլատրվում է, բայց ադրբեջանցիները կիրառում են բնակչության դեմ»։
Իրավաբանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն այս հարցը կարող է բարձրացնել Ադրբեջանի դեմ արդեն հարուցված դատական գործի շրջանակներում, իսկ մարդասիրական իրավունքի տեսանկյունից, խնդիրը հումանիտար դատարանի շրջանակում է, Հռոմի դատարանն է, սակայն ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Հայաստանը չեն ընդունում այդ դատարանի իրավասությունը․ «Բայց սա հիմք է ապագայում գործ հարուցելու այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են ռազմական հանցագործություն»։
Ֆոսֆորային այս զենքի ազդեցությունը՝ բնապահպանական հետեւանքները տասնամյակներով առկա են լինելու Արցախում։ Այս կարծիքին է բնապահպան Արսեն Գասպարյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց՝ եթե ֆոսֆորն անցնի հողի մեջ, ապա տասնամյակներով կարող է մնալ հողում, իսկ այդ տարածքի բնակչությունը գյուղատնտեսությամբ է զբաղվում, մարդիկ բույսերն օգտագործում են․ «Սա ահաբեկչական նպատակ ուներ, այդ տարածքում մարդիկ ուղղակիորեն չեն կարողանալու բնական ռեսուրսներից օգտվել, որովհետեւ խիստ վտանգավոր է լինելու։ Միջազգային կառույցները մշտապես խոսում են կլիմայի փոփոխության, անտառային հրդեհների մասին, իսկ հիմա Արցախում անտառներ են այրվում, ոչնչացվում, էկոհամակարգն է ավերվում։ Հողն ու ջուրը երկարաժամկետ թունավորվում են»։
Արսեն Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում առավել մանրամասն ներկայացրել է ֆոսֆորային ռումբի հետեւանքները։
1.Օդում այրման ընթացքում առաջացնում է թունավոր գազ, որը բերում է ինչպես միջավայրի աղտոտման եւ այնպես էլ առաջացնում է լուրջ խնդիրներ մարդու նյարդային եւ շնչառական համակարգերի համար: Սպիտակ ֆոսֆորային ռումբերի օգտագործումը առաջացնում է մաշկի այրվածքներ, վնասում է լյարդը, սիրտը, երիկամը եւ այսպես շարունակ:
2.Սպիտակ ֆոսֆորը կործանարար ազդեցություն ունի բնական միջավայրի եւ հատկապես բույսերի վրա եւ կարող է մի քանի տարի մնալ հողի մեջ՝ առանց որեւէ փոփոխության:
3.Կենսաբազմազանության առումով, ֆոսֆորի օգտագործումը ոչնչացնում է բնական էկոհամակարգերը եւ այնտեղ բնակվող օրգանիզմները, ինչպես նաեւ աղտոտում տվյալ տարածքից ստացվող գյուղատնտեսական արտադրանքը:
4.Ջրի աղտոտման պարագայում կարող է կուտակվել ձկներում եւ վտանգ ներկայացնել մարդու կողմից օգտագործման դեպքում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ