Լրահոս
Օրվա լրահոսը

Կին կամավոր․ Ցույց չէի տալիս, որ ծանր է, որ հանկարծ ինձ այստեղից չտանեն, ասեն՝ պետք չես

Հոկտեմբեր 31,2020 21:20

Շոումենեջեր Սուսաննա Արիստակեսյանը կամավորներից մեկն է, որը միացել է «Կարմիր բերետներ» ջոկատին։

«Հեղափոխությունից սկսած անտարբեր չեմ եղել։ Առաջին օրերին ասում էին՝ կապ չունի, իմաստ չունի, ասում էի՝ ոչինչ, կտեսնեմ՝ շատ վատ է, գոնե կիմանամ, որ մի բան արել եմ»,- հիշում է Սուսաննան։

Նա ասում է, որ ամեն անգամ, երբ կարդում էր զոհվածների անունները ու տեսնում նրանց տարիքը, հասկանում էր, որ պետք է ինքն էլ իր ուժերի չափով օգտակար լինի։ Շատ տեղեր է գրանցվել, սակայն դրանցից առաջինը Վոլոդյա Ավետիսյանի գունդն է եղել։

Սուսաննան խոստովանում է, որ չէր պատկերացնում, թե ուր է գնում, և հեշտ չի հարմարվել պայմաններին, բայց ամեն ինչ արել է, որպեսզի համապատասխանի պահանջներին․ «Ցույց չէի տալիս, բայց ծանր էր, երբ 50 կգ միայն քո վրա էիր տանում, և պետք է դիք բարձրանայիր։ Բայց դե ցույց չէի տալիս, որ հանկարծ ինձ այստեղից չտանեն, ասեն՝ պետք չես»։

Պայմաններն էլ հեշտ չեն կանանց համար, բայց կանայք փորձում են համակերպվել․ «Դա նվազագույնն է, որ կարելի է անել։ Կարելի է ամեն ինչին էլ համակերպվել։ Եկան, մի վայրկյանում այս ճամբարը դրեցին, ես տեսա մի վայրկյանում արդեն մեծ ճամբար են սարքել»։

Իսկ ճամբարում օգնում է կամավորներին՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերում, օգնում է նաև կենցաղային հարցերով․ «Ամեն ինչ անում եմ, որ մի փոքր էլ կարողանամ օգնել, այնպես անեմ, որ իրենք տուն գան իրենց մամայի մոտ ողջ ու առողջ»։

Նա կարևորում է այն հանգամանքը, որ ջոկատի անդամների մեծամասնությունը կռված տղաներ են, ու կիսվում են իրենց փորձով ու պատրաստում են նորեկներին։ Եվ դրանով է պայմանավորված կամավորական ջոկատի կազմակերպվածությունը և պրոֆեսիոնալությունը։

Սուսաննան կատակում է, որ արդեն որդեգրած երկու տղա ունի․ «Շատ ջահել են ու առաջին անգամ էին, բանակում էլ ծառայած չեն եղել՝ առողջական խնդիրներով։ Ես էլ, իհարկե, ամեն ինչ անում եմ, որ պոստերում կարողանան դիմանալ։ Պետք է դիմանանք, ու առաջ գնանք՝ առանց մի վայրկյան կասկածելու։ Մեր գլխին աստված կա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031