Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի. Գարեգին Նժդեհ
Հատկապես պատերազմի օրերին փորձում եմ չանդրադառնալ տարբեր տրամաչափի, իրենց քաղաքագետ-վերլուծաբան համարող գործիչների՝ վտանգավոր, պառակտիչ, հաճախ նողկալի կոչերին և «վերլուծություններին»։ Վերջին օրերին, ջղերս խնայելու համար, աշխատում եմ չհետևել ֆեյսբուքյան տխմարություններին նույնպես։ Սակայն երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց կարդալ իրեն «քաղաքագետ» հորջորջող Էդուարդ Անտինյանի գրառումը։ Այն, ինչ կարդացի՝ վեր էր ոչ միայն հակահայկական, այլ հակամարդկային երևակայությունից։ Փորձեցի երեկ պատասխանել, բայց, ներեցեք, բացի հայհոյանքներից՝ այլ բառեր չէի մտաբերում։
Այն, որ արևելահայկական հասարակությունը, իր որոշակի հատվածով, անհանդուրժողականություն է ցուցաբերել, նույնիսկ իր հայրենակիցների նկատմամբ՝ շատերին է հայտնի։ Հիշենք, 1915թ․ ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների հանդեպ շատերի վերաբերմունքը՝ «կեղտոտ գաղթականներ», հետագայում 1946թ․ ներգաղթողներին՝ «ախպարներ», 1988-1990թթ․ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերից փրկվածներին՝ «թուրքեր»։ Թվում էր, թե այս դաժան պատերազմի ժամանակ, նման անձինք զերծ պետք է մնան իրենց հակազգային և հակամարդկային զեղումներից։ Բայց՝ ոչ, սույն պարոնը այսօր կենաց ու մահու կռիվ տվող արցախցիներին, ըստ էության անջատելով հայ ժողովրդից, մեղադրում է հայ ժողովրդին պատած բոլոր դժբախտությունների համար։ Նա արցախցիներին դիմում է «դուքով»․ տարանջատելով նրանց մնացած հայ ժողովրդից։ Նրանց անվանում «թալանչի», «անթասիբ», «քոչվորի հոգեբանություն» ունեցողներ։ Նա պատրաստ է յուրայինների հետ արտաքսել արցախցիներին Հայաստանից։ Պարզվում է՝ Արցախն է մեղավոր, որ Հայաստանը զրկանքներ է կրում, շրջափակման մեջ է, դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից։ Փաստորեն, սույն պարոնը, հանուն «բարեկեցության» պատրաստ է Արցախը նվիրել թշնամուն, իսկ վա՞ղը․․․Սյունիքը, Լոռին և ողջ Հայաստանը։ Իր այս հակաարցախյան քարոզով նա բարոյալքում է Արցախի, այն ՝ Հայաստանի համար կռվող հայ զինվորներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք տարբերություն չեն դնում հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ։
Անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում, որ ողջ հայոց պատմության ընթացքում եղել է այսպիսի ոչ միայն գործիչ, այլև հայ մարդ։ Նույնիսկ 1937թ․ բանսարկուների ու մատնիչների մեջ նման անձի չեմ մտաբերում։ Համոզված եմ, որ այլ ազգերի մեջ նման անձինք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող։ Տարրական ազգային արժանապատվության հարց է։
Կարդացեք նաև
Եվ ամենազարմանալին այն է, որ սույն գրառումը հավանության է արժանացել տասնյակ հայ օգտատերերի կողմից։ Սրանք դեռ բացահայտ կողմնակիցներն են, իսկ թաքնվածնե՞րը։ Եվ այս ամենը մենք հանդուրժո՞ւմ ենք։ Միայն չասեք խոսքի, կարծիքի ազատություն, հարգելի առաջադեմներ։ Ձեր արժեքների համաձայն՝ սա ատելության քարոզ է սեփական ժողովրդի մի հատվածի նկատմամբ։
Ինձ շատ է հետաքրքրում այս պարոնի գրառման հետ կապված Հայաստանի բոլոր կուսակցությունների, հասարակական գործիչների, քաղաքագետների կարծիքներն, անկախ նրանց լևոնական, ռոբերտական, սերժական կամ նիկոլական լինելուց:
Եթե նման արտահայտությունը հենց այսօր համազգային պարսավանքի չարժանանա, ապա ոչ միայն այս պատերազմում, այլև ընդհանրապես մենք ապագա չունենք։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ