Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր հերթական բողոքի ցույցն են արել գերմանական Bayerische Rundfunk («Բավարական կենտրոնական ռադիոկայան»)-ի շենքի դիմաց եւ կրկին բողոքել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան կողմնակալ լուսաբանելու փաստի դեմ:
«Նրանց թղթակիցը միայն Թուրքիայում է գտնվում, եւ լրատվամիջոցը լուսաբանում է միայն Թուրքիայի տեսանկյունից, իսկ Հայաստանի տեսանկյունից՝ ոչինչ: Կողմնակալ՝ թուրքամետ, ադրբեջանամետ լուրեր են հաղորդում: Մեր պահանջն է, որպեսզի բավականաչափ տեղեկատվություն հաղորդեն կամ պատճառաբանեն, թե ինչու են կողմնակալ: Հանձնեցինք նոր բողոք նամակ, որը վերցրեց գլխավոր խմբագիրներից մեկը: Նախորդ նամակին այդպես էլ չարձագանքեցին: Անընդունելի է, երբ Գերմանիայի առաջատար լրատվամիջոցներից մեկը միակողմանի է լուսաբանում: Հույս ունենք, որ մեր երկրորդ նամակին կարձագանքեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Մեր զրուցակիցը շեշտեց՝ այս անգամ ցույցը բազմամարդ չի եղել՝ հաշվի առնելով հայերի հանդեպ հնարավոր ոտնձգությունները, որոնք թուրքերի կողմից իրականացվում են Եվրոպայի մի շարք երկրներում. «Զավեշտալի է, երբ Եվրոպայում պետք է զգուշանաս բողոքի ցույցի մասնակցել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ