Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե թուրքական բանակը մտնի Մեղրի, միեւնույնն է՝ ռուսները պատճառ կգտնեն եւ կասեն՝ դուք եք մեղավոր». Ազատ Արշակյան

Հոկտեմբեր 31,2020 19:15

«Առհասարակ, պատերազմը բաղկացած է բաղադրիչներից. կա ռմբակոծություն, ենթակառուցվածքների, անձնակազմի, քաղաքացիական օբյեկտների ոչնչացում: Դրանցից մեկը շատ կարեւոր է՝ շրջափակումը: Պատերազմի կարեւորագույն բաղադրիչներից մեկը երկրի տարածքի, բնակավայրի շրջափակումն է: Դա զինվորական ակցիա է՝ շրջափակում: Հայաստանն արդեն երեսուն տարի շրջափակված է, այսինքն՝ գտնվում է պատերազմի վիճակում, ենթարկված է ագրեսիայի: Եթե լինի բարի կամք, դաշնակցային հարաբերություն, ուրեմն անմիջապես պետք են միջոցառումներ. զինվորական, քաղաքական ճնշումներ պետք է լինեն շրջափակողի հանդեպ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինին հասցեագրված ՀՀ վարչապետի նամակին եւ դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՌԴ նախագահին՝ հաշվի առնելով ՀՀ տարածքի հանդեպ ոտնձգությունները եւ խնդրանքով՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ, հիշեցրել էր, որ դա ամրագրված է ՌԴ-ի հետ պայմանագրի երկրորդ կետով, ՌԴ ԱԳՆ-ն էլ պատասխանել է՝ Ռուսաստանը Երեւանին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:

Ազատ Արշակյանը շեշտեց. «ՀՀ անվտանգությունը ոչ միան ՀՀ ներսում է եւ ոչ միայն ենթադրում է, որ հակառակորդը պետք է ռմբակոծի ՀՀ կառավարական շենքերը, Մատենադարանը, Էջմիածինը, Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, այլեւ ենթադրում է դեպի ՀՀ կազմակերպած մեծ քանակությամբ ներգաղթ. գաղթականների էթնիկ զտման հետեւանքով ներհոսքը դեպի ՀՀ նույնպես պատերազմական ակցիա էր: Այսինքն, արցախցիների զանգվածային ներհոսքը Հայաստան վերջինիս անվտանգության համար մեծ խնդիր է: Վտանգված է ՀՀ-ի գոյությունը՝ չապահովված ներգաղթի պատճառով: ՀՀ-ն պարտավոր է իր անվտանգության համակարգը պաշտպանել այնպես, ինչպես ԱՄՆ-ն է վարվում համաշխարհային տեռորիզմի դեմ պայքարում, որպեսզի նրանք չռմբակոծեն Նյու Յորքի բարձրահարկերը: Դրանք կանխարգելիչ միջոցառումներ են: ՀՀ-ն պարտավոր է իր անվտանգության համակարգը պաշտպանել այնպես, ինչպես Իսրայելն է ռմբակոծում՝ կանխարգելիչ հարվածներ հասցնում Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում գտնվող իրեն սպառնացող ուժերին: Ճիշտ այդ ձեւով ՀՀ-ն իրավունք ունի հարվածելու իր անվտանգությանը սպառնացող ուժերին, իսկ դաշնակիցները պարտավոր են միանալ ՀՀ-ին, վերացնել շրջափակումը եւ ապահովել ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը:

Եթե ցանկություն չկա դաշնակցին օգնելու, ապա այդ պայմանագրի 2-րդ կետը ոչինչ չի անի: Այսինքն՝ ցանկություն չկա այնպես, ինչպես այն ժամանակ, երբ 150 000 հայ զինվորական կռվում էր ցարական Ռուսաստանի թշնամիների դեմ արեւմտյան ռազմաճակատում 1915թ.-ին: Հինգ միլիոնանոց ռուսական բանակի աչքի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ ռուսական բանակը, ռուսական պետությունը մատը մատին չտվեց՝ փրկելու հայ ժողովրդին: Իսկ 1918թ.-ին, երբ թուրքերը հասել էին Բաշ Ապարան, Սարդարապատ եւ Ղարաքիլիսա, ոչ մի ռուս զինվոր չկար, որպեսզի պաշտպաներ Էջմիածինը: Ընդ որում, ռուսները ճանաչում են Գրիգոր Լուսավորչին որպես համաքրիստոնեական գործիչ: 1920թ. հոկտեմբերի 31-ին՝ այս օրը, թուրքական բանակը մտավ Կարս, որտեղից հեռանալիս ռուսական բանակն իր հետ տարել էր նաեւ հրետանու մարտագլխիկները, որպեսզի հայերը չկարողանան պաշտպանել Կարսի ամրոցը: Զինամթերքը հանձնել էին թուրքերին:

Այս ամենից հետո կարիք կա՞ հիշեցնելու «Օղակ» օպերացիայի մասին…Հիմա, այս բոլոր դասերից հետո, մենք ի՞նչ ենք սպասում, որ ի՞նչ անեն ռուսները: Նրանք անում են այն, ինչ արել են 1915, 1918, 1920, 1990թթ.-ներին…այսինքն, ուրիշ բան չեն կարողանում անել: Եթե թուրքական բանակը մտնի Մեղրի, միեւնույնն է՝ նրանք պատճառ կգտնեն եւ կասեն՝ դուք եք սկսել, դուք եք մեղավոր, այնպես, ինչպես դա ասացին 1921թ. Մոսկվայի կոնֆերանսում, երբ Նախիջեւանը, Արցախը, Կարսը հանձնեցին Թուրքիային: Կարծում եմ՝ սա պետք է մենք իմանանք: Բայց ճիշտ է իրենց դիմելը, թող կողմնորոշվեն մերոնք եւ իրենք: Վերջիվերջո, պետք է Ռուսաստանը հայտարարի՝ ինքը Թուրքիայի՞ դաշնակիցն է, թե Հայաստանի: Ինքն ո՞ւմ կողմից է այս պահին»:

Պարոն Արշակյանին խնդրեցինք դիտարկումներ հայտնել նաեւ այն փաստի շուրջ, որ Ժնեւում կողմերը պայմանավորվեցին այդ թվում քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու մասին, սակայն հակառակորդը, հավատարիմ ռազմական հանցագործությունների գործելաոճին, այսօր կրկին թիրախավորեց Արցախի բնակավայրերը: Ազատ Արշակյան այս համատեքստում ժնեւյան հանդիպման վերաբերյալ նշեց. «Մինսկի խումբը գործուղման փաստաթղթի տակ ուղղակի ստորագրեց, որ գործուղումը տեղի է ունեցել, իրենք հասել են գործուղման վայրը, կատարել իրենց գործը՝ անարդյունք գործը, եւ այդ թղթով հիմա մեր ԱԳ նախարարը կներկայանա հաշվապահություն, իրենք էլ իրենց հաշվապահություն, որպեսզի գործուղման ծախսերը փակեն: Ընդամենը դա է: Դա դասական թերագրություն էր՝ ոչինչ չնշանակող: Հայ ժողովուրդն ինքը պետք է փրկի իրեն, պաշտպանի իր հայրենիքը, սեփականությունը, կյանքն ու առողջությունը՝ մեր իսկական, քաղաքակրթական, արժեքային, մարդասիրական դաշնակիցների հետ: Նրանց է պետք գտնել եւ դիմել: Այն դաշնակիցների մասին է խոսքը, որոնք կրում են մեր արժեքները՝ Արեւմտյան Եվրոպա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Կանադա, ԱՄՆ, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ: Հերի՞ք է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031