Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից»․ Սարհատ Պետրոսյան

Հոկտեմբեր 31,2020 16:46

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի ու բանակի մասին ես գրեթե չեմ գրում, քանի որ կարծում եմ՝ մարդ պետք ա գրի այն թեմաներով, որին տիրապետում է գոնե միջին մակարդակի։

Բայց այսօր աշխարհը նշում է Քաղաքների միջազգային օրը, իսկ մենք այսօր պայքարում ենք մեր արդի շրջանի, ենթադրաբար Երևանից հետո կարևորագույն քաղաքի՝ Շուշիի համար։

Շուշին հայերի կողմից 19-րդ դարում քաղաքային զարգացման գագաթնակետին հասնելով քաղաքային մշակույթի այդպես էլ չարժևորված, բայց փառահեղ, մի օրինակ է։ Արցախի բնակելի ճարտարապետության ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների ինչպես օրինակ Երևանում կամ Գյումրիում) ձևավորված ավանդույթների հիման վրա քաղաքային միջավայրի հատուկենտ պահպանված հատվածները դրա վառ ապացույցն են։

Պետք է ընդունենք, որ Շուշին կոսմոպոլիտ քաղաք լինելով, ինչպես տարածաշրջանի բոլոր քաղաքները, լինելով Թիֆլիսից հետո երկրորդը բնակչությամբ բավականին երկար ժամանակ, իր քաղաքային միջավայրով խարսխված էր տեղական հայկական ճարտարապետության ավանդույթների վրա, քանի որ այն շարունակել է Արցախի մելիքական ապարանքների, Հադրութի և այլ բնակավայրերի շինարարական արվեստն ու ճարտարապետությունը։

Սա որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել, հատկապես հաշվի առնելով, որ քաղաքի մահմեդականները նոր էին անցել նստակյաց կյանքի և չունեին շինարարական ավանդույթներ և փորձառություն, ուստի Շուշին միանշանակ հայ վարպետների ստեղծած գլուխգործոցն է, իր խիստ ռելիեֆին ներգծված փողոցներով, սպիտակ քարի խառն ու սրբատաշ շարվածքների համադրմամբ, զուսպ դեկորատիվ տարրերով, հինգ եկեղեցիներով և երեք մզկիթներով։

Ցավոք, 1920-ական թվականների հայերի կոտորածների արդյունքում, ինչպես նաև խորհրդային տարիներին ադրբեջանցիների հետևողական քանդման արդյունքում հայկական թաղամասը, որ զբաղեցնում էր քաղաքի լավագույն 70%-ը, գրեթե չի պահպանվել, բացառությամբ մի քանի հատուկենտ քաղաքային դրվագների։ Բազմաթիվ են օրինակները նաև, որ մաքուր Արցախի (ժողովրդական, ինչպես սիրում էր խորհրդահայ տեսությունը) բնակելի տները «թրքացվել են», էլ չեմ ասում խորհրդային տարիներին «խռյուշչովկաները» հիմնականում կառուցվել են հայկական թաղամասում, դպրոցները՝ եկեղեցիների տարածքում։

Սակայն այս ամենով հանդերձ Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից։

Շուշիի քաղաքային զարգացումն ու մեզ հասած ժառանգության հետազոտման վրա իմ ներդրած հինգ տարիները, ցավոք, ունեցան դրվագային ազդեցություն Արցախում։ Միգուցե դրանում ես էլ ունեմ իմ մեղքի բաժինը՝ շատ տարվելով Երևանի խնդիրներով։

Հույս ունեմ` այս օրերի վայրագ ավերածություններից հետո մենք նորովի կարժևորենք Շուշին ու այն կարճ ժամանակում վերականգնելով՝ կդարձնենք նույնքան փառահեղ, ինչպես եղել է 19-րդ դարի վերջին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031