ՄԹ-ն հայտարարում է 1 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով ֆինանսավորման տրամադրման մասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց աջակցության ապահովմանը
Միացյալ Թագավորության աջակցության միջոցով, ինչի մասին այսօր հայտարարել է ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած հազարավոր անձինք կապահովվեն շտապ բժշկական պարագաներով, սնունդով և ավելի ապահով ապաստարաններով։
Հակամարտությունը սրվել է սեպտեմբերի 27-ին: Այդ ժամանակից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ քաղաքացիական զոհերի ու վիրավորների և վնասված տների ու կենսական նշանակության ենթակառուցվածքների աճող թվերին զուգընթաց։
Միացյալ Թագավորության նոր՝ 1 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով աջակցության միջոցով, ի պատասխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) դիմումի, արտակարգ իրավիճակից տուժած քաղաքացիական բնակչության համար կտրամադրվեն ներկայումս շատ անհրաժեշտ բժշկական պարագաներ, ներառյալ՝ վիրակապական նյութեր: Մարտական գործողությունների հետևանքով վիրավորվածները, ներառյալ՝ փոխհրաձգությունից տուժած երեխաները, կենսական անհրաժեշտության բուժում կստանան բուժհաստատություններում կամ ԿԽՄԿ-ի աջակցությամբ գործող արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի կողմից։
Տուժածներից շատերի համար սնունդն ու այլ անհրաժեշտ պարագաները բավարար հասանելի չեն։ Միացյալ Թագավորության աջակցության միջոցով ծածկոցներ, սննդի ծանրոցներ և հիգիենայի հիմնական պարագաներ կտրամադրվեն մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին:
ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ասել է.
«Միացյալ Թագավորության աջակցության փաթեթը կօգնի կենսական անհրաժեշտության սնունդ, դեղորայք և շտապ առողջապահական խնամք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք երկու կողմերին հորդորել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի բնակչությանը»:
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպն ասել է․ «ԿԽՄԿ-ն անչափ երախտապարտ է Միացյալ Թագավորությանը տարածաշրջանում իր աշխատանքներին աջակցելու համար: Իր դրամաշնորհատուներից, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից ստացված ֆինանսավորումը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործողություններ իրականացնել ի աջակցություն զինված հակամարտության և բռնության այլ իրավիճակներում տուժածների»:
Միացյալ Թագավորության աջակցությունը կօգնի նաև բարելավել հաճախ գերբնակեցված ապաստարանների որակը` տեղադրելով ջրի բաքեր և սանհանգույցներ կամ բարելավելով դրանք: Դա նաև կապահովի, որ տարածաշրջանում ցուրտ ձմեռվան ընդառաջ՝ ապաստարաններն ապահովված լինեն պատշաճ ջեռուցմամբ։
Միացյալ Թագավորությունը, Կանադայի հետ միասին, բազմիցս կոչ է արել երկու կողմերին (https://bit.ly/35OoEeV) աշխատել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ, քաղաքական լուծման ուղղությամբ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի աշխատանքներին:
Լրացուցիչ տեղեկատվություն
Նոր ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ի հավելումն ԿԽՄԿ-ի մեր հիմնական ֆինանսավորման: Վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը ԿԽՄԿ-ի երկրորդ ամենամեծ դրամաշնորհատուն է աշխարհում, ինչը ԿԽՄԿ-ին հնարավորություն է ընձեռում արագ արձագանքել զինված հակամարտության իրավիճակներում:
ԿԽՄԿ-ն անկախ, չեզոք կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն ու աջակցություն է ցուցաբերում զինված հակամարտություններից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց:
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատուն
31 հոկտեմբերի, 2020թ․ Լեռնային Ղարաբաղ. Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղորայք կտրամադրի հակամարտությունից տուժած...
Posted by British Embassy Yerevan on 2020 թ. հոկտեմբերի 30, ուրբաթ