Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր ավելի հնարավոր է դառնում նաև թուրք-հունական պատերազմը». Բորիս Նավասարդյան

Հոկտեմբեր 31,2020 17:07

«Չպետք է այդ հայտարարությունը համարել ո′չ հուզական, ո′չ շատ կտրուկ: Ամեն ինչ համարժեք է այսօրվա իրավիճակին»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրոպայի հասցեին հնչեցված դիտարկումները, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ հարցին՝ ի՞նչ եք ակնկալում ԵՄ-ից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի  անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք»:

Բորիս Նավասարդյանը այս հայտարարությունն իրավիճակին համարժեք է համարում և պարզաբանում. «Հայկական կողմերը գտնվում են բավականին բարդ ու լարված իրավիճակում, և այս պայմաններում քաղաքական առաջնորդը չպետք է շատ նրբանկատ լինի արտաքին աշխարհի հետ շփվելուց: Երկրորդը, առայժմ ակնհայտ է, որ արևմուտքն ընդհանրապես և ԵՄ անդամ երկրները մասնավորապես շատ հակված չեն վճռական գործողությունների, և այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դա արձանագրեց: Այդ դիսկուրսը կա նաև Եվրոպայում. այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ նոր թեմա առաջարկեց եվրոպական հանրությանը»:

Մեր հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա այդ հայտարարությունը, հնարավո՞ր է նաև հակառակ էֆեկտն ունենա, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Միևնույն է, ԵՄ-ում կա այդ դիսկուրսը. սա հերթական կարծիք կարելի է համարել, որն այդ դիսկուրսում իր որոշակի դերակատարությունը կունենա, քանի որ ամեն դեպքում աշխարհի և Եվրոպայի ուշադրությունն այսօր բավականին շատ է սևեռված Արցախի պատերազմի վրա, և մեր կողմից ցանկացած քաղաքական հայտարարություն լսելի է դառնում: Միգուցե այլ իրավիճակում ուղղակի արհամարհվեր, բայց հիմա հաշվի է առնվում և այն քննարկումներում, որոնք տեղի են ունենում եվրոպական քաղաքական վերնախավում, հանրության շրջանակներում, դա որոշակի ազդեցություն կունենա»:

Մեր փաստմանը՝ թեև առանձին պատգամավորների և եվրոպական քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտող հայտարարություններ հնչեցին, բայց Եվրոպան շարունակում է խոշոր հաշվով գործուն քայլեր չցուցաբերել, քանի որ ունի որոշ կախվածություն Թուրքիայից՝ միգրանտների և այլ հարցերով, Բորիս Նաասարդյանն արձագանքեց. «Առայժմ մենք տեսնում ենք եվրոպական բյուրոկրատիայի ավանդական դանդաղկոտությունը և սուր խնդիրների վրա աչքեր փակելու սովորությունը:

Դրան մենք սովոր ենք. առաջին անգամ չէ այդպես, բայց ամեն ինչ ունի իր վերջը, և կարծես հիմա բանականության տիրապետող ցանկացած մարդ կարող է հստակ կանխատեսել, որ ահաբեկչական սպառնալիքների աճ կա ԵՄ-ում և այն չի կանգնելու խուսափողական և անորոշ, ոչ վճռական գործողությունների արդյունքում: Մինչև իսկ կարծում եմ՝ ամեն օր ավելի հնարավոր է դառնում նաև թուրք-հունական պատերազմը: Ամեն դեպքում, որ Թուրքիան իր սցենարների մեջ այդ կարգի զարգացում նկատի է ունենում, որոշակի պայմաններում դա կարող է սկսվել ցանկացած, նույնիսկ փոքր կոնֆլիկտից՝ կախված հունական կղզիների հետ: Եվ այդ կարգի կանխատեսումներ թույլ չտալը և դրանց նկատմամբ շատ հստակ գործողություններ չծավալելը արդեն լուրջ չի երևալու»:

Բորիս Նավասարդյանը մյուս կողմից նշեց՝ այնպես չէ, որ շանս չկա, որ եվրոպական մայրաքաղաքներում դրանց կսկսեն ավելի իրատեսական մոտեցում դրսևորել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031