Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի փուլ ենք անցնում, որում Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկչական խմբերը սկսել են թիրախավորել նաեւ ՀՀ տարածքը». քաղաքագետ

Հոկտեմբեր 31,2020 15:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

«Հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ-ին՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,-ասված է նամակում:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ այս քայլն ուշացած չէ, որովհետեւ այնպիսի փուլ ենք անցնում, որում Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկչական խմբերը սկսել են թիրախավորել նաեւ ՀՀ տարածքը: «Սա մի քանի օրվա կտրվածքով ակտիվացած գործողությունների ողջ պատկերն է: Դեռ ունենք իրավիճակ, երբ այդ գործողությունները ՀՀ տարածքի հանդեպ անկանոն են, կրում են հատվածային բնույթ, եւ, իհարկե, հղի են ավելի լայն գործողությունների վերաճելու տրամաբանությամբ եւ հնարավորությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում շեշտեց Կարեն Վերանյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ տեսանկյունից նամակի հասցեագրումը համապատասխանում է իրավիճակից բխող բոլոր տրամաբանական գործընթացներին եւ հետեւանքներին. «Եթե հայկական կողմը մինչ այս դիմեր ռուսական կողմին՝ պայմանագրից բխող աջակցություն ստանալու նպատակով, խնդիրը հստակ կլիներ՝ հիմնական գործողությունները տեղի են ունենում Արցախի ուղղությամբ եւ այդ պատճառով ռուսական կողմը հասկանալի լեզվով կհայտարարեր, որ գործողությունները ՀՀ տարածքում չեն: Հետեւաբար, անիմաստ կլինեի ռուսական կողմին դիմելը, որովհետեւ ռուսական կողմի հիմնավոր պատասխանը նախապես հայտնի կլիներ»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ նշյալ պայմանագրի 2-րդ կետով նախատեսված է, որ եթե պայմանագրի կողմերից մեկի անվտանգությանը սպառնալիք է առկա, կողմը դիմում է մյուս կողմին՝ սկսելու պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ, որոնցով հստակ եւ առարկայական կորոշվեն աջակցության հարցերը, ծավալը, տեսակները: 1997-ին ստորագրված այդ պայմանագրի 2-րդ հոդվածն է. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով:

Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:

Հետաքրքրվեցինք՝ այս քայլով տվյալ փուլում իրավիճակի կարգավորման համատեքստում Ռուսաստանի դերն ու ազդեցությունն ինչպիսի՞ հարթության վրա է տեղափոխվում: «Նամակից բխող տրամաբանության պարագայում գործ ունենք հատվածային խնդրի հետ, այսինքն՝ ՀՀ տարածքի եւ անվտանգության ապահովման հարցի հետ: Այսինքն, ուղերձը հենց սրան է վերաբերում»,-նախ նշեց Կարեն Վերանյանը, ապա հավելեց,-«Բայց մնացած հարցերի հետ կապված Ռուսաստանն, իհարկե, ունի իր քաղաքական եւ դիվանագիտական միջնորդական առաքելությունն ու ներգրավվածությունը, որը դրական է եւ ողջունելի՝ նկատի ունենալով արցախյան հակամարտության գոտու շուրջ ստեղծված իրավիճակը եւ Արցախի դեմ ռազմական գործողությունները:

Այս գործընթացում ռուսական կողմն ունի ընդհանուր եւ թիրախային քաղաքական, անվտանգային ներգրավվածություն, բայց կոնկրետ այս պայմանագրից բխող հնարավոր զարգացումները վերաբերում են ՀՀ-ՌԴ հարաբերություններին: Համարվում է, որ իրավական տեսանկյունից Ռուսաստանի պատասխանատվության գոտուց դուրս է այն ամենը, ինչը ռազմական գործողությունների առումով տեղի է ունենում Արցախի շուրջ: Հետեւաբար, Ռուսաստանը չի արձագանքում այնպես, ինչպես կարձագանքեր, եթե ամբողջությամբ թիրախավորվեր ՀՀ տարածքը»:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է նամակին. «Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031