Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապիտան Մելսիդա Հարությունյան․ «Բոլորն էլ իմ երեխաներն են, ես հարուստ մայր եմ»

Հոկտեմբեր 31,2020 14:17

Կապիտան Մելսիդա Հարությունյանը, չնայած որ արդեն թոշակի է անցել, պատերազմի առաջին օրերից կամավորագրվել է «Կարմիր բերետներ» ջոկատին։

Սա Մելսիդայի երրորդ պատերազմն է, և 1991 թվականից առ այսօր գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ 1992 և 1994 թվականներին վիրավորում է ստացել, և բուժվելուց հետո ծառայության է անցել պաշտպանության բանակում։ Այժմ բնակվում է Մարտակերտ քաղաքում։

«Երբ որ սկսվեց այս պատերազմը, կիրակի օր էր, հանգստանում էի տանը, քույրս էլ էր ինձ հետ, մեր ճաշարանում էր աշխատում։ Ինքն առավոտյան գնում է ռմբակոծությունների տակով, հասնում զորամաս, այնտեղից անմիջապես հասցնում են Դրմբոն, չեն թողնում զորամասում մնա։ Դրանից հետո չորս օր ռմբակոծության տակ մենք մնացել ենք Մարտակերտում, որովհետև էլ հնարավոր չէր, դատարկվել էր Մարտակերտը, դուրս չէինք ուզում գալ։ Ուզում էի զորամաս տեղափոխվել, բայց քանի որ հնարավոր չէր, վարչակազմի աշխատակազմից տեսան, և հինգերորդ օրը մեքենաներով հանել ենք Մարտակերտից։ Այդ հինգ օրերին մենք եղել ենք Մարտակերտում ռմբակոծության տակ՝ իմ տանը՝ բանակից ստացած ծառայողական բնակարանում»,- հիշում է Մելսիդան։

Նրա խոսքով՝ այս պատերազմը նման չէ նախկին պատերազմներին․ «Սա հանկարծակի հարձակում էր, որը ոչ մի պետություն երևի չէր սպասում նման հարձակման որևէ պետության վրա։ Ամեն տեսակի զենքերից աշխատում են, առաջինը՝ օդայինը։ Եթե օդայինը չլինի՝ այդ կամիկաձեները, անօդաչու թռչող սարքերը, եթե չլինեն ինքնաթիռները, որոնք ռմբակոծում են, եթե չլինի «Սմերչը» իրենց… Շատ եթեներ կան։ Եթե այդ եթեները չլինեն, ոտքով մենք մինչև Բաքու էլ կհասնենք։

Այնպիսի առյուծ տղաներ են կռվում, նամանավանդ մեր 2000, 2001, 2002 թվականների այդ անմեղ երեխաները։ Արդեն երեք սերունդ է, մենք կորցնում ենք։ Մեր աճը գնալով նվազում է, բայց էլի ամեն դեպքում կանայքով էլ ենք կռվում։ Ասում են՝ հայի սիրտը ինչո՞ւմն է։ Անվախության մեջ։ Եթե մենք մեր հողից կտրվենք, մենք արդեն էլ պետություն չենք լինի։ Ես, օրինակ, մտածում եմ ոչ այդքան Երևանի՝ Հայաստանի մասին, ինչքան Ղարաբաղի մասին, որովհետև Ղարաբաղում արդեն երեք անգամ այս ժողովուրդը թողած ամեն ինչ, ինչ որ ստեղծում են, թողած ամեն ինչ՝ չգիտեն՝ փախչե՞ն, թե մնան ռմբակոծության տակ»։

Մելսիդայի փոխարինողներն են եկել, սակայն նա հրաժարվել է գնալ՝ պնդելով, որ մինչև վերջ մնալու է։ Քանի դեռ թեկուզ չնչին, բայց ինչ-որ մի բանով կարող է օգտակար լինել հայրենիքին, պատրաստ է մնալ․ «Մինչև վերջ կանգնելու ենք։ Հիմա փոխարինողը եկել է, բայց ես հրաժարվում եմ գնալ։ Իմ պարտքն է, որ լինեմ բոլորի կողքին։ Բազայում, եթե մեկը մատը ճղում է, ես անհանգստանում եմ։ Ես չեմ ուզում, որ այս մարտական կամավոր եկած ընկերներից որևիցե մեկի մատն անգամ ճղվի կամ փուշ մտնի։ Ամեն ինչի պատրաստ եմ ես։ Դա իմ պարտականությունն է, բազան իմ աչքի առաջ է, ես բազայի համար պատասխանատու եմ։ Փառք Աստծո, որ մեր եկած այս տղաներից մինչև հիմա այս 20 օրում դեռ վիրավոր չունենք, անգամ թեթև քերծվածք էլ չունենք»։

Նա ընդգծում է, որ տղաները բոլորը միահամուռ կանգնած են․ բոլորն էլ գիտեն, թե ինչի համար են եկել․ «Այն սպանդը, որ արել են 1915 թվականին թուրքերը, 100 տարի հետո սկսեց մնացածը ավարտին հասցնելու գործընթացը։ Ճիշտ է, այն ժամանակ զենք չեն ունեցել հայերը, իսկ հիմա հզոր ենք մենք։ Ճիշտ է, կորցնում ենք շատ երիտասարդների, ցավում եմ մեր Հայաստանի բոլոր մայրերի համար, ես համարյա լացով եմ ասում, մեր երեխաների համար, որոնք պետք է աճեին և սերունդ տային։ Թո՛ղ բոլոր մայրերը հպարտ լինեն, որ իրենց համար իրենց զավակները իրենց կյանքը տվեցին։ Ես պատրաստ եմ իմ կյանքն էլ դնել։

Ես ոչ թե վախենում եմ մահից, այլ վախենում եմ, որ մեր Հայաստանում որոշում չկայացվի, որ այս սերունդը հանկարծ ու հանկարծ թուրքի երրորդ եղեռնը չավարտի։ Բոլոր մայրերին համբերություն եմ ցանկանում, բոլորի առաջ խոնարհվում եմ։ Ես ինքս այս բոլորի մայրն եմ ինձ համարում, բոլորի համար պատրաստ եմ։ Մենք հաղթելու ենք։ Կգա մի օր, և մենք ուրախությունից կարտասվենք, ոչ թե հիմա այն վշտից, որ կորուստներ ենք տվել։ Բայց ամեն դեպքում պատերազմը մնում է պատերազմ, ոչ ոք չի ուզում պատերազմ լինի, ես էլ չեմ ուզում»։

 

Իսկ որպես կամավոր ամեն հնարավոր դեպքերում փորձում է օգտակար լինել՝ և՛ բուժօգնություն է տրամադրում, և՛ օգնում է ուտելիք պատրաստել, և՛ անհրաժեշտության դեպքում օգնում է մյուս կամավորներին, օրինակ, մազերը կտրել․ «Մենք հիմա մոռացել ենք, որ կին ենք։ Ճիշտ է, քնապարկերում ենք, բայց դա մեզ համար մեծ երջանկություն է, որ մենք մեր եղբայրների, մեր ընկերների, մեր երեխաների կողքին ենք, որ գիտենք՝ ինչ ենք անում»։

Մելսիդան Մարտակերտում թողել է իր բնակարանը, և դեռ տուն չի գնացել, և չգիտի էլ, թե ինչ վիճակում է իր բնակարանը։ Տան մասին խոսելիս Մելսիդան հիշում է «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմը․ «Երբ Հրաչյա Ներսիսյանը կանգնում է Թուրքիայում գետին ու նայում է, արցունքն աչքերին ասում է՝ «Տունս այնքան մոտ է, որ ուզում եմ մի քայլով մտնել, բայց չեմ կարողանում»»։

Սակայն, ավելացնում է․ «Պատերազմից հետո էլ, տեսնենք, կվերակառուցենք ավերվածությունները։ Տա աստված, կենդանի ուժի կորուստ չունենանք, ամենացավալին դա է, մնացածը ստեղծելու բան է։ Չլինեն իրենց օդային հարվածները, մենք Ադրբեջան էլ կմտնենք, Արևմտյան Հայաստան էլ, բոլորն էլ կանգնած են՝ առյուծի էլ, արծվի նման էլ։ Բոլոր տղաներն էլ արծիվ ու առյուծ են, թո՛ղ ոչ ոք էլ չկասկածի»։

Մելսիդան հպարտանում է, որ չնայած այն հանգամանքին, որ չունի երեխաներ, ունի շատ մեծ ընտանիք․ «Ես եկել եմ և՛ իմ քրոջ տեղը, և՛ իմ ծնողների, և՛ իմ չծնված երեխաների տեղը։ Ես բոլորի տեղում կանգնած եմ 29 տարի։ Եվ բոլորն էլ իմ երեխաներն են, ես հարուստ մայր եմ։ Ամեն մայր կերազի ինձ նման հարուստ լինի՝ կապ չունի՝ դու ես ծնել։ Աչքիդ առաջ է ամեն ինչ, բոլորի համար ցավ ես ապրում։

Բայց տունը թո՛ղ ռմբակոծեն, ինչ ուզում են անեն։ Ոչ ոք մեռնելուց հետո ոչինչ չի տանում իր հետ, կարևորը լավ անուն թողնելն է, կարևորը հաղթական կանգնելն է քո հողի վրա, կարևորը քո ժողովրդի համար մի բան անելն է։ Հարցն այն չէ, որ կուտակեմ տակս լցնեմ, բայց ոչ մի անուն չունենամ, անհիշատակ գնամ։ Արա ազգիդ համար, դու արդեն հարուստ ես։ Ինձ բոլորն են ճանաչում, ես դրանով եմ հարուստ։ Կարող է Աստված ինձ էլ այս առաքելությունն է տվել, և ես չեմ դժգոհում դրանից»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031