ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնը՝ նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին:
Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերայով:
Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները: Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա»՝ պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:
Հիշյալ պրեմիերաներին՝ ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:
Կարդացեք նաև
Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցությամբ ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Մեր թիկունքը լինելու է մշակութային առաջնագիծ ու մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ:
«Նվիրում Արցախին» խորագրով ֆիլմերի ցուցադրությունները կկայանան Կինոյի տանը (հասցե՝ ք. Երևան, Վարդանանաց 18, մուտքը Խանջյան փողոցից): Ելնելով համավարակային իրավիճակից և դրանով պայմանավորված անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունից՝ դահլիճում տերը սահմանափակ են( 150 տեղ):
Տոմսերը կվաճառվեն ցուցադրությունների օրերին, Կինոյի տանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ