Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանի պատգամավոր. Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2020 10:33

Այսօր պաշտոնական Երեւանից հաճախ հակասական հայտարարություններ են հնչում: Մեկ՝ որ բանակցային դռները փակ են, մեկ էլ՝ ամեն օր կոնսուլտացիաներ ու հանդիպումներ են լինում՝ Մոսկվա, Վաշինգտոն, Ժնեւ: Ո՞ր ճանապարհն ավելի արագ կբերի խաղաղության՝ պատերազմի՞, թե՞ բանակցությունների: Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Դավիթ Գալստյանը կարծում է, որ 2 ուղիները պետք է համադրել: «Եթե բանակցություններ չկան, ապա պատերազմը շատ ավելի երկար է տեւում: Պետք է փորձել բանակցային սեղանի շուրջ նստել»,- ասում է նա:

– Այսինքն, սխա՞լ է ասել, որ բանակցային դուռը փակ է:

– Դա ճիշտ չէ: Բանակցությունները պետք է վերականգնվեն, որպեսզի հաստատվի հրադադար, ու բանակցային սեղանի շուրջ բերվի այն օրակարգը, որը որ մենք ունենք՝ Արցախի անկախության ճանաչում եւ դրան զուգահեռ մնացած հարցերը:

– Որ ասում են՝ բանակցություններ չկան, փակուղի է, որովհետեւ ձեր ասած օրակարգը չի տալիս բանակցելու ճանապարհ, ուրեմն, միակ ուղին պատերազմն է:

– Պատերազմը չի կարող ավարտվել պատերազմով: Ցանկացած պատերազմից հետո լինում է բանակցություն, եւ բանակցային սեղանի շուրջ են խաղաղությունն ու հրադադարը հաստատվում։

– Պատերազմը «թանկ հաճույք» է: Եթե շարունակվում է, արդյոք բավարա՞ր են ֆինանսական ռեսուրսները, որ հիմա տրամադրվում են:

– Եկեք ռեսուրսների մասին չխոսենք։ Ամենակարեւորը հիմա ոչ թե ռեսուրսներն են, այլ՝ մարտական ոգին, որը թե՛ աշխարհազորի, թե՛ պահեստազորի, թե՛ մեր կանոնավոր բանակի մոտ տեղում է: Դա ավելի կարեւոր է, քան մնացած այլ հարցերը։ Այսօր բոլորն իրենց առաջադրված խնդիրը լուծում են:

– Այսինքն, զուտ ապավինելով զինվորի ոգուն՝ ուզում ենք բեկո՞ւմ մտցնել:

– Ոչ թե զուտ ապավինելով, այլ շատ կարեւոր է զինվորի ոգին: Իհարկե, զուգահեռները Ձեր ասած զենք-զինամթերքի խնդիրն է, բայց դրա մասին չենք խոսում։

– Լավ, դրա մասին չխոսենք, պե՞տք է ավելի լուրջ ֆինանսական հոսքեր ուղղել ռազմական նպատակներին:

– Այսպես ասեմ՝ ուղղվում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի բանակն իր առջեւ դրած խնդիրները կատարի։

– Կառավարման առումով ի՞նչն է առաջնայինը:

– Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, մոռանալ «նախկիններ-ներկաներ» հասկացությունը, մի կողմ դնել տարաձայնությունները եւ բոլորի ջանքերը ներդնել հանուն հայրենիքի փրկության: Կոչ եմ անում բոլոր առողջ ուժերին՝ համախմբվել, որովհետեւ այսօր սեղանին դրված է հայ ազգի ապագան: Պետք է պատվով այս փորձության միջից դուրս գալ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031