Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ․ «Մենք պիտի չհոգնենք էս կռվից, մինչեւ վերջ պիտի գնանք»․ «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2020 09:20

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, որ պատերազմի առաջին օրերից Արցախի հյուսիսային սահմաններին է, վստահեցնում է՝ Շուշին անառիկ է, իսկ Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի կոչը զուտ մարտակոչ է, սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել հայրենիքի պաշտպանությանը:

«Ես, իհարկե, այդ կողմում չեմ, բայց վստահ եմ, որ Շուշիում մենք ոչ մի խնդիր չունենք: Այնտեղ դիվերսիոն խմբեր են մոտեցել, որոնք բոլորն էլ վնասազերծվել են: Փառք ու պատիվ մեր զինված ուժերին, որ այդ ամենը շատ դիպուկ իրականացնում են: Շուշին բարձունքի վրա է, մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եթե Շուշիին վտանգ է սպառնում, նշանակում է՝ Արցախին է վտանգ սպառնում: Սա էր ուզում ասել Արցախի նախագահը»,- ասում է Պետրոսյանը:

Վերջինս, ի դեպ, երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ: «Ամենամեծ պաշտոնն իմ կյանքում զինվոր կոչումն է, դրանից բարձր պաշտոն գոյություն չունի ինձ համար»,- ի պատասխան շնորհավորանքի՝ պատասխանում է ազատամարտիկը:

Ըստ Պետրոսյանի՝ իր, ինչպես եւ երեկ վարչապետի կողմից նշանակված մյուս փոխմարզպետների նշանակումը պայմանավորված է աշխարհազորի ձեւավորմամբ: Աշխարհազոր ձեւավորելու մասին օրենքի համաձայն՝ աշխարհազորային բրիգադը ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը:

Պետրոսյանը ընդգծում է՝ ի սկզբանե դեմ է եղել, որ օրենքում նման պահանջ դրվի, քանի որ մարզպետի տեղակալի պաշտոնը փոքր ինչ քաղաքական պաշտոն է, իսկ զինվորականը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, նա պետք է ենթարկվի միայն շտաբի պետին:

Ամեն դեպքում նա պատրաստ է ղեկավարել Արագածոտնի մարզում ձեւավորվող աշխարհազորայինների բրիգադը:

«Պատերազմը շատ ավելի շուտ սկսվեց, քան մենք աշխարհազորը ձեւավորեցինք, դրա համար ես իմ ստորաբաժանման հետ ուրիշ ուղղության վրա արդեն իմ խնդիրները կատարում եմ: Բայց եթե ղեկավարությունը կհամարի, որ պետք է մարզից նոր ջոկատ ձեւավորվի, եւ ես նրանց հետ այլ ուղղության վրա խնդիր կատարեմ, ես կտեղափոխվեմ: Մենք պետք է վաղուց աշխարհազորը ձեւավորած լինեինք, որ պատերազմի սկսվելու պահին մոբիլիզացիայի խնդիր չառաջանար: Բայց հաջորդ գործողությունների համար դրանք հաստատ պետք կգան, որովհետեւ վստահ եմ, որ մենք պիտի միշտ այդ առումով պատրաստ լինենք: Այնպես որ այդ կարգավիճակն առաջիկայում իր դրական ազդեցությունն ունենալու է, որովհետեւ մենք ինչքան կազմակերպված լինենք, մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Հարցին, թե ինչ ժամկետում է պատկերացնում հաղթանակը՝ ազատամարտիկը պատասխանում է. «Չենք շտապում, մեր համար կարեւորը, որ էնպիսի հաղթանակ արձանագրենք, որ գոնե 2-3 սերունդ էս պատերազմը չտեսնի, իսկ դրա համար մենք պիտի ամենաքիչը մինչեւ Քուր հասնենք, ոչ ոք չպիտի կասեցնի մեզ: Եթե քաղաքական առումով Ադրբեջանը հետեւություն կանի, կգա մեր իշխանությունների ոտքերն ընկնի, որ այս պայքարն ավարտվի, թող գան, եթե չէ՝ ուրեմն մենք պիտի չհոգնենք էս կռվից, մինչեւ վերջ պիտի գնանք»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031