Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրադադարի յուրաքանչյուր փորձի ժամանակ Թուրքիան փորձել է իրեն պարտադրել նախ որպես միջնորդ․ «Ազգ»

Հոկտեմբեր 31,2020 08:00

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի երեք համանախագահներ չկարողացան հասնել հրադադարի: Երրորդ փորձից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական բոլոր ուժերը դուրս չեն եկել Ղարաբաղից. Հայկական կողմի համար կապիտուլյացիայի վերջնագիր: Մինչդեռ Մինսկի խումբը փուչ հայտարարություններ է տարածում՝ մեղադրելով երկու կողմերին:

Ինքը՝ Ալիեւը, կորցրել է իր վերահսկողությունը իր կառավարության եւ բանակի նկատմամբ, ուստի չի կարող միայնակ կանգնել ԵԱՀԿ համանախագահների եւ միջազգային հանրության դեմ: Նրա մեծամտությունը փոխառված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Վերջինս անցյալ շաբաթ Ստամբուլի հայկական եկեղեցում մասնակցեց թաղման արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելու իր Արդարություն եւ զարգացում (AK) կուսակցության միակ հայ անդամ Մարգար Եսայանին: Սգո պատարագի ընթացքում պատրիարք Սահակ արք. Մաշալյանին հաջողվեց իր դամբանական խոսքում ներառել Ղարաբաղի պատերազմի թեման: Արարողության ավարտին, եկեղեցուց դուրս գալուց առաջ, Էրդողանը նշանակալից հայտարարություն արեց. «Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունում մասնակցելու նույն իրավունքն ունի, ինչ Ռուսաստանը»:

Այս հայտարարությունը փազըլի բանալին է տալիս: Հրադադարի յուրաքանչյուր փորձի ժամանակ Թուրքիան փորձել է իրեն պարտադրել նախ որպես միջնորդ, այնուհետեւ իր զինուժի թեկնածությունը ապահովել որպես պոտենցիալ խաղաղապահ, եւ, վերջապես, նա դարձել է ռազմաճակատի դերակատար՝ խանգարող: Նա կշարունակի մնալ այս դերում մինչեւ իր նպատակին հասնելը, բայց մինչ այժմ նրան հաջողվել է ստեղծել փակուղային իրավիճակ, որը թույլ չի տալիս Ռուսաստանին գործողությունների լիակատար ազատություն ունենալ Կովկասում:

Սիրիայից հետո նույն սցենարը օգտագործվեց Լիբիայում, որտեղ փակուղին, ի վերջո, ավելի նվազ հաջող եղավ, քանի որ բացի Ռուսաստանից, հավասարման հակառակ կողմում էին Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը:

Հիմա նույնը տեղի է ունենում Կովկասում, որտեղ արդեն ընթանում է գլոբալ բնույթի հակամարտություն:

Թուրքիան պարտադրում է ճանապարհ հարթել դեպի Թուրանական կայսրություն իրականացնելու իր երազանքըՙ համոզելով Արեւմուտքին, որ ինքը այլասիրակա՜ն դեր է խաղում ՙ շրջապատելով Ռուսաստանը եւ նյարդայնացնելով Իրանին:

Ակնհայտ է, որ Էրդողանը չի հանգստանա, քանի դեռ չի հասցրել խոսելու իրավունք ունենալ Արցախի հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում՝ պահպանելով մնացորդային ռազմական ներկայությունը: Էրդողանը չէր կարող ընտրել պատերազմի համար ավելի լավ ժամանակ, քան հիմա, երբ COVID համաճարակը տապալեց Հայաստանի առողջապահական համակարգը եւ երբ ԱՄՆ-ում խառնաշփոթ է նախագահական փոթորկալի ընտրարշավում, այնքանով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նախագահ Դոնալդ Թրամփը բանավոր խոսքից բացի այլ առաջարկ չունեն. մինչ հայկական երկու հանրապետությունների հազարավոր բնակիչներ սպանվում են ադրբեջանական, թուրքական եւ իսլամական ջիհադիստների միավորված ուժերի ձեռքով:

Հայերը դժկամությամբ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ այս գոյութենական պատերազմում մի քանի երկրներ ընդդիմանում են նրանց, օժանդակում եւ աջակցում են ցեղասպանության հեղինակներին:

Իսրայելի անօդաչու թռչող սարքերը ապացուցեցին, որ ամենամահացուն են այս հակամարտությունում: Ինչպես Ղարաբաղյան անցած պատերազմներում, Ուկրաինան սպառազինություն էր մատակարարում Ադրբեջան: Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսը, արդեն խառնաշփոթ վիճակում գտնվող պետություն, կարողացավ սպառազինություն մատակարարել՝ հեգնանքի առարկա դարձնելով նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ են Հայաստանն ու Բելառուսը:

Վրաստանը երեսպաշտորեն հայտարարեց, որ փակում է իր օդային տարածքը երկու պատերազմող կողմերի համար: Բայց այսօր ոչինչ չի կարելի գաղտնի պահել. Թուրքիան Ադրբեջանին զենք մատակարարելու համար օգտագործեց Վրաստանի օդային տարածքը:

Այս անբարյացակամ ժողովուրդների թշնամանքին հակազդելու համար Ֆրանսիան եւ Գերմանիան խորհրդարանական պատվիրակություններ ուղարկեցին Հայաստան եւ Ղարաբաղ: Միակ բարձրաստիճան դիվանագետը, որը ակտիվ համերաշխություն ցուցաբերեց, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն էր, որն այցելեց Հայաստան, այնուհետեւ Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու ճգնաժամը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բանավոր էր աջակցում: Նա մատնացույց արեց Թուրքիային` ահաբեկչական վարձկաններին ռազմի դաշտ մտցնելու համար: Ավելի ուշ, երբ նա խոսեց ֆրանսերենի ուսուցչի սպանության մասին, որն իր դասարանին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի երգիծանկարը, զայրացած Էրդողանը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ տվեց դիմել հոգեբանի: Նա նաեւ կանցլեր Մերկելին մեղադրեց նացիստական մտածելակերպը պաշտպանելու մեջ: Եվրոպայի պետական դեմքերն իրենց արժանապատվությունից ցածր են համարում նույն մակարդակով պատասխանել Սուլթանին:

Չնայած հայկական սփյուռքի ակտիվությունը կարողացավ համոզել Կանադային դադարեցնել անօդաչու թռչող սարքերի մասերը Ադրբեջան տեղափոխելը, այդ նույն ակտիվությունը դեռեւս արդյունք չի տվել ԱՄՆ վարչակազմի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կիրառման համար, որն արգելում է ռազմական տեխնիկայի որեւէ տեղափոխում Ադրբեջան; քանի դեռ վերջինս շարունակում է իր թշնամանքը Հայաստանի հանդեպ:

Հայկական դիվանագիտությունը լավ է աշխատել ճնշումի տակ: Դիվանագետները ստիպված էին սովորել գործել ճնշման տակ: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շրջել է աշխարհով մեկ: Նա Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էր վարում Լավրովի, ապա Վաշինգտոնում եւ Եվրոպայում՝ հարցազրույցների եւ դասախոսությունների միջեւ:

Արաբական աշխարհը հիմնականում անտեսվում է Հայաստանի ղեկավարության կողմից, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրներում բնակվում են մեծաթիվ հայկական համայնքներ: Հաշվի առնելով մահմեդական աշխարհի ներկայիս բեւեռացումը,որտեղ Թուրքիան հակադարձում է Սաուդյան Արաբիային սուննիական աշխարհում առաջնորդության դերի համար, Հայաստանը պետք է կենտրոնանա դրա վրա: Այնուամենայնիվ, նախագահ Սարգսյանը տեղյակ է աշխարհի այս հատվածի ազդեցիկությանը: Եգիպտական նշանավոր «Ալ-Ահրամ» թերթին տված նրա լայնածավալ հարցազրույցը բացեց արաբական աշխարհի աչքերը:

Հայաստանն ունի չափազանց շատ թշնամիներ եւ քիչ ընկերներ:

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակավ դիմել է նախագահ Պուտինին՝ օգնության խնդրանքով:

Այդ կոչն ինքնին խոսուն է:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031