Ներմուծելով եւ գնելով թուրքական արտադրության ապրանքները, առաջին հերթին խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությունը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն:
Բացի դրանից, վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողությունները այդ ապրանքների միջոցով: Եվ վերջապես, դժվարություններ ստեղծում այն ապրանքների արտադրության ստեղծման եւ զարգացման համար, որոնց տեղում արտադրելու հնարավորություններն առկա են: Ցավալի է, բայց թուրքական ներմուծումն արգելելու որոշումն ընդունվեց միայն այն բանից հետո, երբ սպառնացող վտանգը սկսեց գործել՝ սանձազերծվեց ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմ Արցախի եւ ամբողջ հայ ժողովրդի դեմ:
Այսպիսով, կառավարությունը որոշեց 2021 թ.-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Թվարկենք Հայաստան ներմուծվող թուրքական հիմնական ապրանքախմբերը՝ հագուստ՝ 69,4 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ՝ 35,3 մլն դոլար, նավթ եւ նավթամթերք՝ 24,3 մլն դոլար, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ մաքրող-լվացող միջոցներ, կոսմետիկա եւ այլն՝ 23,6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր՝ 21,6 մլն դոլար, ցիտրուսային մրգեր՝ 10,3 մլն դոլար, շինանյութ: 2019 թ.-ին ընդհանուր առմամբ ներմուծվել է մոտ 268 մլն դոլարի ապրանք: Հաշվի առնելով, որ արգելվելու է ներմուծել ապրանքների բազմազան տեսականի, մի քանի հարցեր եւ մտահոգություններ են առաջանում:
Առաջինը՝ հնարավո՞ր է տեղական արտադրության կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքներով փոխարինվեն թուրքական ապրանքները: Անշուշտ: Եթե ոչ բոլոր թուրքական ապրանքների դեպքում ունենք տեղական արտադրության փոխարինող ապրանքներ, ապա այլ երկներից ներմուծվածը հիմա էլ ունենք: 2015 թ.-ին Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նոր հնարավորություններ է ընձեռում նմանատիպ ապրանքներ ներմուծել այդ միության անդամ երկրներից:
Կարդացեք նաև
Այսինքն, Թուրքիայից ներմուծվող ոչ մի ապրանք բացառիկ եւ անփոխարինելի չէ, ընդ որում՝ ոչ գնային, ոչ որակական առումով: Գոյություն ունեցող թյուր տեսակետը, թե թուրքական ապրանքը էժան է, չի համապատասանում իրականությանը: Ավելին, թուրքական ապրանքներից շատերի գներն այնքան բարձր են, որ հասնում են զարգացած երկրներից ներմուծված համանման ապրանքների գներին:
Միաժամանակ, հարկ է պետության կողմից աշխատանքներ տանել մատչելի եւ որակական հատկանիշներով թուրքական ապրանքներին առնվազն չզիջող ապրանքներ արտադրող երկրներից ներմուծման հնարավորություններ ստեղծելու համար: Խոսքը հատկապես բրենդային ապրանքների պատենտավորմամբ հայտնի երկրների մասին է՝ Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Բանգլադեշ, Բիրմա, Հնդկաստան, Նեպալ եւ այլն: Ի դեպ, այդ երկրներից, օրինակ՝ Վիետնամը ԵԱՏՄ-ի հետ բարենպաստ առեւտրային ռեժիմի մասին պայմանագիր ունի:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում