Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտությամբ՝ Արցախի համար

Հոկտեմբեր 31,2020 12:00

Պատերազմի առաջին օրվանից մենք մեր թիկունքին զգացինք Սփյուռքի հզոր ուժը։

Այդ հզորությունից վախեցած թշնամին հիմա էլ ողջ աշխարհում է սկսել իր վայրագությունները հայերի նկատմամբ՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելով մուրճերով ու դանակներով։

Ի հակադրություն այդ էժանագին քայլերի, Սփյուռքի մեր արվեստագետները նաեւ մշակույթի լեզվով են պատասխանում։

Վերջերս Մոսկվայի НИКО պատկերասրահի ֆեյսբուքյան էջում ականատեսը եղանք «Երաժշտությունը՝ Արցախի համար» համերգ-մարաթոնին, որտեղ իրենց բարձրարվեստ կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Պոլինա Օսետինսկայան, Յակով Կացնելսոնը, Աննա Գենյուշենեն, Լուկաս Գենյուշասը, Բեռլինսկու անվան լարային քառյակը, ջութակահարուհի Ելենա Րեիչը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Հայկ Գազազյանը եւ այլ ճանաչված երաժիշտներ։ Համերգ-մարաթոնին տեսաձայնագրությամբ ելույթ ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը՝ հնչեցնելով Կոմիտասի «Չինար ես»-ը եւ Թամարի արիոզոն Արմեն Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերայից, կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանի ընկերակցությամբ։

Վարսենիկ Ավանյանը եւ Ելենա Վարդազարյանը՝ Բերդ քաղաքի մշակույթի տան բակում համերգի ժամանակ, տավուշյան դեպքերից հետո (օգոստոսի 14, 2020թ.)։

«Առավոտը» երգչուհուն հանդիպեց Ազգային օպերային թատրոնի մեծ բեմում, որտեղ այս օրերին թատրոնի ողջ կոլեկտիվը զբաղված է քողարկող ցանցեր գործելով։

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց իր մասնակցությունը մոսկովյան բարեգործական համերգ-մարաթոնին, Վարսենիկ Ավանյանը նախ նշեց, որ НИКО պատկերասրահի տնօրեն Գայանե Նիկողոսյանը եւ Opera apriori համերգային գործակալության հիմնադիր տնօրեն Ելենա Կարագիզյանը մինչ մարաթոնն իրենց ֆեյսբուքյան էջերում կայանալիք համերգ-մարաթոնի կապակցությամբ հայտարարություններ էին տեղադրել։

«Ուշագրավ էր տիկին Կարագիզյանի գրառումը, որից տեղեկացա, որ նա դեռեւս 2011թ. նոյեմբերին մասնակից է եղել «Երաժշտությունը՝ հանուն խաղաղության» բարեգործական համերգին, որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Գինդինը, որը կրոնական, ազգային հողի վրա կոնֆլիկտներ ունեցող 13 երկրից հավաքագրել էր դաշնակահարների։ Անմիջապես տիկին Կարագիզյանի մոտ միտք էր հղացել Արցախի ու Հայաստանի համար այս դժվար օրերին նման միջոցառում կազմակերպել՝ ընդգրկելով երաժիշտների, որոնք այս պահին Մոսկվայում են։ Այս մտահղացումը ողջունել է Գայանե Նիկողոսյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Մանրամասնելով էլ տեղեկացրեց, որ բարեգործական համերգ-մարաթոնի մուտքը ազատ է եղել, ներկա հանդիսատեսն էլ ակտիվ մասնակցել է հանգանակությանը։ Երգչուհին մտաբերեց Ելենա Կարագիզյանի հայտարարության վերջին տողերը. «Մենք ոգու զինվորներ ենք եւ մեր միակ զենքը սերն է՝ սերը հայրենիքի, կյանքի, երեխայի, ծնողի… երաժշտության ու գեղեցկության հանդեպ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

30.10.2020

Գլխավոր լուսանկարում՝ Ազգային օպերային թատրոնի բեմը վերածվել է արտադրամասի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031