Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ». «Մարտի մեկի գործով» արդարացում

Հոկտեմբեր 31,2020 12:30

Նախորդ օրը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հրապարակեց որոշումը եւ բեկանեց նրա նկատմամբ 2008թ. հուլիսի 16-ի առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի 11.09.2020թ.-ի որոշումը եւ Ասլան Ավետիսյանին ճանաչելով անմեղ, արդարացրեց:

Ասլան Ավետիսյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով` զանգվածային անկարգությունների, որը հայտնի է «Մարտի 1-ի գործ» անվամբ:

Ասլանի տղան էլ օրերս մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է:

Թիվ ԵԿԴ/0100/01/08 քրեական գործով կայացված դատական ակտերի դեմ՝ հիմնարար իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք էր ներկայացրել Ասլան Ավետիսյանի պաշտպանը` փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Առավոտի» հետ հեռավար զրույցի ժամանակ փաստաբանը հիշեցրեց, որ նախաքննության մարմնի կողմից 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:
Ա. Ավետիսյանը 2008 թվականի մարտի 7-ին ձերբակալվել է, 2008 թվականի մարտի 8-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

2008 թվականի մարտի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վ.Հարությունյանը Ա. Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ մերժվել է Ա. Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպան Հ. Մնացականյանի միջնորդությունը:

Որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ա.Ավետիսյանի շահերի պաշտպան Լ. Սիմոնյանը՝ պահանջելով որոշում կայացնել Ա. Ավետիսյանի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ կալանքից ազատելու մասին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 8-ի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքն՝ առանց բավարարման:

Երկու ամիսը լրանալուն պես նրա կալանքը նորից երկարացվել է, իսկ 2008 թվականի մայիսի 27-ին նախաքննական մարմնի կողմից կայացվել է որոշում Ասլան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին: Այն է` «2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ Ասլան Ավետիսյանը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց, դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյան արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» եւ իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»:

2008 թվականի հուլիսի 7-ի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ասլան Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամանակով:

Ասլան Ավետիսյանը 26.09.2008թ.-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք, ինչը 2019թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Փաստաբանի տեղեկացմամբ, առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ ապացուցված է համարել հետեւյալը. «Երեւանի Գրիգոր Լուսավորչի պողոտայում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց 2008թ. մարտի 1-ին սկսված զանգվածային անկարգությունների ընթացքում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցներին դիմադրելու նպատակով ցուցարարները զինվել են ձողերով, մահակներով, քարերով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար նախատեսված այլ առարկաներով: Փակվել են ճանապարհները, այդ տարածքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Հրաժարվելով կատարել օրինախախտ գործողությունները դադարեցնելու ոստիկանության աշխատակիցների պահանջները` անկարգությունների մասնակիցները քարեր, փայտեր եւ այլ առարկաներ են նետել նրանց վրա: Այդ ընթացքում` ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ամբաստանյալ Ասլան Ավետիսյանը իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր է արել:
Անկարգությունների մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախման ընթացքում Ա. Ավետիսյանը գլխի գագաթային շրջանում ստացել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք»:

Նշեք, որ առաջին ատյանի դատարանը հիմք էր ընդունել վկաներ՝ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Սիամանթո Խուդոյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի ՁԱՊՎ-ի պետ Խաչիկ Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ ոստիկան Սերյոժա Շահումյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Արմեն Արսենյանի, նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքները:

Լ. Սիմոնյանը բողոքում նշել էր, որ ոստիկանության աշխատակիցների նախաքննական ցուցմունքները դատաքննության ժամանակ չեն հրապարկվել եւ չեն հետազոտվել:

Ի դեպ, ԵԽԽՎ կողմից ՀՀ վերաբերյալ ընդունված թիվ 1620 բանաձեւի 4.7.3. կետի համաձայն. «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»: Պաշտպանը հղում էր կատարել այդ բանաձեւին:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի` դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե՝ դրա հետեւությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Մինչդեռ, ոստիկանների ցուցմունքները դատարանում չեն հետազոտվել:

«Գտնում եմ, որ ստորադաս դատարանները Ասլան Ավետիսյանի դատավճռի հիմքում դնելով դատաքննության չհետազոտված վկաների նախաքննական ցուցմունքները եւ առերես հարցաքննության արձանագրությունները, խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով կայացրել է չհիմնավորված դատավճիռ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թողնվել է օրինական ուժի մեջ»,-նշել էր Լիպարիտ Սիմոնյանը:

Ըստ փաստաբանի, քրեական գործում առկա չէր արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ասլան Ավետիսյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը։

Ա. Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել, որ ինքը պարբերաբար Լ. Տեր-Պետրոսյանի կազմակերպած ցույցերին մասնակցել է: 2008թ. մարտի 1-ին, ժամը 12-15-ի սահմաններում, գտնվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այդ ժամանակ ժողովրդի մեջ հրմշտոց է սկսվել, իրեն թվացել է, թե ոստիկանության զորքերն առաջ են գալիս: Հրմշտոցը տեւել է 2-3 րոպե, որի ընթացքում վայր ընկած անծանոթ կնոջը օգնելիս ինքը մարմնական վնասվածք է ստացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ասլանի տղան էլ օրերս մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է:

«Առավոտ» օրաթերթ

30.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031