«Կարմիր բերետ» ջոկատի ճամբարի տարածքում ջոկատի անդամները մատուռ են կառուցել։ Ճիշտ է, մատուռը փոքր չափսերի է, բայց մեծ նշանակություն ունի կամավորների համար։
Մատուռը իր ընկերների հետ պատրաստել է Լև Կարապետյանը․ «Այստեղ Աստծո հույսով ենք մենք ապրում: Այստեղ ով էլ բարձրանում է վերև, իջնում է, ինքը հերոս մարդ է։ Կապ չունի՝ ինքը ինչ-որ սխրանք արեց, թե ոչ։ Եթե բարձրացար վերև, կարողացար ողջ ներքև իջնել, ուրեմն՝ հերոս ես։ Ես էլ առաջին անգամ վերև բարձրացա, տեսա՝ մարդիկ ոնց են աղոթում․ ամեն խփելուց աղոթում են»։
Ներքև իջնելուց Լևի մոտ միտք է առաջացել ճամբարում ստեղծել մատուռ՝ գտել է քար և ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստել է եկեղեցանման շենքի նմանությամբ։ Մատուռի ներսում դրել են սրբապատկերներ ու մոմ, որին բոլորը անընդհատ հետևում են, որ հանկարծ չհանգչի։
Կարդացեք նաև
Կամավորների շրջանակում կա նաև քահանա, որը օրհնել է մատուռը, և ամեն երեկո մատուռի շրջակա տարածքում աղոթում է, ծեսեր է կատարում։
Մատուռի ներսում կա նաև ջուր, որը կանայք ցողում են դիրքեր բարձրացող կամավորների վրա։
«Նամանավանդ մեր բարձրանալուց և իջնելուց հետո բոլորը խաչակնքվում-բարձրանում են, խաչակնքվում-իջնում են։ Ինձ թվում է՝ լավ բան եմ արել բոլորի համար: Հուսով եմ՝ դեռ շատ կմնա այստեղ։ Չգիտեմ՝ հաջորդ անգամ մենք այստեղ կգանք, թե՞ չէ, ինձ թվում է չի լինի ինչ-որ մի անձ, որ կարող է սա ջարդի կամ հանի շպրտի»,- ասում է Լևը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ