Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութցի պապիկին գնդակահարելուց հետո ադրբեջանցիները նրա թոռների հետ ինչպե՞ս են ապրելու Արցախում». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 30,2020 23:40

Aravot.am-ը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է տիրում Կապանում, մասնավորապես Դավիթ Բեկ գյուղում, որովհետեւ ըստ տեղեկությունների, կա մեկ զոհ, երկու վիրավոր եւ այրված տներ՝ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում: «Կոնկրետ զոհերի, վիրավորների մասին Դավիթ Բեկում չեմ կարող ասել, այս պահին չունեմ նման տվյալներ: Եթե կա, անպայման հստակեցնելուց հետո կհայտարարենք դրա մասին: Բայց այս ուղղությամբ, այո, մարտական գործողություններ եղել են, եւ Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ, ու կան կոնկրետ հետեւանքներ»,-պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ՊԲ-ն հայտարարել է, որ գերեվարվել է հերթական ահաբեկիչը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կան այլ գերեվարված ահաբեկիչներ, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ այս պահին չի կարող որեւէ թիվ նշել եւ առաջարկեց Պաշտպանության բանակին ուղղել հարցը. «Եթե անհրաժեշտություն լինի, իրենք կներկայացնեն»:

Մեկ այլ լրատվամիջոցի հարցին՝ ՀՀ զինված ուժերն ինչո՞ւ չեն կիրառում անօդաչու թռչող սարքեր, Արծրուն Հովհաննիսյանը կարճ պատասխանեց. «Իսկ ով ասաց, որ չենք կիրառում»: Ապա` կրկին կոչ արեց զինատեսակների, մարտական առանձին դրվագների, մարտավարության եւ այլնի մասին հարցեր չուղղել:

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե որքանով է հավաստի թշնամու կողմից ֆոսֆորային ռումբերի եւ արկերի կիրառության վերաբերյալ տեղեկությունը: «Դեռ ուսումնասիրում ենք, արդյոք ֆոսֆորային արկեր են եղել, թե ոչ, բայց կարող եմ ասել հետեւյալը՝ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հատկապես՝ Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում եւ այլ բնակավայրերում մարդկանց դեմ արգելված զինատեսակներ են կիրառվում: Սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում:

Արցախի հայությունն առաջին հերթին ենթարկվել է ագրեսիայի՝ Ադրբեջանի կողմից, եւ եթե որեւէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք Ադրբեջանի տարածքում նշելու, հավաստանշելու եւ ոչնչացնելու այն թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:

Հավելեց, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական տարբեր օբյեկտներ՝ վկայակոչելով նաեւ ամերիկյան կողմի ապացույցները արբանյակային լուսանկարներով, որտեղ երեւում է, թե ինչպես են Թուրքիային պատկանող ամերիկյան արտադրության F-16 կործանիչները տեղակայված Ադրբեջանում, ընդ որում դրանք տեղակայված են օգոստոս ամսից:

«Եթե այս օբյեկտներից Ադրբեջանի կողմից իրականացվում է ագրեսիա՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորել եւ ոչնչացնել այդ նշանակետերը: Սա ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որովհետեւ առաջին հերթին Արցախի խաղաղ բնակչությունն է ենթարկվել ագրեսիայի: Եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության, շատ դեպքերում հին խոցման միջոցները թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, խոցում են եւ կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ եւ գերճշգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն:

Ադրբեջանը դրանք օգտագործում է՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը: Հաստատ Շուշիի եկեղեցուն սխալմամբ չէին խփել, ծննդատանը սխալմամբ չէին կպել, սա ուզում եմ հատուկ շեշտել: Եվ այսքանից հետո շատ հաճախ խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, ինչը մեղմ ասած ծիծաղելի է: Թող մտածեն Ադրբեջանում ինչպե՞ս պիտի հադրութցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ համակեցությամբ ապրել Արցախում, որը ուզում են գրավել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կրկին անդրադառնալով գերեվարված ահաբեկչին, որն ասել էր, թե իբր իրենցից շատերը երբեւէ զենք չեն վերցրել, ՊՆ ներկայացուցիչը նշեց. «Անկեղծ ասած ահաբեկչի կողմից զենքը վերցրած չլինելը ծիծաղ է առաջացնում: 200 հոգուն, որ ինքը տեսել է, դա եղել են այն 200 հոգին, որոնց հետ ժամանել է, նման 200-ները ցավոք շատ են, մեր ունեցած հավաստի տվյալներով, որոշ ուղղություններով մարտական գործողությունները վստահված է հենց այս ահաբեկիչներին, որոնք օգտագործվում են որպես կենդանի վահան՝ հայկական զինված ուժերի կրակն իրենց վրա վերցնելու նպատակով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031