«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
«Երեք հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացել։ Ցավոք, դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ Իհարկե, ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։ Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում, հրադադարը պահպանելու համար», – ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Օ՛Բրայանը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդականը նշել է, որ «ադրբեջանական ուժերը գրավել են մի քանի ստրատեգիական բնակավայրեր և տարածքային առաջխաղացումներ ունեն շփման գծի հյուսային և հարավային ուղղություններով, երկու կողմից»: Նա արձանագրել է` ոչ մի նշան չկա, որ Ադրբեջանը ցանկանում է մոտ ապագայում դադարեցնել իր ռազմական հարձակումը։ «Ադրբեջանը օգտագործել է նավթի արդյունահանումից ստացած գումարները՝ ավելի ժամանակակից զինտեխնիկա գնելու համար, և նրանք տեխնիկական և խորհրդատվական աջակցություն են ստանում Թուրքիայից։
Չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահավատ հաղորդումներ, որ Թուրքիան զինյալների է տեղակայել Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից» հակամարտության գոտում», – շեշտել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը։
Կարդացեք նաև