UFC խառը մենամարտերի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը, որը օրերս է հրաժեշտ տվել ակտիվ սպորտին, կրոնական հողի վրա սկանդալային վիրավորանքներ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դա վրովվեցրել է Ռուսաստանի ինչպես մարզաշխարհի, այնպես էլ քաղաքական եւ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների:
Ճանաչված քաղաքական գործիչ, կինոյի եւ հեռուստաաստղ Քսենյա Սոբչակը ի պատասխան հայտարարել է. «Մարդ, որը շատերի, այդ թվում՝ երեխաների, կուռք է, այսպիսի արտահայտություննե՞ր է անում: Տխուր է: Չէ՞ որ ինչ-որ մեկը դա կարող է ընկալել որպես հարձակվելու եւ բռնություն կիրառելու ազդանշան: Խաբիբը պատրա՞ստ է դրա համար պատասխանատվություն ստանձնել»:
Իսկ իր ոչ պակաս սկանդալային մեկնաբանություններով հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը իր թվիթերում գրել է. «Հուսով եմ՝ Խաբիբը կվերադառնա ութանկյուն: Նա մեծ մարզիկ է: Բայց նրան այլեւս չեմ երկրպագելու: Այսօրվանից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ