Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղ. կանխել հումանիտար ճգնաժամը

Հոկտեմբեր 30,2020 23:13

Հոկտեմբերի 29-ին Բունդեսթագի Կանաչներ խմբակցության ԱլԳ երկրների հարցերով խոսնակ, Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանուել Զարացինը (Manuel Sarrazin) խմբակցության անունից հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի և քաղաքացիական հաստատությունների թիրախավորման մասին պատմող զեկույցներն ընթերցելը ծանր է։ Անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել բռնությունը և պատերազմական հանցագործությունների մանրակրկիտ քննություն սկսել։ Հարավկովկասյան վիճելի տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը հարցի լուծման չի հանգեցնի։

Կլինեն նոր տառապանքներ, գաղթ և արտաքսում, ինչը պետք է անհապաղ դադարեցնել։ Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով հետ գրավելու ցանկացած փորձ հանգեցնում է հումանիտար ճգնաժամի, որից պետք է անպայման խուսափել։ Խնդիրը չունի ռազմական լուծում։

Կայուն և տևական խաղաղության հնարավոր է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով։ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և դրանով իսկ ավելին է, քան շաբաթներ շարունակ իր ստանձնած լուռ դիտորդի դերը։ Այն պետք է առավել ներգրավված լինի և բոլոր կողմերից պահանջի զերծ մնալ ուժի կիրառումից։

Մի բան հստակ է. առանց թափանցիկության, տեղում կարիքավորներին օգնության և վստահության ձևավորման միջոցների տարածաշրջանում խաղաղություն հաստատվել չի կարող։ Այդ իսկ պատճառով պետք է պնդել, որ հակամարտող երկու կողմերն էլ համաձայնեն տեղում ԵԱՀԿ ընդարձակ ներկայությամբ հրադադարի վերահսկողության մեխանիզմներին։

Կա լուծում, որը հաշվի կառնի թե՛ Ադրբեջանի արդարացի շահը` միջազգային իրավունքի հիման վրա տարածքային ամբողջականության, թե՛ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը։ Նման լուծմանը և տարածաշրջանում մարդկանց խաղաղ համակեցության հասնելը հնարավոր է․ դա այն դեպքում, եթե տարածաշրջանը չմատնվի ուժի կենտրոններ Անկարայի և Մոսկվայի ցինիկ և ապակայունացնող ֆանտազիաներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031