Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքներում ծնվող երրորդ, չորրորդ երեխաները մեր փրկությունն են լինելու». ժողովրդագրագետ

Հոկտեմբեր 30,2020 20:33

Պատերազմական այս օրերին, երբ ողջ ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացած են ռազմաճակատի վրա, հայ մայրիկները՝ հատկապես ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, իրենց զրույցներում, ինչպես նաև համացանցային հարթակներում քննարկում են՝ ինչպե՞ս կարող են այս իրավիճակում իրենք էլ օգտակար լինել իրենց երկրին:

Անգամ համացանցային խմբերի մեկում նկատեցինք, որ ցանկություն կա մի նախաձեռնությամբ հանդես գալ, որով կոչ կանեն ընտանիքներին ևս մեկ երեխա ունենալ՝ անգամ երրորդը, չորրորդը:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում այս թեմայի մասին  զրուցեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ: Նա ողջունեց ընտանիքների ցանկությունը ունենալ ևս մեկ երեխա, միևնույն ժամանակ կարևորեց սոցիալական խթանների, սոցիալական երաշխիքների տրամադրումը:  Նա հայտնեց՝  հուլիսի 1-ից մեկնարկած ծրագրերը, հիմա պետք է շարունակվեին, այն էլ այսպիսի իրավիճակում հայտնվեցինք: Արտակ Մարկոսյանն այս առիթով նշեց. «Հիմնական շեշտը պետք է լինեին երրորդ, չորորդ երեխաները»:

Ժողովրդագրագետը ևս մեկ գործոն հաշվի առավ՝ մոտակա տարիներին ամուսնական տարիք մտնող երիտասարդների տարիքային կառուցվածքն այնպիսին է, որ տեղի է ունենալու ամուսնացողների թվի կտրուկ անկում: Այնուհետև պարզաբանեց. «Եթե դիտարկում ենք, որ ՀՀ-ում ամուսնության միջին տարիքը մոտ 27 է, նաև մայրանալու միջին տարիքը 27 է, ապա արդեն 1990-ականներին ծնվածները սկսում են մուտք գործել ամուսնական տարիք: Ուստի մոտակա տասը տարում մեզ մոտ տեղի է ունենալու ծնունդների թվաքանակի անկում՝ պայմանավորված ամուսնությունների թվաքանակի նվազմամբ: Բնականաբար, մենք ունեինք հետաձգված ամուսնություններ նախորդ տարիներից. օրինակ՝ 80-ականների երկրորդ կեսից դեռ ռեսուրս ունենք, այսինքն՝ հաշվարկված էր, որ իրենք կամուսնանան այս խթանող միջոցների արդյունքում, կծնվեն երեխաներ: Բայց այնպես է ստացվել, որ մոտակա 10 տարում մեզ սպասվում է ծնունդների թվաքանակի անկում: Այսինքն՝ հիմնական մեխը պետք է լինեն երրորդ, չորրորդ երեխաները: Այդ երեխաների՝ ընտանիքներում չծնվելու պարագայում մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք»:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը զգուշացրեց՝ կա հաշվարկ, որ 2025-2026 թվականներից մեզ մոտ արդեն սպասվում է դեպոպուլյացիա: Այս հարցում իր բացասական դերակատարությունն ունի նաև COVID-19-ը:

Որպես հարցի լուծում ՝ Արտակ Մարկոսյանը կարևորում է 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդների խթանման կոնկրետ ծրագրերի ներդրումը և նշում. «Առանց այդ երեխաների մեր անկումը կարող է ավելի ցավալի լինել: Մենք ավելի շուտ կարող ենք հայտնվել դեպոպուլյացիոն փուլում, քան նախատեսվում էր: Հաջորդ տարի մենք կարող ենք ունենալ բնական աճի կտրուկ անկում, ցավոք, այս տարվա մահերի ավելացման հետևանքով: Եվ պարզ չէ նաև, թե այդ անկումը մյուս տարի կշարունակվի՞, այդ գործընթացը ի՞նչ ընթացք կունենա: Չեմ բացառում, որ նույնիսկ հաջորդ տարի մենք կարող ենք դեպոպուլյացիոն փուլ մտնել»:

Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ այն ընտանիքները, որոնք ունենալու են 3-րդ կամ 4-րդ երեխան լուրջ դերակատարությո՞ւն կարող են ունենալ ժողովրդագրական պատկերի բարելավման հարցում, Արտակ Մարկոսյանն այսպես արձագանքեց.  «Բնականաբար, դա մեր փրկությունն է լինելու: Պետք է ընտանիքներում 3-րդ, 4-րդ երեխաների ծնվելու համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ և′ ցանկանան, և′ այդ երեխան ցանկալի լինի: Այսինքն՝ ֆինանսական փոխհատուցումն այն մակարդակի լինի, որ կարողանան ծնողները հոգալ երեխայի և առաջնային ծախսերը: Մեզ ժողովրդագրական իմաստով ծանր տարիներ են սպասվում: Եթե խնդիրների առջևից չգնանք, դրանց հետևից գնալն ավելի բարդ է լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031