Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ չէ՝ իրենք տեղում՝ Բարդա քաղաքո՞ւմ են տեսել, թե կադրերի հիման վրա են զեկույցը կազմել. Արթուր Սաքունցը Human Rights Watch-ի զեկույցի մասին

Հոկտեմբեր 30,2020 19:35

«Ճիշտ կլինի այդ հարցն ուղղել Human Rights Watch-ի ներկայացուցչին՝ կոնկրետ ինչի՞ հիման վրա են նման եզրակացություն արել: Երբ Human Rights Watch-ն այցելել էր Հայաստան նրանք եկել են իրենց ազատ կամքով, առանց որեւէ հրավերի ու արգելքի՝ տեղում ուսումնասիրություն կատարելու: Նրանք ուսումնասիրություն կատարեցին Ստեփանակերտում արձանագրել են փաստերը, որոնց հիման վրա տարածել են իրենց զեկույցը,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմում կատարած հետաքննության արդյունքների վերաբերյալ Human Rights Watch կազմակերպության զեկույցը:

Միջազգային այս կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ 2020-ի հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա կիրառվել են կասետային զինատեսակներ: Արթուր Սաքունցի խոսքով, իր համար հասկանալի չէ՝ Human Rights Watch-ի ներկայացուցիչներն ի՞նչ մեխանիզմով են հետաքննությունն անցկացրել:

Ըստ նրա՝ «Ադրբեջանական կողմն անգամ պատերազմից առաջ էլ ո՛չ Human Rights Watch-ին ո՛չ էլ այլ իրավապաշտպան կազմակերպություններին թույլ չէր տալիս մտնել Ադրբեջանի տարածք, որովհետեւ Ադրբեջանում շատ մեծ ճնշում կա տեղական իրավապաշտպանների նկատմամբ եւ նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մուտքն ու գործունեությունը Ադրբեջանի տարածքում սահմանափակված է: Որքան ես տեղյակ եմ ԶԼՄ-ներից, Human Rights Watch-ի ներկայացուցիչները  Ադրբեջան այցելել են այդ երկրի կառավարության հրավերով, ինչը լավ չի խոսում այդ ամենի մասին: Երբ կառավարության հրավերով է, ստացվում է՝ որպես անկախ կառույց կասկածի տակ ես դնում քո անառաչությունը, անկողմնակալությունը: Դա շատ կարեւոր է արձանագրել»:

Պարոն Սաքունցն ասաց, որ տեղյակ չէ՝ կազմակերպության մասնագետներն ինչ ուսումնասիրություն են կատարել, հնարավորություն ունեցե՞լ են տեղում գտնվել, թե կադրերի հիման վրա են եզրակացություն կազմել. «Որովհետեւ, դա չպետք է լինի լուսանկարների հիման վրա, այլ՝ տեղում փաստերի, ռմբակոծության հետեւանքների ուսումնասիրության հիման վրա, այսինքն՝ պետք է լինեն փաստական հիմքեր: Ես տեղյակ չեմ այդ փաստական հիմքերը իրենք Բարդա քաղաքո՞ւմ են տեսել, որի մասին զեկույցում նշել են: Դրա համար այս հարցերը պետք է հստակեցվեն: Մենք այս հարցերի շուրջ դեռ հնարավորություն կունենանք իրենցից ճշտումներ անելու, որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ միտում կա երկու կողմերին հավասար հարթության մեջ դիտարկելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031