Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայ համայնքի ներկայացուցիչները մոտ 1000 ավտոմեքենաներով ավտոերթ են անցկացնում՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի։ Շվեդիայում բնակվող մեր հայրենակից Լուսինե Օհանյանն Aravot.am-ին ասաց, որ այս ավտոերթին պատրաստվել են ընդամենը մի քանի ժամում, եղել է առաջարկ՝ բոլորը պատրաստակամություն են հայտնել մասնակցել։
Ավտոերթն ընթանում է ամբողջ Ստոկհոլմով, հայերի մեքենաները Հայաստանի, Արցախի եւ Շվեդիայի թագավորության դրոշներով էին «զարդարված», մեքենաների վրա նաեւ Արցախի հրթիռակոծված բնակավայրերից լուսանկարներն էին փակցված։ Այս միջոցառմամբ, Շվեդիայի հայությունը փորձում է այդ երկրի ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վրա, ինչպես նաեւ կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը։
Լուսինե Օհանյանը պատմեց, որ Շվեդիայի հայ համրանքի ներկայացուցիչները քաղցրավենիք էին պատրաստել ու վաճառել թեյի եւ սուրճ հետ․«Մոտ 65 000 կրոն գումար է հավաքվել, որն ուղարկելու են Հայաստան համահայկական հիմնադրամին»։
Հիշեցնենք, որ Եվրոպական տարբեր քաղաքներում եւ երկրներում՝ Լոնդոնում, Վառնայում, Լյուքսեմբուրգում, Հունաստանում եւ այլ քաղաքներում հայերը բողոքի ցույց են անում՝ ի աջակցություն Արցախի։
Կարդացեք նաև
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմ սկսեց Արցախի դեմ, ռմբակոծելով մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր, ռմբակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը, ինչի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք։ Ադրբեջանին օգնում է Թուրքիան, որը ահաբեկչական խմբավորումներ է տեղափոխել Սիրիայից Ադրբեջան եւ Արցախում՝ մարտի դաշտ։
Պաշտպանության բանակի փաստերով, ադրբեջանական զինված ուժերը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, ինչպես նաեւ «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության ԱԹՍ։ Մոտ մեկ ամիս է պատերազմը շարունակվում է․ Թուրքիան հայտարարել է՝ զորք կուղարկի Ադրբեջանին, եթե Ադրբեջանը դիմի։
Այսօր Արցախում ընթացող պատերազմի 33-րդ օրն է։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ