Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ հետ բերել եմ բելգիացի բազմաթիվ գործընկերների աջակցությունն Արցախի ժողովրդին». բելգիացի պատգամավորը և մի շարք  լրագրողներ Արցախում են

Հոկտեմբեր 30,2020 18:03

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից 30-ը Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանը և մի խումբ բելգիացի լրագրողներ այցելեցին Արցախ: Պատվիրակությանն ուղեկցեցին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը և Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսյանը:

Ժորժ Դալեմանն առաջին եվրոպացի պատգամավորներից է, որ այցելեց Արցախ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո:

Այցի ընթացքում բելգիացի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում Ժորժ Դալեմանը նշեց. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև բելգիացի բազմաթիվ գործընկերների աջակցությունն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանվում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ և Թուրքիայի Էրդողանի ռեժիմը: Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եվրոպան պետք է ամեն ինչ անի հայերի դեմ ջարդերն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու համար»:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա ադրբեջանական հարձակումներն ու ռմբակոծությունները հատկապես ինտենսիվ էին պատվիրակության՝ այնտեղ գտնվելու ընթացքում: Մասնակիցներն ականատես եղան ադրբեջանական բանակի կողմից գործած ռազմական հանցագործությունների պատճառով մարդկային և նյութական վնասին, հատկապես Ստեփանակերտի ծննդադատան վրա անմարդկային և կանխամտածված հրետակոծությունից հետո, որը տեղի ունեցավ պատվիրակության՝ Արցախ ժամանելուց ընդամենը մի քանի ժամ անց:

Պատվիրակությունն այցելեց նաև քաղաքացիական անձանց, որոնք հիվանդանոց էին տեղափոխվել վերջին օրերին Ստեփանակերտում և հարակից շրջաններում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հրետանակոծության արդյունքում:

Ժորժ Դալեմանը նաև հնարավորություն ունեցավ հանիդիպելու ներքին տեղահանված հայ ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր զբաղեցրած գյուղերից են և ներկայումս ապրում են Ստեփանակերում՝ թաքնվելով ապաստարաններում:
Հայաստան վերադառնալու ճանապարհին պատվիրակությունն արձանագրեց ադրբեջանական կողմի հրետակոծությունից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեղուն հասցված նյութական վնասը և Շուշիի մշակույթի կենտրոնի լիակատար ավերումը: Անցնելով Հայաստանի սահմանը՝ պատվիրակությունը հանդիպեց Գորիս քաղաքում ապաստան գտած արցախցի ընտանիքների:

Մեկնաբանելով այցը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Հարութ Շիրինյանը նշեց. «Մենք շնորհակալալ ենք այս պատվիրակության մասնակիցներին, որոնք վճռականորեն որոշեցին պատերազմի ժամանակ Արցախ գալ, որպեսզի բարձրաձայնեն Արցախի բնիկ հայ բնակչությանը սպառնացող օրհասական վտանգի մասին: Այսօր Արցախի հերոսական ժողովուրդը հակահարված է տալիս թուրք սուլթան Էրդողանի պանթուրքական հավակնություններին և Ադրբեջանի բռնապետ Ալիևին: Այս պայմաններում Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու միակ ընդունելի լուծումը Արցախի Հանրապետության ճանաչումն է, որն այլընտրանք չունի»:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031