Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի հակասական մոտեցումը Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 30,2020 22:33

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողություններից ի վեր Հայաստանի և Արցախի հետ անմիջական հարևանության մեջ գտնվող Իրանի Իսլամական հանրապետությունը ուշադրությամբ ու մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական և աշխարհաքաղաքական զարգացումներին։ Հոկտեմբերի 26-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին այցելել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջան:

Իրանի Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ներկայությունը և Իրանի այն հայտարարությունը, որ Թեհրանն անընդունելի է համարում իր սահմաններին ցանկացած տեսակի անապահովություն, նոր հեռանկար է բացում տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական զարգացումների համար:

Արցախում ընթացող թեժ մարտերում Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքից Ադրբեջան բերված թաքֆիրական ահաբեկչական խմբերի և Իսրայելի ԱԹՍ-ների ներգրավումը պատերազմում, խիստ մտահոգել է Իրանի իշխանություններին։ Իրանի հոգևոր իշխանությունները Միջին արևելքի թաքֆիրական ծայրահեղ իսլամական խմբերին, որոնց սուննի դավանանքի ուղղվածությունը հարում է «Իսլամական Եղբայրություն» խմբի խիստ ծայրահեղական գաղափարներին համարում են Իրանի շիա իսլամի դավանանքի անհաշտ թշնամին, իսկ կասկած չկա, որ Իսրայելը անվտանգության մեծ սպառնալիք է Իրանի իսլամական համակարգի դեմ։ Այս բոլորին նաև ավելացել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից վերջերս Միջին Արևելքի տարածաշրջանում հետապնդվող Նոր-օսմանական ծավալապաշտական խիստ վտանգավոր քաղաքականությունը, ինչն ուղղակի հենց սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությունը։

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության առաջին օրերին ադրբեջանական ուժերի առաջխաղացումը դանդաղ էր, իսկ հայկական ուժերը դիմակայեց ռազմի դաշտում, բայց ժամանակի ընթացքում թուրքական բանակի լայնածավալ ներգրավվածությամբ ու ԱԹՍ-ների կիրառմամբ աստիճանաբար հավասարումները փոխվեցին, և Բաքուն կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում առաջ անցնել և ժամանակավորապես վերահսկել հարավային ճակատի ուղղությամբ Իրանի սահմանին մոտ որոշ տարածքներ:

Զգալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի դեմ ուղղված անմիջական վտանգը, ավելի վաղ ԻՀՊԿ մեխանիկական բրիգադը տեղակայվել էր Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ սահմանակից շրջաններում Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ՀՕՊ և ցամաքային ուժերի տեղակայումը վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ներգրավված կողմերից ոմանց և նրանց աջակիցների ծրագրում, ներառված է նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների միտումներ:

Իսկ Իրանն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանում է ո՞ր ագրեսոր ուժի դիմաց։ Քանի որ պատերազմը ընթանում է Իրանի սահմանների հյուսիսային տարածքներում մի կողմից հայկական, իսկ մյուս կողմում թուրքա-ադրբեջանա-իսրայելական եռանկյուն և թաքֆիրական կոալիցիայի ուժերի միջև, դժվար չէ կռահել որ իրանցի հրամանատարների հայտարարության հասցեագրերը ովքեր պետք է լինեն։

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի ողջ սահմանի երկայնքով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի ընթացքում, Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական և Արդաբիլ նահանգներում, որոշ ազգայնական և անջատողական խմբերի ակտիվացումը, որոնք ցույցեր կազմակերպելով ի պաշտպանություն Ադրբեջանի հանրապետության, կարգախոսներ են հնչեցրել Իրանի կենտրոնական իշխանության դեմ, նաև լուրջ մտահոգության առիթ է ստեղծել ԻԻՀ պաշտոնատարների համար։ Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման և արտաքին քաղաքական ճնշումների ու տնտեսական խիստ պատժամիջոցների ծանր պայմաններում, երկրի ադրբեջանախոս բնակչության հավանական անհանգստությունների ծավալումը, որն առաջնորդվում է Թուրքիայի և Իրանի ակնհայտ թշնամի որոշ տարածաշրջանային երկրների կողմից կարող է լուրջ սպառնալիքի վերածվել ԻԻՀ ազգային անվտանգության համար։

Ինչպես Իրանի բարձրաստիճան պաշտոնատարներն են հայտարարել Իրանն իր իսլամական համակարգը և տարածքային ամբողջականությունը թշնամիների ցանկացած սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ չի հապաղի որևէ զենքի կիրառումից և որևէ միջոցի դիմելուց, դա լինի հրթիռային ուժի կիրառում կամ ՀՕՊ-ի օգտագործում Իրանի օդային սահմանները անվտանգ պահելու համար։

Այս կապակցությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը հայտարարել է. «Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանը հատել չի կարող»:

Ինչ վերաբերում է Իրանի երկու հյուսիսային հարևանների՝ քրիստոնյա Հայաստանի և միակ շիական հանրապետության՝ Ադրբեջանի հայկական Լեռնային Ղարաբաղի վերահսկողության վրա ընթացող պատերազմին, Թեհրանն անկասկած իր գեոպոլիտկական շահերից ելնելով նախընտրում է թեկուզ առերևույթ չեզոք մոտեցում մասնակցելու որդեգրել: Առ այսօր Իրանը շարունակում է իր սերտ համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևան և բարեկամ երկիրն, որ ոչ գաղափարական, ոչ ռազմական և ոչ էլ անվտանգության սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար և դա խորը գիտակցում են Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները։ Սակայն չպետք է մոռանալ նաև, որ իշխանության և արտաիշխանական որոշ օղակներում և Իսլամական խորհրդարանի որոշ ադրբեջանախոս պատգամավորներ հստակ ադրբեջանամետ մոտեցումներ են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որն, անկասկած, ազդում է ԻԻՀ կառավարության և ԱԳ նախարարության մոտեցումների և քաղաքական ուղեգծի մշակման վրա:

Իհարկե, Իրանը քաջ գիտակցում է, որ Բաքուն այս պատերազմում իր դաշտային առաջխաղացքը պարտական ​​է Թուրքիայի կառավարության լայն աջակցությանը, և անկասկած, առանց Անկարայի լիակատար օդային և ցամաքային ուժերի աջակցության, Լեռնային Ղա մասնակցելու Ղարաբաղի տարածաշրջանում ադրբեջանական ուժերի աշխատանքը շատ բարդ կլիներ: Իրանի համար ՆԱՏՕ-ի անդամ և Իսրայելի գործընկեր Թուրքիայի օդուժի F-16 ամերիկյան կործանիչների տեղակայումն Ադրբեջանում և դրանց լայն կիրառումն Արցախի պատերազմում անհանդուրժելի է։

Իրանի ԶՈՒ ԳՇ խոսնակ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներում երրորդ երկրի վերաբերյալ միջազգային սկզբունքների խախտելու հետևանքով, Իրանի սահմանային տարածքները հայտնվել են արկերի թիրախում:

Թուրքիայի աջակցությունը Բաքվին պարզապես չի սահմանափակվում օդում և ռազմական տեխնիկա և խորհրդատվական ուժեր ուղարկելուց բացի, Անկարան Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններից և Լիբիայից իր հրամանատարության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումների առնվազն 2000 անդամ է ուղարկել Ղարաբաղի շրջանի հակամարտության գծեր: Սա, անկասկած, խիստ անհանգստացրել է Իրանի ազգային անվտանգության և արտգործնախարարության ավագ պաշտոնատարներին։

Արաքս գետի հյուսիսում ստեղծված կոալիցիան չի սահմանափակվում Բաքվի, Անկարայի և թաքֆիրական ահաբեկչական խմբերով, և Իսրայելը նույնպես հատուկ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Իրանցիների տեսակետից ընդհանուր առմամբ, Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտակայքում գտնվող այս վտանգավոր կոալիցիան բաղկացած է 4 կողմերից:

Այս տեղեկությունները խիստ մտահոգել է Իրանի իսլամական հանրապետության պետական և ռազմական պաշտոնյաներին, որոնք չեն կարող հանդուրժել Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական թաքֆիրական խմբերի տեղաշարժերն երկրի հյուսիս-արևելյան սահմաններում։

Արձագանքելով Լեռնային Ղարաբաղում դեպքերի զարգացմանը և նախազգուշացնելով Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին հոկտեմբերի 27-ին, մտահոգություն հայտնելով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի իսլամական հանրապետության համար»:

Սա ուշագրավ մարտահրավեր է՝ նետված Թուրքիայի Նոր-օսմանական ծավալապաշտական նկրտումների և Ադրբեջանի վտանգավոր աշխարհաքաղաքական և գաղափարական ապակայունացնող խաղերի դեմ։ Ինչպես ասվեց, Իրանն ունի իր անվտանգության ապահովման հստակ կարմիր գծերը և երկրի մերձավոր տարածքներում կայունության և խաղաղության հաստատման, վերահսկման և ազդեցության տարածման հստակ ռազմավարություն։

Հոկտեմբերի 27-ից 29-ը տարածաշրջանի դերակատար երկրներ կատարած այցերի շրջանակում, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է. «Թեհրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»: Չնայած Իրանը լիովին չի լուսաբանել իր պատրաստած նախագծի մանրամասները, սակայն կարելի է ենթադրել, որ այն բովանդակային առումով, անկասկած, մոտ է Իրանի պաշտոնական մոտեցումներին և Ռուսաստանի կողմից առաջարկված լուծումներին։ Ավելին` Իրանը ելնելով իր ներքին և արտաքին մարտահրավերներից մի կողմից փորձում է տարածաշրջանային հարցերում չանհանգստացնել Թուրքիան, որի հետ տնտեսական և ֆինանսական սերտ համագործակցություններ է վարում պատժամիջոցների պայմաններում, իսկ մյուս կողմից Ռուսաստանին համահունչ փորձում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը նսեմացնելով իր և Ռուսաստանի դերակատարությունը բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր Իրանը դեմ է եղել Արևմտյան երկրների միջնորդական առաքելության ու ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների ջանքերին և պատերազմի ներկայիս փուլում փորձում է Սիրիայի հարցով ձևավորված Աստանայի եռակողմ բանակցությունների նման , այսինքն` մի կողմից Ռուսաստան, Թուրքիա և Իրան, իսկ մյուս կողմից Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ 3+2 խմբի ձևաչափով ակտիվ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Սակայն Իրանի առաջարկած նախագծերը և միջնորդական ջանքերը ուղղված են Ադրբեջանական կողմի շահերի և դիրքերի պաշտպանությանը և էական լուծում չեն տալիս խնդրի հիմնական կարգավորմանը, ինչն, անկասկած, կմերժվի հայկական կողմից:

Անկասկած Իրանը շատ լավ է հասկանում Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի դեմ ուղղված վտանգի լրջությունը, որը խաթարում է ոչ միայն բարեկամական Հայաստանի, այլ նաև Իրանի և Ռուսաստանի շահերը կովկասյան տարածաշրջանում։ Ուստի չնայած Հայաստանի կողմից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում կրակի դադարեցման ուղղությամբ տարած ջանքերին և Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ հրադադարի հաստատման պայմանավորվածությունների փորձերին, որոնք երեք անգամ խախտվել են Ադրբեջանի կողմից, այժմ Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնողի դերում հանդես գալով, փորձում է քայլեր ձեռնարկել գոնե ժամանակավորապես հրադադար հաստատել հակամարտության գոտում, ինչը բխում է նաև իր շահերից:

Նման պայմաններում Իրանն զգալով հակամարտության վտանգի լրջությունն իր սահմաններում, իսկ անհասկանալիորեն դեմ լինելով հակամարտության կարգավորման ու հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական դերակատարությանը, իսկ մյուս կողմից Թուրքիայի և թաքֆիրական ահաբեկչական խմբերի անմիջական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ սանձազերծված և շարունակվող պատերազմում, այժմ փորձում է նախ իր անվտանգության շահերից ելնելով, խնդրի կարգավորման ուղղությամբ դիվանագիտական շփումները ակտիվացնել տարածաշրջանային դերակատար ուժերի և պատերազմող կողմերի հետ։

Սա ևս շատ կարևոր ուղերձ է Իրանի արտաքին դիվանագիտական գերատեսչության ավագ պաշտոնատարի կողմից հղված պատերազմը հրահրող կողմերին, որ Իրանը անվտանգության և տնտեսական շահեր ունի տարածաշրջանում, որի պահպանման համար չի կարող մնալ անտարբեր։ Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման և տնտեսական ու քաղաքական ծանր պատժամիջոցների պայմաններում Իրանը ի վիճակի չէ նաև զսպել ագրեսոր՝ Ադրբեջանին և Թուրքիային տարածաշրջանում, հետևաբար հաշտվելով իրավիճակի հետ փորձում է ներքին դժվարությունները հատկապես կապված Իրանի ադրբեջանախոս նահանգների հավանական խառնակությունները զսպելու համար, երկակի դիրքորոշում ընդունել Լեռնային Ղարաբաղի ներկայիս հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և ավելի շատ ադրբեջանամետ ու թուրքամետ հայտարարություններ անելով հանդարտեցնել Իրանի ներքին իրավիճակը Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում:

Իրանը Հայաստանին դիտում է, որպես ԵԱՏՄ անդամ երկրների դարբաս և կարևոր երկիր Իրանի շրջափակումների ազդեցությունը թեթևացնելու համար։ Հետևաբար` Իրանն այժմ փորձում դրական դերակատարություն ունենալ նախ հակամարտության գոտում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում և, անկասկած, անփոփոխ պահպանել Հայաստանի հետ իր սահմանագծի ողջ երկայնքը։

Որպես Իրանի իսլամական հանրապետության հատուկ բանագնաց, Արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունն առաջ տանելու և այդ մասին, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելու համար կատարած այցերը չորս երկրների մայրաքաղաքներ, հաշվի առնելով Իրանի փոխարտգործնախարարի հակասական հայտարարությունները փաստորեն չի կարող որոշակի արդյունքի հանգել:

«Թեհրանի նախագիծը հիմնված է հումանիտար սկզբունքների և հակամարտ կողմերի պահանջների վրա», ասել է Սեյեդ Աբբաս Էրաղչին: Նման արտահայտությունը և մոտեցումն, անկասկած, այն պատասխանը չէ, որին գոնե սպասում է Իրանի բարեկամ Հայաստանը:

Լրագրող և քաղաքական վերլուծաբան՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրան-Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031