Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում էլ դեմ չեն ռուս խաղաղապահներին. Վահրամ Բալայանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Հոկտեմբեր 30,2020 18:00

«Ես կողմ եմ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների մուտքին: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», – այսօր «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շփման գծում խաղաղապահների, ի մասնավորի, ռուս խաղաղապահների տեղակայման մասին վարչապետն առաջին անգամ խոսեց հոկտեմբերի 22-ին, «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում: Այնուհետ տարբեր առիթներով ՀՀ վարչապետը վերահաստատեց իր հայտարարությունը:

Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը կրկնել է իր տեսակետը՝ խաղաղապահների հարցը պետք է լուծվի կողմերի համաձայնությամբ:

Այս եւ այլ հարցերի շուրջ Aravot.am-ը խոսել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանի հետ:

-Պարոն Բալայան, պաշտոնական Երեւանն արդեն որերորդ անգամ է բարձրաձայնում շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Տպավորություն է, որ հայկական կողմն ուղղակի խնդրում է, որ ՌԴ-ն խաղաղապահներ տեղակայի. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

-Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով այս հակամարտության լուծման գործում ՌԴ-ի դերակատարությունը վճռական է լինելու, որովհետեւ այդ երկիրն, ի տարբերություն Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, ավելի մեծ շահեր ունի տարածաշրջանում: Ուստի այս պարագայում, հարցի հանգուցալուծմանը ՌԴ-ի մասնակցությունն անկասկած կարեւոր է: Կարեւոր է նաեւ պատմական տեսանկյունից. ԼՂ-ն կամ Արցախը ժամանակին եղել է ռուսական կայսրության մաս: Այս հանգամանքը ևս կարեւոր է՝ եւ պատմականության տեսանկյունից, եւ այսօր ընթացող քաղաքական գործընթացների մեջ: Նաեւ՝ այս հակամարտությունն այսօր արդեն դուրս է եկել Ադրբեջան-Արցախ-հայ ժողովուրդ շրջանակներից, դարձել է տարածաշրջանային խորը հակամարտություն, որում իր կարողություններով ներգրավված Թուրքիան, ահաբեկչական խմբավորումները բարդացրել են իրավիճակը եւ, չնայած տարբեր երկրներից աջակցող հայտարարություններին, այս պահին Հայաստանը մենակ է մնացել Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկչական խմբավորումներ եռամիասնության դեմ:

Այս պարագայում, իհարկե, ՌԴ-ն, որպես Հայաստանի միակ իրական դաշնակից, իսկապես իր առաքելությունը պետք է ունենա՝ անկախ նրանից, թե ՌԴ-ում ո՞վ է նախագահ, Հայաստանում ո՞վ է ղեկավար: Անկախ ամեն հանգամանքից, ի վերջո, մենք երկու ժողովուրդների անցած 350 տարվա պատմություն ունենք եւ չեմ կարծում, որ այդ էջը պետք է փակված համարել: Ես էլ եմ մտածում, որ իհարկե, այս ծանրությունը, բեռը, մեր ժողովրդի ուսերին է… եւ մենք էլ պետք է այս անարդար աշխարհում մեր դաշնակիցն ունենանք:

-Այսինքն, պաշտոնական Ստեփանակերտում դեմ չե՞ն լինի ռուս խաղաղապահների ներկայությանը:

-ԱՀ նախագահը, եթե հիշում եք, դիմել էր ՌԴ նախագահին: Դիմումն իր մեջ պարունակում է, իմ նշած հանգամանքները եւ հարցին նման ձեւով կարգավորում պիտի տրվի: Ի վերջո, պատերազմը պետք է դադարի, քանի որ օրեցօր խորացող այս պատերազմը մեզնից մեծ ռեսուրսներ է խլում: Խոսքը մարդկային ռեսուրսների մասին է. յուրաքանչյուր կյանքը մեզ համար շատ թանկ է: Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Ամեն մի պատերազմ ի վերջո նաեւ ավարտ է ունենում, անկախ ամեն հանգամանքից՝ նստում են բանակցությունների եւ վերջնական արդյունքի հասնում: Այժմ էլ, կարծում եմ, այդ ճանապարհով պետք է գնանք:

-Երեկ ՌԴ նախագահը փակագծեր բացեց. ասաց՝ պայմանավորվել են սկզբում 5 շրջանների, ապա՝ 2-ի վերադարձի շուրջ: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Բանակցությունների նրբությունների հետ կապված՝ դժվար է որեւէ բան ասել, քանի որ բանակցությունների ընթացքում հազար ու մի հարցեր են քննարկվում: Ուստի, այդ հազար ու մի հարցերի շուրջ բանակցողը միայն կարող է ընթացքից հասկանալ՝ իր դիմացի նստածն ի՞նչ է ուզում: Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ է տրվելու, ի՞նչ է վերցվելու: Մի բան ես հստակ գիտեմ՝ պետք է նստել եւ խոսել:

-Մի հարցազրույցում ասացիք, որ լուծումը պետք է փաթեթային լինի: Հիմա պնդո՞ւմ եք:

-Այո, ես գտնում եմ, որ այդպես պետք է լինի: Ինչ-որ հարցը բաց թողնել՝ նշանակում է արնածոր վերքը բաց թողնել եւ պայմաններ դնել, որպեսզի կրակը նորից բռնկվի: Միանգամից պետք է լուծում ապահովվի: Մեր սերունդը երեսուն տարվա ընթացքում երեք պատերազմ տեսավ, պետք է այնպես անել, որ հաջորդ սերունդը խաղաղ ապրի:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031