Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիայի զոհն է դարձել Ազատան համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Կարեն Պետիկյանը։
Ազատան համայնքն արդեն հինգ նահատակ ունի։
Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը պատմեց, որ Կարենը հոր հետ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, վերադարձավ ու գնաց բանակ՝ ծառայության։
«Զորակոչեցին, մեկ տարի ուշացումով եկավ Ռուսաստանից ու գնաց ծառայության։ Մեր արվեստի դպրոցում էր սովորում՝ պարի խմբի մեջ, էնքան լավ երեխա էր, աչքիս առաջն է»,- սգում էր համայնքապետը։
Կարդացեք նաև
Կարենը 21 տարեկան էր: Նրանք երկու եղբայրներ են, եղբայրը ևս զինծառայության մեջ է, Կարենը նրանից փոքր էր։
Համայնքապետն ասաց, որ հայրն արտագնա աշխատանքի է, մի կերպ են ասել տղայի մահվան բոթը, ճանապարհ է ընկել, գալիս է Հայաստան։
Կարեն Պետիկյանին ևս ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Ազատանի պանթեոնում, որտեղ հուղարկավորված են մյուս հերոսները։
«Եթե ծնողը համաձայնեց՝ նրան էլ կհուղարկավորենք, մեր մյուս չորս հերոսների կողքին»,-ասաց համայնքապետը։
Ազատան համայնքը հրապարակել է հերոսի լուսանկարը՝ գրելով․
«Հերթական բոթը Արցախյան ռազմաճակատից. Կարեն Պետիկյան Վարդանի
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է Ազատան գյուղի բնակիչ, հավերժ հայրենիքի պաշտպան և հերոս Կարեն Պետիկյանը։
Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում մեր զինվորի ընտանիքին։ Հավերժ փառք եւ խոնարհում…»։
Ի դեպ, համայնքի ու Աիդա Հովհաննիսյանի ջանքերով հերոսների դիմանկարներն են արվել, որոնք հանձնվել են ընտանիքներին։
Համայնքն իր ՖԲ էջում տեղադրել է լուսանկարները՝ գրելով․ «Ազատան համայնք» ֆեյսբուքյան էջի և Ազատան համայնքի բնակիչ Աիդա Հովհաննիսյանի ջանքերով Ազատան համայնքի 4 զոհված զինծառայողների դիմանկարները հանձնվեցին զինվորների ընտանիքներին։
Խաղաղություն և տոկունություն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին։
Հավերժ փառք և խոնարհում յուրաքանչյուրին, ով կյանքը զոհեց հանուն երկրի ,հողի և խաղաղության»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ