ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ եւ Լոռու մարզպետարանի աջակցությամբ, Վանաձորում եւս իրականացվում է «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը:
Արդեն 2 շաբաթ է՝ վարչությունում հավաքվում է թղթի թափոն, որից ստացված ողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին». «Նախաձեռնությունը սկսելուց անմիջապես հետո բոլորը սկսեցին արձագանքել: Հիմնարկներ, կազմակերպություններ, նույնիսկ երեխաներն իրենց սիրելի գրքերն են բերում: Բոլորը համախմբված ու միահամուռ կերպով գալիս են: Քանի որ իմացել են, որ թղթի թափոնը կարող է վերածվի գումարի եւ մեր զինվորի ինչ-որ մի հոգսը հոգա, ոգեւորված բերում են»,- ասում է ԱԻՆ ԼՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության կապիտան Սոնիկ Մկրտչյանը:
Թղթի թափոն են բերում ոչ միայն Վանաձորից, այլ մարզի այլ համայնքներից. «Գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, սակայն նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին: Ստվարաթղթերը վերամշակման համար ցածր կարգի են»,- ասում է Սոնիկ Մկրտչյանը:
Վերջին խմբաքանակն ուղարկել են 2 օր առաջ: Ընդհանուր առմամբ ,արդեն 40 տ թուղթ են հանձնել: Իսկ դրա դիմաց ստացած 2 միլիոն դրամն արդեն փոխանցել են հիմնադրամի հաշվեհամարին:
Կարդացեք նաև
Հերթական խմբաքանակը կտեղափոխեն մի քանի օրից, 20 տ հավաքվելու դեպքում: Վարչությունում նշում են, որ գործընթացը լինելու է շարունակական, քանի որ մարդկանց ակտիվությունն ու օգնելու պատրաստակամությունը բավականին մեծ է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ